Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌԱԽՈՍԻ ՎԱՐՁԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ Է

Փետրվար 19,1999 00:00
heraxos

Հեռախոսավարձի (սակագների) բարձրացման եւ րոպեավճարի համակարգի ներդրման առնչությամբ «Առավոտին» իր մեկնաբանությունները ներկայացրեց իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը։

«Եթե շուկա է, գույքիդ ինչ գին ուզես, կարող ես դնել։ Եթե շուկա չէ եւ անկախ «ԱրմենՏելի» հետ ունեցած իր հարաբերություններից պետությունն իր անունից է սակագինը որոշում, ապա գործում է ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածը։ Եթե շուկայում ինչ-որ մեկը շվեդական սառնարաններ է վաճառում, գինը որոշելն իր գործն է։ Կարող է ուզած գնով վաճառել՝ 1 կամ 2 միլիոնով։ Կողքին մրցակիցներ կան։ Նրանք ավելի էժան կվաճառեն։ Փաստորեն, կաշխատի շուկայական մեխանիզմը։

Մյուս կողմից, եթե սակագինը սահմանվում է պետության անունից, ապա հեռախոսավարձը դառնում է պարտադիր վճար։ Այսինքն, պետությունն է ասում, որ պետք է վճարես եւ քաղաքացին պարտավոր է վճարել։ Եթե «ԱրմենՏելն» ասեր վճարիր, ես կանջատեի իմ հեռախոսը, կողքին մեկ ուրիշ «ԱրմենՏել» կսարքեի, որն ավելի էժան վարձ կուզեր։ Հիմա դա հնարավոր չէ՝ մենաշնորհի պայմաններում պետությունն ինքն է հանդես գալիս եւ հեռախոսի սակագինը քաղաքացիներին առաջարկում է որպես պարտադիր վճարում։ Այլապես պետությունը ձեռքերը կլվանար եւ կասեր. «Ի՞նձ ինչ, մասնավոր կազմակերպության հետ գործ ունեք, նրա հետ էլ կարգավորեք ձեր հարաբերությունները»։ Բայց մոնոպոլիայի պարագայում պետությունն է մասնակից։ Ե՛վ սակագինը, ե՛ւ րոպեավճարները շուկայական գին չեն, այլ պետական պարտադիր վճարում։

Սահմանադրության 46 հոդվածը հստակ ձեւակերպել է. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով եւ չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ»։ Այս հոդվածի համաձայն, սակագնի չափը պետք է որոշի օրենսդիր մարմինը։ Այսինքն, կառավարությունն իր նախաձեռնությամբ պետք է գա օրենսդիր մարմին՝ սակագինը սահմանելու»։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728