Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համապատասխանություն անհամապատասխանությանը

Փետրվար 19,1999 00:00
Vladimir Nazaryan

– ՀՀ ՍԴ 1999 թ. որոշումը փաստում է «Հեռահաղորդակցության մասին» օրենքի 24-րդ կետի անհամապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, սակայն այդ փաստաթուղթը տարբեր մեկնաբանությունների է արժանացել։ Պարոն Նազարյան, կարծում եմ, խնդրո առարկայի մեջ հստակություն մտցնելու անհրաժեշտություն կա։

– Նախ ասեմ՝ որոշման ուղնուծուծն այն է, որ «Հեռահաղորդակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության հինգերորդ եւ ութերորդ հոդվածներին։ Սա միարժեք է։ ՍԴ-ն կարող էր բավարարվել հենց այս ձեւակերպմամբ, բայց այդ կառույցն իր պարտքն է համարել որոշակի դատողություններ անել, թե ինչպես է հնարավոր դուրս գալ անհամապատասխանությամբ բնորոշվող այդ վիճակից։ Մասնավորապես առաջարկում է, պարտավորեցման տեսքով, իհարկե՝ ՀՀ Ազգային ժողովն ու կառավարությունն իրենց լիազորությունների շրջանակներում որոշակի ժամկետներում գտնեն օրենսդրական եւ իրավակիրառական այնպիսի լուծումներ, որոնք օրենքի մակարդակով կսահմանեն բնական մենաշնորհ հանդիսացող բոլոր ոլորտների վերաբերյալ պետության քաղաքականությունը, կապահովեն խնդրո առարկա հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ ստանձնած պարտավորություններին եւ միջազգային իրավունքի նորմերին։

Եթե ՍԴ-ն ասում է, որ օրենքի 24-րդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 5-րդ եւ 8-րդ հոդվածի պահանջներին, այդ դեպքում ուղղակի զարմանք է առաջացնում, թե ինչի մասին է խոսքը՝ ի՞նչ պիտի անեն ԱԺ-ն եւ կառավարությունը, որպեսզի օրենքը համապատասխանեցնեն Սահմանադրությանը՝ երբ այն չի համապատասխանում։ Ընդհանրապես, առաջարկվում է կիրառման հնարավորություն չունեցող խնդիր։

Բայց այստեղ ավելի հետաքրքիր մի բան կա։ Այդ առաջարկի ակունքում ընկած է այն, որ հիմք է վերցվում «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 1994 թ. հուլիսի 31-ին։ Այդ օրենքի յոթերորդ կետը հենք է հանդիսացել այդպիսի առաջադրանք տալու, այսինքն՝ անհամապատասխանությունը համապատասխանեցնելու համար։ Թվում է, թե «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի յոթերորդ կետով առաջնորդվելն արդեն իսկ բավական է, որպեսզի մենք կարողանանք ընդհանուր համապատասխանություն ստեղծել անհամապատասխանության մեջ։ Մեջբերում եմ յոթերորդ հոդվածը. «Երաշխիքներ ՀՀ օրենսդրության փոփոխության դեպքում։ ՀՀ օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած, հինգ տարվա ընթացքում օտարերկրյա ներդրողի ցանկությամբ կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը»։

Ասենք՝ ԱրմենՏելը ներդրում է կատարել։ Հիմք ընդունենք այդ կանխավարկածը։ Նա, որպես օտարերկրյա ներդրող, ցանկացել է 15 տարի մենաշնորհ ունենալ։ Հիմա փոխվում է օրենսդրությունը, հանվում է «Հեռահաղորդակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածը եւ թույլ չի տրվում, որ ԱրմենՏելն ունենա մենաշնորհ, քանի որ դա հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ եւ 8-րդ հոդվածների պահանջներին։ Հիմա էլ մեկ ուրիշ միտք է առաջ քաշվում։ Քանի որ փոխվեց օրենսդրությունը, ապա օրենսդրության փոփոխման պահից սկսած, 5 տարվա ընթացքում օտարերկրյա ներդրողի ցանկությամբ կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը։ Աբսուրդ՝ բառիս բուն իմաստով։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ եթե հիմա փոխել ենք օրենսդրությունը, դրան հետադարձ ուժ ենք տալիս։ Մենք հետադարձ ուժ չենք տալիս, առաջընթաց ուժ ենք տալիս։ Մենք ասում ենք, մինչեւ հիմա ինչ եղել՝ եղել է, հասկացանք, բայց սրանից հետո էդ բանը չլինի։ Սրանից հետո, եւ ոչ թե սրանից առաջ։ ՍԴ-ն դրա մասին հարցադրում չի կատարել։

Նշենք նաեւ, որ եթե խոսքը վերաբերում է արտոնություններին, իսկ այստեղ, իրոք, ակնարկ կա արտոնության մասին, որն իրականացվում է ներդրողի ցանկությամբ, ապա դա հակասում է Սահմանադրությանը։ Այն ժամանակ, երբ դեռ ԱՊՀ երկրներում ընդունված չէին միջազգային չափանիշներին համապատասխանող «Քաղաքացիական օրենսգրքերը» եւ գույքային շրջանառության բնագավառում գործում էր գրեթե սովետական օրենսդրություն, իսկ դա քաղաքական բնույթ ունեցող հարց էր, օտարերկրյա ներդրողներին հմայելու, հրապուրելու, ներգրավելու համար ասում էին՝ դուք եկեք մեր երկիր, ձեր կանոններն ասեք, մենք ձեր կանոններով ձեր ներդրումը կապահովենք։ Բայց ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» ընդունումից հետո, որն ամբողջությամբ պաշտպանում է յուրաքանչյուր ներդրողի ու սեփականատիրոջ գույքային իրավունքները, անիմաստ եւ ավելորդ է օտարերկրյա ներդրողին պաշտպանվածության ավելի արտոնյալ պայմաններ տալը։

1994 թվականին ընդունված այդ օրենքը, այս առումով եւս, հակասում է 1995 թ. ընդունված ՀՀ Սահմանադրությանը։

Զրույցը վարեց

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728