Այն ընդգրկել է հասարակության բոլոր շերտերը
1996թ. նախագահական ընտրությունները եւ դրանց հաջորդած իրադարձությունները Հայաստանում սկիզբ դրեցին լուրջ ճգնաժամի, որը մինչ օրս ոչ միայն լուծում չունի, այլեւ խորանում է եւ ընդգրկում հասարակության նորանոր շերտեր: Այն ժամանակ խոհեմության եւ հանդուրժողականության կոչերն անիմաստ ու նույնիսկ վտանգավոր էին. նույնիսկ իրադարձությունների մեջ ներքաշված շարքային քաղաքացին դիրքավորվել էր այս կամ այն ճամբարում: Եվ յուրաքանչյուրին համակել էր ինչ-որ անբացատրելի ատելություն. դա էր միակ շարժիչ ուժը: Եվ այսօր բոլորը, հատկապես շարքային քաղաքացին, քաղում են այդ իրադարձությունների դառը պտուղները:
1996թ. նախագահական ընտրությունները սկիզբ դրեցին իշխանության լուրջ ճգնաժամի: Դրանից մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանի ընտրություններն արդեն նախանշում էին քաղաքական ողջ համակարգի քայքայումը: Սակայն, եթե այն ժամանակ ժողովուրդը, փաստորեն, դիտորդի դերում էր, մեկ տարի անց նրան հաջողվեց ներքաշել քաղաքական համակարգի խաղերի մեջ, դարձնել դրա մասնակիցը: Այլապես համակարգին չէր հաջողվի երկարաձգել իր գոյությունը մինչեւ մեր օրերը, եւ գուցե մենք այսօր կունենայինք առողջ ու գործունյա իշխանություն:
1996թ. սկիզբ առած իշխանության ճգնաժամը 1998թ. հանգուցալուծելու փորձ արվեց. հեռացավ նախկին նախագահը: Նրա ամենամերձավոր զինակիցներն արդեն խոստովանում են, որ նա չէր ընտրվել: Սակայն մեկ տարի առաջ իշխանափոխությունը չլուծեց իշխանության ճգնաժամը. պահպանվել են անկախությունից ի վեր արմատավորված արատավոր երեւույթները թե ներքին, թե արտաքին քաղաքականության ոլորտներում: Քաղաքական համակարգի շարժիչ ուժը կրկին մնում է ատելությունը եւ անհանդուրժողությունը: Իսկ սրա հետեւանքները դժվար չէ գուշակել:
Կարդացեք նաև
Բանն այն է, որ վերջին 10 տարիներին Հայաստանի քաղաքական դերակատարները մնում են նույն մարդիկ եւ նույն ուժերը: 1998թ. իշխանափոխությունը մի դրական կողմ ուներ. պատռվեց համակարգի դիմակը, եւ մարդիկ ինչ-որ չափով ընկալեցին նրա էությունը: Վերջին «բացահայտումները» խորհրդարանում, մամուլով, որոնք վերաբերում են սեփականաշնորհման գործընթացին, ներքաղաքական զարգացումներին եւ այլ հրատապ խնդիրների, ցույց են տալիս, որ այդ դիմակը պատռվել է եւ հնարավոր չէ արդեն թաքցնել զանգվածներից: Իսկ դրանցից պարզվում է մի հասարակ բան. քաղաքական համակարգի բոլոր դերակատարները՝ լինեն իշխանություն թե ընդդիմություն, իրար հետ կապված են եղել եւ կապված են «աներեւույթ» թելերով՝ տնտեսության վերաբաժանում եւ հսկողություն, կասկածելի գործարքներ եւ այլն: Հասարակությունը դեռ ականատես է լինելու, թե ինչպես է փոխադարձ մերկացումների այս ձնագունդը ահագնանում. քաղաքական համակարգը չունի կանգ առնելու բարոյականությունը: Եվ պարզվելու է, որ ժողովրդի ամենաջերմ պաշտպանը սովորական կաշառակեր է, որ կարկառուն գործիչը պարզապես գործակալ է, որ վարկերը ոչ թե 1-2 հոգի են կերել, այլ բոլորը միասին, եւ այլն: Եվ այս պայմաններում դժվար է սպասել, թե ներկայիս ճգնաժամային իրավիճակը կհանգուցալուծվի խաղաղ մեթոդներով: Ինչ-որ մեկն արդեն խախտել է համակարգի խաղի կանոնները:
Հանրապետությունում վերջին ժամանակների շիկացած մթնոլորտը լիցքաթափվում է աղմկոտ սպանություններով: Ըստ երեւույթին, դա երկար է շարունակվելու: Քաղաքական համակարգը՝ իշխանություն-ընդդիմություն ամբողջության մեջ, ի վիճակի չէ ելք գտնել: Դրա փոխարեն, ներքին պայթյունը հետաձգելու նպատակով, գործի են դրվել ամենաարգահատելի մեթոդները՝ փոխադարձ մերկացումներ, կուսակցությունների պառակտումներ, ղարաբաղցի-հայաստանցի հակադրումներ եւ այլն: Այս ամենը հանրությանն է մատուցվում որպես քաղաքականություն, այսինքն փորձ է արվում նրան կրկին ներքաշել խաղերի մեջ, եւ պետք է ասել՝ հաջողվում է: Օրինակ, ավանդական կուսակցություններից ՌԱԿ-ի եւ Հնչակների վերջին պառակտումները, որոնք մատուցվում են որպես գաղափարական ինչ-ինչ հակասությունների արդյունք: Այնինչ՝ հակասությունները բավականին պարզ պատճառ ունեն. պետությունից կամ ինչ-որ տեղից փող է ստացվել, եւ այդ փողերը ներսում չեն կարողանում կիսել: Նույն կամ նույնատիպ պատճառներ փնտրեք մյուս դեպքերում էլ, եւ չեք սխալվի:
Քաղաքական համակարգի ճգնաժամին, որ ենթադրում է նաեւ իշխանության, հասարակական եւ տնտեսական ճգնաժամը, փորձ է արվելու արհեստական մեթոդներով ժամանակավոր լուծումներ գտնել: Ներկա քաղաքական ուժերը չեն կարող իրար հետ համաձայնության հասնել, ինչը առաջարկում էր պաշտպանության նախարարը Հանրապետական կուսակցության համագումարում: Ներկա լարվածությունը ապագա խորհրդարանական ընտրություններով պատճառաբանելը ինքնախաբկանք է, որովհետեւ ընտրությունները չեն լուծելու հասարակական համաձայնության խնդիրը: Նախագահական նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ ներկայում ընդդիմադիր բոլոր գործիչներն ու կուսակցությունները միասին չունեն ժողովրդի վստահության 1 տոկոսը: Նույնքան վստահություն ունեն իշխանությանը մոտ կանգնած ուժերը (չհաշված սոցիոլոգիական հարցումների տվյալները): Այսինքն, նույնիսկ եթե նրանք ինչ-որ բան պայմանավորվեն ապագա պառլամենտի ձեւավորման շուրջ, միեւնույն է, հասարակական համաձայնությունը 2 տոկոս վստահության քվեի պայմաններում չի կարող կայանալ: Մանավանդ այն ուժերի միջեւ, որոնք կազմում են վերոհիշյալ քաղաքական համակարգը՝ «մաքուր ձեռքերից» մինչեւ համաշխարհային առաքելություն եւ հեղափոխություն:
Ակնհայտ է, որ այլ լուծումներ են անհրաժեշտ, որոնք դուրս են համակարգի խաղի տրամաբանությունից ու մեթոդներից:
ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ