Արտահերթ նիստ հրավիրելու համար երեկ այդպես էլ պատգամավորների անհրաժեշտ քանակ չապահովվեց եւ առայժմ առկախ են ե՛ւ նախագահի պաշտոնանկության հարցը նախապատրաստող, ե՛ւ կոնյակի գործարանի, «Արմենիա» եւ «Անի» հյուրանոցների, «Հայկական ավիաուղիների» սեփականաշնորհման ու գործունեության ուսումնասիրող հանձնաժողովների ստեղծման հարցերը։ Փոխարենն այս եւ խորհրդարանական վերջին բուռն իրադարձությունները խմբերն ու խմբակցությունները ճեպազրույցներում մեկնաբանեցին։
Ասպետների կյանքից
Հայկոմկուսի կենտկոմի քարտուղար Գագիկ Թադեւոսյանի գնահատականով, «Հանրապետություն» խմբակցությունը փետրվարի 17-ին չմասնակցելով Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու քվեարկությանը՝ «պատմական փաստ արձանագրեց՝ 102 «կողմ», 0 «դեմ»։ Փորձված աղվեսը երկու ոտքով է թալակն ընկնում։ Գոնե 58 «դեմ» լիներ»։
«Մեր սկզբունքների մեջ չի ընկածին խփելը,- հայտարարեց Գագիկ Թադեւոսյանը։- ՀՀՇ-ն իր հոգեվարքն ապրեց՝ վերջնականապես օգտագործելով իր ավանդական զենքի ամբողջ արսենալը, դեմագոգիան, շանտաժը»։
Կարդացեք նաև
Ընկածին չխփելու վեհանձն դիրքորոշման եւս մի դրսեւորում որպես՝ այլեւայլ «մեղմ» արտահայտություններ էլ հնչեցին. «Պիտի արժանին մատուցվի՝ տեսա՞ք, ի՜նչ կազմակերպված, ինչքա՜ն դերերը բաժանված, ինչքա՜ն լավ ելույթներ էին ունենում։ Բայց գտնում եմ, որ ոչ մի ելույթ բարոյական չէր իր էությամբ»։
Տեղն է հիշել «ոչ բարոյական» ելույթներից մեկը՝ Ավետ Գրիգորյանը խոսեց առկա վիճակի մասին, երբ այժմ «ընդդիմություն են խաղում՝ հայհոյելով նախկին իշխանություններին»։ Կոմկուսը դեմ է պաշտոնազրկման վերաբերյալ նախաձեռնությանը, եւ պրն Թադեւոսյանը բառացիորեն կրկնեց այս առնչությամբ «Երկրապահի» ղեկավարի խոսքերը. «Պետք չի հանրապետությունում լարվածություն մտցնել»։
Գագիկ Թադեւոսյանի ասպետական հարվածները ոչ միայն, իր ասելով, «ընկածին» ուղղվեցին, այլեւ կանանց։ Վերհիշեց Շողեր Մաթեւոսյանի հայտարարությունը դատախազի միջնորդությանը «կողմ» քվեարկած «56 անդեմ մարդկանց եւ ապագա զոհերի» մասին. «Հիմա մենք չհասկացանք՝ դա ի՞նչ հաթաթա էր, ի՞նչ էր նշանակում։ Եղբայր (այդպես էլ ասաց- Ա. Ի.), դու կարող ես անձնական նվիրվածություն ունենալ Վանոյի նկատմամբ, քեզ շատ լավ բաներ է արել, բայց դա ի՞նչ կապ ունի մարդասպանությունը բացահայտելու հետ»։
Ինքը՝ Գագիկ Թադեւոսյանը նաեւ այնպիսի բացահայտումներ էր արել, որոնց մասին իրավապահ մարմիններն անգամ ծպտուն չեն հանել. «Մեր տրամաբանությունն ասում է, որ Հենրիկ Խաչատրյանին էլ սպանեց էն խումբը, որն ուզում է թաքցնի Վանո Սիրադեղյանի մարդասպանությունները, որովհետեւ Հենրիկ Խաչատրյանն ասեց, որ մտնելու է էն նույն միջնորդությամբ՝ ինչ-որ պիտի մտներ Աղվան Հովսեփյանը։ Տրամաբանական կապ կա՞, թե՞ ոչ»։ Այս հարցին կպատասխանենք «Երկրապահ» խմբի ղեկավարի համահունչ մեղադրական դատողությունները ներկայացնելուց հետո։
ԱԺՄ-ի կյանքից
Շավարշ Քոչարյանը պաշտոնազրկման նախաձեռնությունը «ռեւանշի փորձ» անվանեց։
Ուշագրավ եւս մի հայտարարություն էր, որ ԱԺՄ-ին չի անհանգստացնում աջ գաղափարախոսության նահանջը, քանզի «նահանջում է այլասերված, գռեհիկ աջը (…)։ Եվ դա գաղափարախոսություն չի»։
Ի դեպ, Շավարշ Քոչարյանը հաստատեց, որ իրենք իրոք փետրվարի 12-ին իշխանափոխություն կամ, իր ձեւակերպմամբ՝ «արդարադատության վերականգնում» էին նախապատրաստում, որն ավելի վաղ չէր կայացել միայն այն պատճառով, որ «Դաշինքն արդեն վճռական չէր»։
Քրիստոնեավարների կյանքից
Ինքնորոշում միավորման փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանը հայտնեց, որ իրենց խմբակցությունն արդեն պատրաստել է Ընտրական օրենսգրքի խնդրով ՍԴ-ին դիմելու հայցադիմումը եւ սկսում են ստորագրություններ հավաքել։
Դավիթ Շահնազարյանի նախաձեռնության վերաբերյալ ասվեց, թե պաշտոնանկության հարցը նախապատրաստող հանձնաժողովի ստեղծման հիմքերը ներկայացված չէին։
«Առավոտի» այն հարցին ի պատասխան, թե արդյոք գլխավոր դատախազի նույն միջնորդությունն այս անգամ բավարարեցին, քանի որ պատգամավորները վախեցան կորցնել իրենց մանդատը, Ներսես Զեյնալվանդյանն ասաց. «Եթե այդ նկատառումով են քվեարկել՝ ուղղակի ցավում եմ» եւ այս ԱԺ-ից «սպասելի» համարեց նման շարժառիթները։
Երկրապահների կյանքից
Հայտնի է, որ «Երկրապահը» չի միանալու Դավիթ Շահնազարյանի նախաձեռնությանը։ Առնվազն անսպասելի կլիներ այլ դիրքորոշումը։
Այնուամենայնիվ մի խնդիր կա, որի առնչությամբ իշխանության կուսակցությունը կարող է եւ հրապարակում հայտնվել. «Եթե փորձեր արվեն ինչ-որ ձեւով քողարկելու Արծրուն Մարգարյանի սպանության իրական դրդապատճառները եւ այն կատարողներին՝ մենք մեր բողոքի ձայնն անպայման բարձրացնելու ենք՝ ցանկացած ձեւով, լինի դա քաղաքական հայտարարություն, լինի դա անգամ հանրահավաք։ Ձեւերը կգտնենք՝ արտահայտելու մեր դժգոհությունն իրավապահ մարմինների գործունեությունից»,- ասաց Ալբերտ Բազեյանը։ Հարցական է մնում, թե ինչպես են որոշելու իրական դրդապատճառներն ու կատարողներին։
Վանո Սիրադեղյանի հարցում «Երկրապահի» ղեկավարի հետաքննչական տաղանդը գերազանցեց բոլոր սպասելիքները. «Պատգամավորական խումբը համոզված է, որ Վանո Սիրադեղյանի դեմ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում, Վանո Սիրադեղյանն իրականում մեղքեր գործել է»։ «Առավոտը» հիշեցրեց, որ նախորդ ճեպազրույցում ինքը՝ Ալբերտ Բազեյանը ոչ լիարժեքորեն հիմնավորված համարեց դատախազի միջնորդությունը։ Այս անգամ նկարագրողական մասում ոչինչ չէր փոխվել. այդ ինչպե՞ս հանկարծ մեղադրանքները հիմնավոր դարձան։ Այս հարցին, ըստ էության, պատասխան չհետեւեց։ Ինչպես միշտ, Ալբերտ Բազեյանը հանգամանալից խնդրի նախապատմությունը ներկայացրեց։ Բայց նաեւ իր սխալն ուղղեց. «Կողմ քվեարկեցինք, որպեսզի դատարանում պարզվի Վանո Սիրադեղյանի անմեղությունը կամ մեղավորությունը»։
Սա ամենակարեւոր խնդիրներից է, որ նախորդ շրջանում կար ՀՅԴ-ի վերաբերյալ եւ այժմ էլ պատմությունը կրկնվում է՝ «բա որ դուք անո՞ւմ էիք» պատճառաբանությամբ։ Հասկանալի է, որ Հայաստանն իրավական պետություն չի դարձել, բայց կարելի՞ է այդ ուղղությամբ գոնե մեկ քայլ անել եւ որեւէ մեկի մեղավորության մասին չպնդել՝ մինչեւ դա դատարանի վճռով հաստատվի։
Բարեփոխիչների կյանքից
«Բարեփոխումների» ղեկավար Արմեն Մարտիրոսյանի խոսքն էլ էր կառավարության գործունեությունից որոշակի դժգոհության կնիքը կրում։ Ասենք, նման արտահայտություն հնչեց. «Վարչապետը Չարենցավանի ինչ-որ ձեռնարկություն է այցելում եւ հայտարարում, թե այստեղ 30 աշխատատեղ պիտի ստեղծենք։ Բայց նման այցելություններով չէ, որ պիտի զբաղվածության խնդիրը լուծվի»։
Փոխարենը պրն Մարտիրոսյանը կարծես վատ չէ հանրապետության նախագահի հետ՝ ստեպ-ստեպ հանդիպում է նրան եւ լիքը հետաքրքիր բաներ պատմեց լրագրողներին։
Այսպես, «Human Rights Watch»-ի զեկույցի առնչությամբ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարական է տվել՝ նշված բոլոր փաստերը մեկ առ մեկ ուսումնասիրել եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։ Հռետորական դարձավ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցուհու այս հարցը. «Human Rights Watch»-ի զեկույցում դիտողություններ կան նաեւ 1998-ի ընտրությունների վերաբերյալ։ Դրանց վերաբերյալ ո՞ւմ պիտի հանձնարարական տա»։
Նախագահի պաշտոնազրկման նախաձեռնությանը «Բարեփոխումների» գնահատականը բացասական էր։ Նպատակը համարվեց նախագահի դիրքերի թուլացումը, որն էլ պայմանավորվեց արտաքին ուժերի շահագրգռություններով։
Ի դեպ, Արմեն Մարտիրոսյանի հայտարարություններից դատելով՝ Ռոբերտ Քոչարյանը նրան հնարավորություն է տվել ուսումնասիրել Մինսկի խմբի ե՛ւ ներկա, ե՛ւ նախորդ առաջարկների փաթեթը, որոնք, կարծեմ թե, դեռեւս խորհրդապահական բնույթ պիտի ունենային։ «Որ այդ փաստաթղթերը տեսա՝ եկա Սահակյան Արայիկին ասացի էս փաստաթուղթը ձեր փաստաթղթից լավն ա։ Եվ ասացի՝ ձեր ամբիցիաները մի կողմ դրեք»։
Մի խոսքով. «Էս փաստաթուղթն էն փաստաթղթից լավն ա։ Չե՞ս հավատում, Արմեն Մարտիրոսյանին հարցրա»։
Հայրենիքի կյանքից
Սոս Գիմիշյանին առավել անհամբերությամբ սպասում էինք պարզելու համար, թե արդյոք «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Գրիգորյան Գրիգորը լքել է «Հայրենիքը»՝ խումբը կանգնեցնելով լուծարման շեմին։ Տեղեկությունը հաստատվեց։ Ընդ որում, Սոս Գիմիշյանը տեղյակ չէր, թե Գրիգորյանն ինչո՞ւ էր այդ քայլին դիմել. «Բացատրություններ չենք պահանջել։ Բայց, իհարկե, մենք հասկանում ենք, որ դա չի կարող ճնշման հետեւանք չլինել»։ «Արմենիա» բժշկական կենտրոնը 2 տարվա ընթացքում 420 մլն դրամ պակաս էր ստացել պետբյուջեով նախատեսված գումարներից. «Կարծում եմ, որ Գրիգորյան Գրիգորը վճիռ է կայացրել՝ ելնելով այդ հանգամանքներից, հիվանդանոցի, աշխատակազմի եւ իր մասնագիտական շահերից ելնելով»։
Այնուամենայնիվ, «Հայրենիքը» չի լուծարվի, քանի որ շատերն են հայտեր ներկայացրել. «Խնդիրը միայն գաղափարական մոտեցումներով մեզ հոգեհարազատ եւ քվեարկություններով չվարկաբեկված մեկին գտնելն է»։ Վերջին խնդիրը գոնե մեզ անլուծելի է թվում։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ