Պետական կառավարման մարմինների կենտրոնական ապարատի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով այս տարվա բյուջեով ծրագրավորված է աշխատավարձի 20 տոկոս բարձրացում։
Ենթադրվում է, որ աշխատավարձի որոշակի բարձրացումը անհրաժեշտ է հատկապես վերահսկողություն իրականացնող մարմինների աշխատողներին։ Մասնավորապես՝ ՀՀ հարկային տեսչության, մաքսային վարչության եւ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատողների ժրաջանությունը տեղը պահելու համար։ Տվյալ դեպքում տրամաբանությունը, թե յուրաքանչյուր հիմնարկ ամեն դեպքում ինչ-որ բան վերահսկում է (ասենք՝ մշակույթի նախարարությունը՝ մշակութային արժեքներ, կրթության ոլորտի հիմնարկները՝ աշակերտների կամ ուսանողների գիտելիքները եւ այլն), չի գործում բյուջեում։ Փոխարենը գործում է «մեղր վաճառողը իր մատը լիզում է» մեթոդը։
Վերջերս «Առավոտն» իր զարմանքն էր հայտնել առ այն, որ այս տարվա բյուջեով 250 միլիոն դրամ է հատկացվում ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին՝ որպես խրախուսանք։ Նախարար Էդվարդ Սանդոյանից փորձեցի հասկանալ, թե, առհասարակ, ինչ սկզբունքով են ընտրվում խրախուսման ենթակա գերատեսչությունները։ Պրն Սանդոյանը նախ փորձեց մեղմել իմ տգիտությունը՝ «խրախուսանքը» վատ բառ է, մի՛ գործածիր։ Ասա՝ «խրախուսում», «խրախուսել»։ Ապա Էդվարդ Սանդոյանն անցավ մասնագիտական բացատրության.
-Մարդկանց ինչո՞ւ են խրախուսում։ Որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն լավ աշխատել։ Իսկ թե ինչո՞ւ՝ մեր նախարարությունը… Որովհետեւ ֆինանսների նախարարությունն է կոչված պետության բոլոր ֆինանսների նկատմամբ վերահսկողություն իրականացնել։ Որպեսզի պետության փողերն արդյունավետ օգտագործվեն։ Բյուջեով խրախուսում է նախատեսված նաեւ հարկային տեսչության եւ մաքսային վարչության աշխատակիցների համար՝ համապատասխան ձեւերով։
Կարդացեք նաև
Մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ հարկայինի եւ մաքսայինի աշխատակիցները ինքնախրախուսման բազմաթիվ մեթոդներ եւ հնարներ գիտեն։ Իսկ եթե ասվում է երկրի ֆինանսական վերահսկողության ողջ պատասխանատվության մասին, ապա նույն հաջողությամբ մի 250 միլիոնի խրախուսման (կամ հենց՝ խրախուսանքի) պիտի արժանանային նաեւ Կենտրոնական բանկի աշխատակիցները։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ