Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՅՐԻԿՅԱՆՆ Է ԵՐԳՈՒՄ

Փետրվար 19,1999 00:00
Paruyr Hayrikyan

Ազատության օրվան՝ փետրվարի 18-ին նվիրված ամբողջ բեռն ու հոգսը ԻՄ դիվանը եւ ԻՄ անդամները վերցրել էին իրենց ուսերին։ Երեկ առավոտյան 22-25 ավտոմեքենաներից կազմված շարասյունն ուղեւորվեց Գառնիի տաճար, այցելեց Գառնիում գտնվող փետրվարյան նահատակների գերեզմանին, իսկ օրվա երկրորդ կեսին Ազատության հրապարակում արդեն թնդում էր Պարույր Հայրիկյանի խրոխտ երգը. «Դե, եկեք, եղբայրներ, մենք միանանք»։

Եղբայրներն իհարկե միացան, սակայն նրանցից մի քանիսը (նախկին խորհրդային բանվորներ եւ գյուղացիներ, այժմ՝ անկախ գործազուրկներ եւ կախյալ հուսահատներ) ժամանակ առ ժամանակ չարություն էին անում եւ խանգարում ծրագրված արարողությունը։ Ի պատիվ հռետորներ Վլ. Գրիգորյանի, Ս. Խանզադյանի, Ն. Զեյնալվանդյանի՝ հարկ է նշել, որ պրովոկացիոն ոտնձգությունները հաշվի առնող չեղավ։ Երբեմն գործին ստիպված միջամտում էին ոստիկանները։ Մասնակիցներն առավել կազմակերպված դարձան, երբ նրանց փոքրիկ օրացույցներ բաժանվեցին. «Յա՜, օրացույց եք բաժանում ի՞նչ անեմ, մի երկու կոպեկ փող տայիք»։

Անձրեւ, անձրեւ մի արի, մենք գնում ենք միտինգի

Սակայն անձրեւը ոչ մի խորհուրդ չլսեց ու եկավ, Հայրիկյանն էլ եղանակին բոլորովին բանի տեղ չդրեց եւ նշեց Ազատության օրը։ Թեպետ շեշտվեց, որ «օրվա կիրառական նշանակությունն այն է, որ մենք որպես ժողովուրդ չենք հասել այն վիճակին, որին ձգտել ենք», սակայն անզեն աչքով նույնիսկ տեսանելի էր, որ ԻՄ-ն առիթն օգտագործեց նախընտրական քարոզչության համար։ Անձրեւը տարօրինակ ազդեցություն ունեցավ ներկաների վրա։ Մի մարդ խիստ վրդովվեց, որ «բոլշեւիկների սարքած պլաշադկայում (հրապարակ- Մ. Ե.) եք ճառ ասում, ձեր սարքածը չտեսանք», մեկն էլ խիստ դժգոհ էր, որ միկրոֆոնը դարձյալ նրանց ձեռքին է. «Դուք ասում եք, դուք էլ ծափ եք տալիս, բոլորդ էլ Լեւոնի մարդն եք»։ Թե ի՞նչ նկատի ուներ «Լեւոնի մարդ» ասելով, դժվարանում եմ մեկնաբանել։

Հայրիկյանը բացատրում է ժողովրդին իր իսկ վիճակը

«Պետականության վերականգնումից յոթ տարի անց ժողովուրդն այնպիսի վիճակում է ապրում, որին իրականում արժանի չէ։ Ես միայն սոցիալական խնդիրները նկատի չունեմ։ Ես խոսում եմ նախեւառաջ քաղաքական խնդիրների մասին։ … Բայց ես ծիծաղելի, նույնիսկ ամոթալի եմ համարում, երբ մեկը կանգնում եւ դիմացինին ասում է. «Դու գիտե՞ս, դու սոված ես, դու քաղցած ես։ Եղբայր, դու նրան պիտի ասես՝ քեզ ինչո՞վ կարող եմ օգնել կամ մի կտոր հաց տաս, եթե պետք է»։ Հայրիկյանն այսպես ասաց, բայց ինքն էլ ոչ մեկին ոչ մի կտոր հաց չբաժանեց։

Հայրիկյանը ժողովրդին բացատրում է իր վիճակը. «Եթե մենք հաց ու երշիկ տանք կամ խոստանանք, թե պիտի տանք, պետք է հաշիվ տանք, թե որտեղի՞ց ենք տալու։ … Ուրեմն դո՛ւ, քաղաքական գործիչ, ընդամենը պետք է բարելավես պետական համակարգը»։ Իսկ քաղաքական լուծումներ ասելով Հայրիկյանը նկատի ուներ, որ «աշխարհում ոչ ոք չի կասկածում, որ ԻՄ-ն առաջիկա ԱԺ-ում նույնպես պետք է ունենա իր արժանավոր տեղը՝ որպես խմբակցություն»։ Ըստ Պարույր Հայրիկյանի, ԻՄ-ն այսօր «առաջին տեղում է կամ չորրորդ տեղում», այսինքն՝ 1-4-րդ տեղում։ Մի հարց կա, որը Հայրիկյանի թշնամիները («մենք թշնամի չունենք, դրանք ժամանակավորապես մոլորվածներ են»), նույնիսկ ընդունում են, որ նրանք «կենսական ուղեբեռ ունեն»։

Պարույր Հայրիկյանը նոր մարտավարությամբ հանդես եկավ, հայտարարելով, թե իրենք պատրաստ են նույնիսկ կառավարություն ձեւավորել, սակայն «երբեք չսահմանազատվելով մեր մյուս քաղաքական կուսակցություններից»։

Իսկ Հայրիկյանի թշնամին որեւէ մեկը չի, «բացի մի երկու խելագարներից»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728