Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՆ ԻՆՔՆԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 19,1999 00:00
Texekagir

Լույս է ընծայվել ՀՀ «Պաշտոնական տեղեկագրի» 2-րդ (68) համարը, 18 փետրվար թվագրությամբ, որով ընտրական օրենսգիրքը օրենքի ուժ է ստացել։ Այս առիթով ասելու խոսք ունեցան ԱԺ մի խումբ պատգամավորներ։

Արամ Մկրտչյան (ԱԺ մշակույթի, գիտության, կրթության եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ).

– Ասեմ, որ առաջին իսկ հայացքից, ընտրական օրենսգիրքը նույնիսկ թռուցիկ աչքի անցկացնելով, ակնհայտ երեւում է, որ այդ փաստաթղթում տեղ են գտել դրույթներ, որոնք խորհրդարանը չի քվեարկել։ Այսինքն՝ տեղի է ունեցել օրենքի պահանջների կոպտագույն խախտում, եւ եթե դրա մասին այսօր չհայտարարվի, ապա դրա պատասխանատուն պետք է խստագույնս պատժվի։

– Ինչպե՞ս է դա պատահել եւ ո՞ր դրույթների մասին է խոսքը։

– Չեմ կարող ասել, թե դա ինչպես է պատահել, բայց, համենայնդեպս, ասեմ, որ քվեարկության ժամանակ չկար այն դրույթը, թե օրենսգիրքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Դա փաստաթղթի ամենավերջում է։ Այդ կետն ավելացվել է՝ ո՞ւմ կողմից, չեմ կարող ասել։ Եթե այդ դրույթը տեղ չգտներ ընտրական օրենսգրքում, եւ տպագրվեր այնպես, ինչպես ԱԺ-ն է քվեարկել, ապա դա կնշանակեր, որ օրենսգիրքը ուժի մեջ է մտնում «Պաշտոնական տեղեկագրի» հրապարակումից 10 օր հետո միայն։ Ավելացված դրույթը օրենսգրքին այդ ուժը տվել է փետրվարի 18-ից։ ԱԺ-ում այդպիսի դրույթ պարզապես չի քվեարկվել։

Վարդան Պողոսյան (ԱԺՄ խմբակցության գլխավոր մասնագետ).

– Ընտրական օրենսգրքի երրորդ ընթերցումից հետո հանրապետության նախագահը կամ պետք է ստորագրեր ընտրական օրենսգիրքը, կամ էլ վետո դներ եւ իր առարկություններով ուղարկեր պառլամենտ։ Իրականությունն այն է, որ նախագահը վետո չի դրել։ Դրանով հանդերձ, երրորդ ընթերցմամբ խորհրդարանում հավանության արժանացած տեքստում կատարվել է իմաստային փոփոխություն։ Այսինքն՝ ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի մի կետում, եթե չեմ սխալվում դա 23-րդ կետն է, որը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները, մի նոր նախադասություն է ավելացել։ Այն նոր լիազորություններով է օժտում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Ըստ այդ կետի, արտահերթ ընտրությունների նշանակման ժամկետը կարող է սահմանել կամ սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (23-րդ կետում գրված է՝ «ԿԸՀ-ն … նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններ, սահմանում լրացուցիչ եւ արտահերթ ընտրությունների ժամկետները- Ա. Զ.)։ Այդ փոփոխությունը կա, ինչն անընդունելի է, որովհետեւ խորհրդարանը չի քվեարկել դրա օգտին։

Արա Սահակյան (ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» խմբակցություն).

– Ընտրական օրենսգիրքը հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց եւ հրապարակվելուց հետո քաղաքական իրադարձությունների արագացում է տեղի ունենալու։ Ոչ ոք չի բացառում, որ գործադիր իշխանության տարբեր ճյուղերը կհայտարարեն՝ անգամ բաց, եւ կիրագործեն ընտրությունների նախապատրաստման, անցկացման, եւ դրա արդյունքների վրա ներգործելու՝ իրենց ծրագրերի մասին։ Այդ պարագայում դիտարկելի է դառնում, որ այս հարցում կա անհավասարակշռություն առաջացրած մի նժար։

Ես նորից եմ հարկ համարում անդրադառնալ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության միացյալ նախարարության հանգամանքին։ Կարծում եմ, որ այդ գերհզոր կառույցի հրապարակային եւ ոչ հրապարակային ազդեցությունը խորհրդարանական ընտրությունների վրա պարունակում է ցնցումների եւ վտանգավոր զարգացումների մի սցենարի հնարավորություն։ Դրանից խուսափելու համար, կարծում եմ, հանրապետության նախագահը պետք է անդրադառնա կառավարության կառուցվածքի այդ հատվածում փոփոխություններ կատարելու խնդրին։

Այս հարցերի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակի հեղինակ, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանից, որն ասաց, թե ԱԺ արձանագրային բաժինն իրավունք ունի օրենքներում զուտ խմբագրական ու կետադրական ճշտումներ կատարել, իսկ իմաստային փոփոխությունների մասին Վիկտոր Դալլաքյանին փետրվարի 18-ի դրությամբ որեւէ բան հայտնի չէր։ «Առավոտը» փորձելու է այս հարցի շուրջ ներկայացնել նաեւ այլ կարծիքներ։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728