Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԻՆՆ ԱՄԻՍ

Փետրվար 18,1999 00:00
hxi

Երկար տարիներ ապագա մայրերին հասարակության եւ հենց իրենց կողմից պարտադրված էր ճգնավորի, կյանքի բոլոր ուրախություններից մի կողմ քաշված անճոռնի ճուտիկի դերը, որն ամաչում էր սեփական չափսերից ու անշնորհք տեսքից։

Եվ շատ իզուր։ Հղիությունն ամենեւին կնոջը չի բաժանում հասարակությունից, չնայած չի երաշխավորում նաեւ անպրոբլեմ կյանք։ Թեեւ ծնելիության աճն այսօր բավական անկում է ապրում Հայաստանում, սակայն ապագա մայրերի նկատմամբ պատշաճ վերաբերմունք չի ձեւավորված՝ ոչ պետականորեն, ոչ մարդկայնորեն, չհաշված, իհարկե, տրանսպորտում հղիներին նստելու տեղ զիջելու փաստը, որը հիմնականում կանանց եւ ոչ թե տղամարդկանց նախաձեռնությամբ է լինում։

Ամեն դեպքում, կինը, որ որոշել է զգալ մայրության բերկրանքը, պետք է մի կողմ դնի բոլոր հուզական եւ զգացմունքային ուրախություններն ու տհաճությունները՝ կապված իր վիճակի հետ։ Դա թերեւս շատ բարդ կլինի, քանզի հղիների մոտ զգացմունքայնությունը սարսափելի սրվում է, նրանք պատրաստ են առանց լուրջ պատճառի արտասվել կամ անզուսպ ծիծաղել։ Ամուսնու մի «թարս» հայացքը, անզգույշ խոսքը՝ կնոջ մեծացող փորի մասին, կամ նույնիսկ օրվա մեջ ոչ թե մի քանի, այլ ընդամենը մեկ անգամ ասված «ես քեզ սիրում եմ»-ը կարող է առնվազն կեսժամանոց լացի տեղիք տալ։ Հղիության ողջ ինն ամիսների ընթացքում կինը նմանվում է ամենանուրբ ծաղկի, որին պետք է անընդհատ եւ լավագույն խնամք (հատկապես՝ հոգեբարոյական առումով), այլապես մեծ է թոշնելու վտանգը։ Եվ, այնուամենայնիվ, խելացի ու հավասարակշիռ կանայք պետք է հաղթահարեն իրենց մեջ «հղիի սինդրոմն» ու փորձեն նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը եւ նոր կարգավիճակն օգտագործեն՝ ելնելով սեփական շահերից։

Առաջին հերթին՝ լողացեք, գեղեցիկ հարդարեք մազերը, թեթեւ դիմահարդարվեք եւ մոտեցեք հայելուն, անմիջապես կհասկանաք. հղի կինը գեղեցիկ է։ Հատուկ հղիների համար կարված հագուստը ձեզ պետք չի գա մինչեւ հղիության 5-6-րդ ամիսները։ Դուք, անկասկած, ունեք լայն, ազատ, թեթեւ ամառային սարաֆաններ, աշնանային եւ ձմեռային ջեմպրներ, որոնք կարող եք հագնել չձգող զուգագուլպաներով (трико), կոմբինեզոններ եւ այլն։

Պետք չէ հագնել ձիգ եւ նեղ զգեստ, որպեսզի թաքցնեք ձեր հղիությունը։ Երբեք մի ամաչեք ի ցույց դնել ձեր մեծացող որովայնը, Աստված գիտե, երբեւէ կունենա՞ք կրկին նման հնարավորություն։

Եթե արդեն ժամանակն է հատուկ զգեստ կարելու համար, նախընտրեք բնական կտորները՝ բամբակ, մետաքս, ջինս, բուրդ, տրիկոտաժ եւ այլն։ Եթե դուք բավականին բարեկազմ եք եղել մինչեւ հղիություն, եւ հիմա էլ շատակերության պատճառով շատ չեք փոխվել, մի վախեցեք ընդգծված հագուստ հագնել՝ բարեկազմ հղի կնոջ ուրվագիծը չափազանց հմայիչ է։

Նրանք, ովքեր կյանք չունեն առանց բարձր կրունկների, այսօր լայն հնարավորություն ունեն, քանի որ վաճառվում են շատ հաստ եւ հաստատուն կրունկներով բարձր կոշիկներ, որոնք հարմար են հղիներին։ Իսկ բարալիկ «շպիլկաների» մասին մեկընդմիշտ մոռացեք։

Պետք չէ հղիության ընթացքում հրաժարվել դիմահարդարանքից (միայն թե շատ «ճչան» չլինի)։ Կան «գիտունիկներ», որ պնդում են, թե՝ շրթներկն ու տուշը վտանգավոր են ապագա փոքրիկի համար։ Չհավատա՛ք, սովորական ջուրը, որ ամեն օր խմում եք, ավելի վտանգավոր է, քան դիմահարդարանքը։

Հայտնի է՝ որքան քիչ գիտես, այնքան հանգիստ ես, այդ պատճառով հղիության թեմաներով բոլոր զրույցները փորձառու ընկերուհիների եւ մայրիկների հետ հասցրեք նվազագույնի։ Մի լսեք հիմարություններ այն մասին, որ ապագա մայրերի քայլվածքը փոխվում է, նրանք նմանվում են հաստլիկ բադիկների։ Պետք է ընդամենը հետեւել կեցվածքին։ Պարտադիր չէ, որ հղիները գայլի ախորժակ ունենան։ Կարեւորը շատակեր չդառնաք, դա փոքրիկին ոչ մի օգուտ չի տա, իսկ ձեր կազմվածքը հաստատ կփչացնի։ Միայն թարմ մրգերն ու բանջարեղենը կարող եք սրտի ուզածի չափ ուտել։ Անմիջապես լքեք այն սենյակը, որտեղ զրույցի թեման տարբեր պաթոլոգիաներն են, որոնց մասին պատմություններից լեղիդ ջուր է դառնում։ Մի փորձիր նաեւ ծննդաբերության մասին ինֆորմացիաների հավաքածո կազմել։

Երբ ես էի պատրաստվում լույս աշխարհ բերել առաջնեկիս, անփորձությանս պատճառով լսում էի ամեն պատահածի ծննդաբերության պատմությունը, որից հետո երկարատեւ դեպրեսիայի մեջ էի ընկնում, քանի որ կանայք, ընդհանրապես, սովորություն ունեն կարեկցանք առաջացնելու համար չափազանցնել իրենց տառապանքները. ծննդաբերության տեւողությունը, ցավերի ուժգնությունը, կարերի թիվը եւ այլն։ Սակայն երբ ինքս անցա այդ բովով, հասկացա, թե որքա՜ն էին չափազանցված այդ պատմությունները։

Այնպես որ, սիրելի հղիներ, հավատ մի ընծայեք այդ սրտաճմլիկ «ուժըս»-ներին, ծննդաբերությունը անհատական պրոցես է, յուրաքանչյուրի մոտ ընթանում է տարբեր կերպ։ Պետք չէ կարդալ նաեւ հղիությանն ուղեկցող տհաճությունների պատկառելի ցուցակը, որ կան հղիների համար նախատեսված գրքերում։ Ինչո՞ւ պղտորել սեփական արյունը։ Եթե հղիությունը նորմալ ընթացք ունի, եւ բժիշկը դեմ չէ, կարելի է շարունակել առավոտյան մարզանքը եւ լողը։ Լողի ժամանակ լավանում է արյան շրջանառությունը, թուլանում է ոտքերի եւ մեջքի ծանրաբեռնվածությունը։ Փորի աճի հետ մաշկի առաձգականության կորուստն անխուսափելի է։ Դրանից փոքր-ինչ խուսափելու համար կարելի է օգտագործել հատուկ կրեմներ, իսկ այդ հնարավորությունը չունենալու դեպքում, օգտագործել սովորական սնուցող կրեմներ կամ մարմնի համար նախատեսված կոսմետիկ կաթ։

Եթե դուք թունդ սրճամոլ եք, նվազեցրեք սուրճի ընդունման քանակը մինչեւ 1-2 բաժակ՝ օրվա մեջ։ Ընդ որում, կերակրող մայրերը չպետք է մոռանան, որ կոֆեինը անցնում է մայրական կաթի մեջ։

Լավ կլինի, եթե հղիները կաթի փոխարեն գերադասեն մածունը, քանի որ կաթի միջի գալակտորան ձվաբջջի համար թունավոր կարող է դառնալ։ Տնային մայոնեզ, փափուկ պաղպաղակներ եւ հում ձու նույնպես խորհուրդ չի տրվում՝ սալմոնելոզից խուսափելու համար։ Նույն պատճառով հավի միսը կերեք միայն շատ լավ մշակելուց հետո։

Հղիներին ավելորդ կալորիաներ պետք են միայն հղիության վերջին երեք ամիսների ընթացքում, մինչ այդ պետք չէ «զոռ տալ» շատակերությանը։

Եվ վերջինը։ Երբեք մի մոռացեք մաքուր եւ գեղեցիկ սանրվածքի, դիմահարդարանքի, խնամված ձեռքերի մասին, իսկ կենսախինդ ժպիտն ուղղակի պարտադիր է։ Եթե դուք այս բոլոր պայմանները ճշտորեն կատարեք, ինն ամիսների ընթաքում անընդհատ կլսեք. «Ինչպես է քեզ սազում հղիությունը»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728