Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ ԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔ

Փետրվար 18,1999 00:00
mshakuyti naxararutyun

Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Արամ Մանուկյանին Ռ. Շառոյանը հեռացրեց աշխատանքից։

Պատճառը ստույգ հայտնի չէ, մանավանդ, որ Ռ. Շառոյանը կամ որեւէ պետական պաշտոնյա հրապարակավ չեն դժգոհել Ա. Մանուկյանի՝ նախարարությունում կատարած աշխատանքներից։ Այդուհանդերձ, պատճառը բացատրվում է քաղաքական մոտիվներով. Ա. Մանուկյանը պաշտոն զբաղեցնող միակ ՀՀՇ-ականն էր եւ, ինչպես արդեն նշել ենք, Ա. Մանուկյանն աշխատանքից ազատվելու փաստը մեկնաբանում է զուտ քաղաքական դրդապատճառներով՝ ԱԺ-ում իր ելույթներով ու քվեարկություններով։

Երբ Ռ. Շառոյանը նախարար նշանակվեց, վարչապետ Ա. Դարբինյանը նրան ուղեկցեց նախարարություն, լրագրողների եւ նախարարության աշխատակիցների ներկայությամբ ներկայացրեց Շառոյանին։ Վարչապետն այդ օրը շեշտեց Արամ Մանուկյանի դերը նախարարության կյանքում։ Այդ օրերին արդեն, խոսակցություն կար՝ Ա. Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին, բայց որպեսզի քաղաքական երանգ չտրվեր հարցին, Ռ. Շառոյանը հասկացավ Ա. Դարբինյանի ակնարկը։ Շառոյանը որոշեց միառժամանակ դիմանալ Ա. Մանուկյանի ներկայությանը, սակայն չի կարելի չնշել նրանց միջեւ տեղի ունեցող սառը պատերազմը։ Չենք կարող ասել, թե Ա. Մանուկյանը փայլում էր իր աշխատանքով, բայց եւ պետք է ասել, որ Ա. Մանուկյանը վերջին ամիսներին մշակույթի նախարարությունում կարծես մեկուսացված եւ նախարարության ներքին եւ արտաքին դեպքերից ու աշխատանքներից «դուրս նետված» լիներ (թեեւ փոխնախարար էր)։

Ինչ խոսք, Ա. Մանուկյանն ինքն էլ էր գիտակցում եւ ենթադրում, որ ի վերջո, դանդաղ, բայց գալու է այս օրը, երբ իրեն դիմում գրելու-ազատվելու առաջարկ է արվելու։ Եվ ինքնակամ, խոհեմաբար նա չգնաց հրաժարական տալու քայլին, այլ սպասեց՝ ասեն՝ դիմում գրիր-հեռացիր, կամ՝ ազատված ես։ Ա. Մանուկյանն ազատվեց եւ երեկ հրաժեշտ տվեց նախարարության աշխատակիցների մի մասին։

«Առավոտի» ենթադրությունները հաճախ իրականանում են։ Փորձենք եւս մեկ կանխատեսում անել։ Մշակույթի նախարարությունում մոտակա ժամանակներս կրկին փոփոխություն է սպասվում։ Կինոարվեստի հարցերով փոխնախարար Վիգեն Չալդրանյանը, ըստ երեւույթին, կլինի հաջորդ պաշտոնաթողը։ Վ. Չալդրանյանը, որի նկատմամբ անվստահություն ունի Ռ. Շառոյանը։ Վ. Չալդրանյանը, որը նախարարություն մուտք գործեց կինոարվեստի բնագավառում լուրջ խնդիրներ լուծելու «մտատանջությամբ», կարծում ենք, հրաժարական կտա՝ մեկնաբանելով, թե այս նախարարի հետ չի ստացվում աշխատել։ Վ. Չալդրանյանը դեռ նշանակման օրից «չինովնիկ» դառնալու վախ ուներ։ Նա ուզում էր արվեստագետ մնալ եւ չդառնալ չինովնիկ։

Հեշտ է հրաժարական տալը, եւ դժվար՝ գործ անելը։ Նա, կինոյի բնագավառում, կարելի է ասել, ոչինչ չարեց եւ դժվար է ասել՝ անձնական, թե անանձնական մղումներով էր մեկնել ԱՄՆ։ Վ. Չալդրանյանը սիրում է «ժեստեր». Աստված անի՝ չսխալվենք, բայց, ըստ մեր դիտարկումների, նա հրաժարական կտա, այնուհետեւ ասուլիս կհրավիրի՝ ասելու՝ ես ուզում էի աշխատել, բայց չթողեցին։ Մեղավոր չեմ ես։ Ինչն անիրազեկ բազմության աչքին «սիրուն» կհնչի։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728