Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՍՊԱՍԵԼԻ ԿԱՄ ՍՊԱՍԵԼԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Փետրվար 18,1999 00:00
dataxazutyun

Վ. Սիրադեղյանի մեկնումը Հայաստանից թեժացրեց նրա վերաբերյալ վերջերս ծայր առած ասեկոսեների առանց այդ էլ հրաբորբ կրակը։ Հնչում են բազմաբնույթ կարծիքներ ու ենթադրություններ։ Ստորեւ ընթերցողին ենք ներկայացնում այդ խնդրի շուրջ իրավաբան Նորիկ Եղիազարյանի մտորումները։

Իրարամերժ տեսակետներից յուրաքանչյուրը բովանդակում է երկու հարցադրում՝ ունե՞ր Վ. Սիրադեղյանը տվյալ պահին Հայաստանից մեկնելու իրավունք, կարո՞ղ էին, արդյոք, ՀՀ իշխանությունները չթույլատրել նրա մեկնումը։ Հարցադրումներից առաջինն ունի զուտ բարոյական հնչերանգ (եթե Վ. Սիրադեղյանն անմեղ է, ապա պարտավոր էր քաջություն ցուցաբերել՝ մնալ եւ ապացուցել իր անմեղությունը), քանզի ՀՀ ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի հայտնի միջնորդության մերժումից հետո, իրոք, չի եղել որեւէ իրավական արգելանք, որը ստիպեր Սիրադեղյանին չբացակայելու հանրապետությունից։ Ինչ վերաբերում է մյուս հարցադրմանը, ապա այստեղ միանշանակ ճշմարիտ են երկրորդ տեսակետն արտահայտողները։ Չկառչելով այն հանրահայտ իրողությունից, որ իր գոյության ողջ ընթացքում օրինականության սիրուց հալումաշ չեղած երրորդ հանրապետության իշխանությունները, ցանկության դեպքում, միշտ էլ միջոց կգտնեին բացառելու Վ. Սիրադեղյանի ելքն իր իսկ բնակարանից անգամ (էլ ուր մնաց թե հանրապետությունից), անմիջապես ասենք, որ տվյալ իրաադրությունում նրա փախուստը հնարավոր էր խափանել միանգամայն օրինական միջոցներով։ Ընդամենը պահանջվում էր, որ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության մերժումից հետո, համապատասխան քր. գործը քննող առանձնահատուկ կարեւոր գործերի քննիչը հրավիրեր Վ. Սիրադեղյանին եւ նրա նկատմամբ կիրառեր ՀՀ քր. դատավարության օրենսդրությամբ նախատեսված խափանման միջոցներից մեկնումեկը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134 հոդվածը թվարկում է մի շարք խափանման միջոցներ (կալանավորում, գրավ, ստորագրություն՝ չհեռանալու մասին, անձնական երաշխավորություն, կազմակերպության երաշխավորություն եւ այլն), որոնք դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող մարմնի որոշմամբ կարող են կիրառվել մեղադրյալի կամ կասկածյալի նկատմամբ (136 հոդվ.), եթե, ըստ քննվող քրեական գործի նյութերի, հիմքեր կան ենթադրելու, որ նրանք կարող են թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խուսափել քր. պատասխանատվությունից, կատարել նոր հանցագործություն կամ էլ՝ անօրինական միջոցներով խոչընդոտել քր. գործի քննությանը (135 հոդված)։ Ընդսմին, կալանավորումը եւ դրա այլընտրանքային միջոց գրռավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ, իսկ մնացած խափանման միջոցները՝ նաեւ կասկածյալի։ Վերջին դեպքում պահանջվում է յոթօրյա ժամկետում կասկածյալին ներգրավել որպես մեղադրյալ (մեղադրանքի առաջադրում) կամ էլ՝ վերացնել ընտրված խափանման միջոցը։

Շարունակելով խնդրի շուրջ դատողությունները՝ նշեմ, որ ՀՀ Սահմանադրության 66 հոդվածում ամրագրված պատգամավորական անձեռնմխելիությունը ներառում է միայն պատգամավորի կալանավորումը, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկումը եւ քրեական պատասխանատվության ենթարկումը։ Ըստ որում, անձին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսվում է նրան որպես մեղադրյալ քր. պատասխանատվության ենթարկելու կամ, ինչպես քրեական դատավարության նոր օրենսդրությամբ է վերանվանված՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման կայացման պահից։

Այդ որոշման ուժով անձը հայտնվում է մեղադրյալի դատավարական կարգավիճակում եւ նրան մեղադրանք է առաջադրվում՝ դրա բոլոր իրավական հետեւանքներով հանդերձ։ Կոնկրետացնելով ընդգծենք, որ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության մերժումը՝ զրկելով դատախազությանը Վ. Սիրադեղյանին իբրեւ մեղադրյալ քրեական պատասխանատվության ենթարկելու եւ նրա նկատմամբ կալանավորման կամ գրավի ձեւով խափանման միջոց կիրառելու իրավունքից, բնավ չզրկեց նրան հիշյալ անձնավորության նկատմամբ օրենքով նախատեսված մյուս խափանման միջոցները գործի դնելու իրավունքից։

Այն, որ տվյալ պարագայում խափանման միջոցի գործադրումը օրենսդրափաստական առումով միանգամայն տեղին էր, եւ որ քր. գործը քննող քննիչը չէր կարող չգիտակցել դրա անհրաժեշտությունը, կասկածից վեր է։ (Բավական էր հենց թեկուզ Վ. Սիրադեղյանի այն հայտարարությունը, թե դատախազը չի հասցնի երկրորդ անգամ միջնորդել)։ Ուրեմն ի՞նչն էր դատախազության՝ նման տարօրինակ պասիվության պատճառը։ Չէ՞ որ հիշատակված խափանման միջոցներից մեկնումեկի ընտրությունը (այդ մասին հրապարակումով) կարող էր որոշակիորեն կաշկանդել Սիրադեղյանին ու նրա մեկնմանն օժանդակող անձանց։ Եվ եթե անգամ այդ կերպ դատախազությանը չհաջողեր կանխել Սիրադեղյանի փախուստը, ապա նա գոնե կապահովագրեր իրեն եւ, որ ամենակարեւորն է, առիթ չէր ընձեռի փախուստի կազմակերպիչներին (միգուցե՝ պարտադրողների՞ն) հանդես գալու նշված արարքը միանգամայն իրավաչափ գնահատելու վերաբերյալ ցինիկ հայտարարություններով…

Թվարկված եւ անհրաժեշտաբար ծագող մյուս ինչուների պատասխանները պետք է փնտրել, անշուշտ, ոչ իրավական, այլ քաղաքական դաշտում, որովհետեւ, ցավոք, այս վերջին դաշտով է պայմանավորված մեր դատախազության աշխատանքի բնույթն ու բովանդակությունը։ ՀՀ դատախազությունը եղել եւ մնում է այն զարմանալի գերզգայուն օսցիոլոգրաֆը, որն անսխալ գրանցում է քաղաքական դաշտի միկրոտատանումներն անգամ՝ դրանց ռիթմին համապատասխանեցնելով իր իրավապահ գործունեությունը։ Ուստի, նա, ով հետաքրքրվում է քաղաքականությամբ եւ ցանկանում է գուշակություններ անել մեր երկրի ներքաղաքական կյանքում հնարավոր շարժերի մասին, պարտավոր է համակ ուշադրությամբ հետեւել ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի գործողություններին։

Այսպես, Վ. Սիրադեղյանին քր. պատասխանատվության ենթարկելու եւ կալանավորելու համաձայնություն ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը՝ Ա. Տեր-Սահակյանի ու նրա բանդայի վերաբերյալ քր. գործի հարուցումից շուրջ մեկ տարի անցնելուց հետո, վկայությունն էր այն բանի, որ այդ ժամանակաընթացքում ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանի փոխհարաբերությունները սրվելով հասել են կուլմինացիոն կետի։ (Ենթադրում ենք, որ մեկ տարի առաջ նրանց միջեւ որոշակի համաձայնություն է եղել՝ հիշյալ քր. գործը առանց Վ. Սիրադեղյանի «յոլա տանելու» մասին)։ Գլխավոր դատախազի կողմից միջնորդության՝ առայսօր չկրկնումը (չնայած տված խոստմանը), ինչպես նաեւ Վ. Սիրադեղյանի մեկնումը խափանող գործողություների չձեռնարկումը վկայում են Հանրապետական կուսակցության 5-րդ արտահերթ համագումարում Վ. Սարգսյանի հայտնի ելույթից հետո վերոհիշյալ փոխհարաբերություններում լարվածության անկման, սակայն, առայժմ, վերջնական համաձայնության բացակայության մասին։ Կախված քննարկվող խնդրի շուրջ ՀՀ գլխավոր դատախազի հետագա վարքագծից, կարելի է անել երկու կանխատեսում՝

Եթե գլխավոր դատախազը անփոփոխ կրկնի իր միջնորդությունը, ապա դա կնշանակի, որ չի կայացել այն «մեծ համաձայնությունը», որի մասին վերջերս ակնարկվում է ԶԼ միջոցներում։ Այս դեպքում սպասվում է ներիշխանական անզիջում եւ անկանխատեսելի հետեւանքներով հղի պայքարով հագեցած իսկական «թեժ գարուն»։ Մեր պատկերացմամբ, գլխավոր դատախազի միջնորդության կրկնակի մերժման (որը առավել հավանական է), դրա արդյունքում՝ ՀՀ ԱԺ-ի արձակման, Ռ. Քոչարյանի հանդեպ հհշականների ոխերիմ թշնամանքի եւ քաղաքական հենարանի չընդլայնման պարագաներում, նշված պայքարն ավարտվելու է Ռ. Քոչարյանի անխուսափելի պարտությամբ ու նրա պաշտոնանկությամբ։

Եթե ՀՀ գլխավոր դատախազը, զոհասեղանին դնելով իր եւ դատախազության հեղինակությունը, չկրկնի միջնորդությունը կամ էլ հանդես գա այլ միջնորդությամբ (քրեական պատասխանատվություն առանց կալանավորման), ապա կարելի է ենթադրել, որ «ճակատագրով կապված» երկու «ընկերների» միջեւ քաղաքական համաձայնությունը, իրենց մյուս «ընկերոջը»՝ Վանոյին իբրեւ քավության նոխազ զոհաբերելու գնով, կայացած է։ Դրանով իսկ, նախ՝ ի չիք կդառնան անկախ նախագահ դառնալու Ռ. Քոչարյանի երազանքները (ոչ ոք չի կարող անկախ գտնվել իրեն իշխանության հասցնող ուժից), եւ ապա՝ ժողովուրդը վերջնականապես կհասկանա, որ իր թալանչիներին այս իշխանության օրոք պատժված տեսնելը սոսկ պատրանք է, եւ որ ինքը չի կարող ունենալ բարեկեցիկ կյանքի ու իրավական հասարակարգի որեւէ հույս, քանի դեռ երկրի քաղաքական ղեկը գտնվում է միմյանց «ճակատագրով կապված» «ընկերների» ձեռքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728