Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՏԵՓԱՆԸ ՀԱՏՈՒՑԵՑ ԿՅԱՆՔՈՎ

Փետրվար 18,1999 00:00
dat

Տասնհինգ հազար դրամ չեղած պարտքի դիմաց

Տասնութամյա Ստեփան Կարապետյանին տասը օր էր մնացել բանակ զորակոչվելու համար։ Ծանուցագիր էր նույնիսկ ստացել եւ կարող էր բանակում լինել՝ բարեխղճորեն կատարելով հայրենիքի նկատմամբ իր պարտքը։ Սակայն դաժան ծեծի արդյունքում նա սպանվեց 1998 թ. հոկտեմբերի 7-ին։

Սպանությունից մեկ շաբաթ առաջ Ստեփանը տուն եկավ ընկճված ու խեղճ։ Հանդիպել էր Արտյոմ Աշուղյանին, որը նրանից պահանջել էր 5500 դրամ։ Ժամկետը «խախտվեց» ընդամենը երկու օր (Ստեփանի ուսուցչուհի մայրը՝ Ջուլիետա Թեմեջիկյանը, դպրոցական որդու՝ Վարդգեսի միջոցով «փակում» է չեղած պարտքը, այն որպես իրական պարտք վերցնելով իր գործընկերներից)։ Սակայն Ստեփանը դրանից հետո էլ ենթարկվեց ծեծի, աչքին ստանալով կապտուկներ, ճակատին՝ փայտի հարված։

Ստեփանը, որ աշխատում էր շինանյութերի խանութում, այլեւս աշխատանքի չէր գնում եւ ընդհանրապես տնից դուրս չէր գալիս։ «Չհանդուրժելով իրենց եկամուտը կտրվելու փաստով, հանցագործ խումբը ցանկանում է ստանալ եւս 15 հազար դրամ, որը Ստեփանն ի վիճակի չէր տալու» (իր միջնորդության մեջ ասում է փաստաբան Մարիետա Կարապետյանը), ուստի եւ հայտարարում է. «Ուզում եք սպանեք, փող չունեմ, չեմ կարող տալ»։ Դեպքի օրը նույնիսկ՝ հոկտեմբերի 7-ին, Ստեփանը պատմում է հորը չեղած պարտքի՝ 15 հազար դրամի մասին, ասելով՝ «գլխիս սարքել են, պապ»։ Չարաբաստիկ օրը Արտյոմ Աշուղյանը, Ռոբերտ Մհերյանը, Արսեն Գասպարյանը գալիս են Ստեփանենց տուն։ Վերջինս հողաթափերով իջնում է բակ եւ հանցավոր խմբի կողմից տարվում 10 մետր հեռավորության վրա գտնվող դպրոցի տարածք։ Խփում են, հայհոյում Ստեփանին։

Մաշտոցի առաջին ատյանի դատարանում վերջերս ավարտված դատաքննության ժամանակ պարզվեց նույնիսկ, որ տուժողին ծեծելու համար Ա. Աշուղյանը եւ Ա. Սահակյանը իրենց ձեռքի ժամացույցները հանում տալիս են Ռ. Մհերյանին, Ա. Գասպարյանին, որպեսզի ծեծելու ժամանակ չջարդվի։ Ա. Աշուղյանը մինչ այդ նախապատրաստել եւ «բաժանել» էր դերերը, ով խփի տուժողին… Գործի են դրվում ձեռքի եւ ոտքի հարվածները եւ վարկածներից մեկով էլ (ձեռքի հարված սրտին) Ստեփանն ընկնում է։ Ստեփանն ընկնում է այլեւս չբարձրանալու եւ ճշմարտությունն ասելու համար։ Մթնել էր։ Եվ ժամն էլ 20.30-ն էր։ Ստեփանին տաքսիով («հերոսներից» երկուսը) տեղափոխում են հանրապետական հիվանդանոց եւ դիակը թողնում պատի տակ ընկած։

Տաքսու վարորդ, այս գործով վկա Էդիկ Ծատուրյանն իր դատաքննական ցուցմունքում հայտնում է, որ դիակը տարել է դպրոցի բակից, որը երթեւեկելի մաս չի եղել։ Չգիտենք, թե ի՞նչ էին տալու այն վկայությունները, ըստ որի, «տուժողի հետ քայլել են կանգառ» կամ այն պնդումները, թե սրտի միջնապատի շրջանում նկարագրված օջախային արյունազեղումները անգամ կարող էին առաջանալ թույլ հարվածից, «կամ էլ նույնիսկ առանց հարվածի»։ Փաստաբան Մ. Կարապետյանի կարծիքով, բժիշկ լինել պետք չէ, հասկանալու համար, «թե 180 սմ հասակ ունեցող, օրը առնվազն մեկ բեռնատար մեքենա 50 կգ պարկերով շինանյութ բեռնող եւ բեռնաթափող երիտասարդի սրտամկանը սնող անոթները չափազանց ճկուն են եւ չէր կարող առանց բռնի ուժի գործադրման, ձեռքի հարվածով պայթեր»՝ առաջացնելով օջախային արյունազեղումներ։ Մանավանդ որ, թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ժամանակ, բացի մեկ «անզգույշ» հարվածից (անչափահաս Արման Սահակյանի), որեւէ ապացույց ձեռք չի բերվել ճշտելու համար, թե վերջին հաշվով ինչի հետեւանքով է սպանվել Ստեփանը (վնասված են եղել նրա ներքին օրգանները. լյարդը, երիկամները, թոքերը, գլխուղեղի վրա արյան բազմաթիվ օջախներ են եղել)։

Իսկ ինչպե՞ս պետք է ապացույցներ ձեռք բերվեին, երբ մասնակիցներից Արտյոմ Աշուղյանն անգամ որպես վկա չի ճանաչվել եւ «ճիշտ ժամանակին» գործուղվել է… բանակ (ըստ տեղեկությունների՝ Արցախ)։

Այս տարվա հունվարի 13-ին սկսվել էր սույն քր. գործի դատաքննությունը, որն ավարտվեց փետրվարի 12-ին։ Գործը (դատավոր՝ Է. Հայրյան) ուղարկվեց հետաքննության, չնայած մեղադրող Գեւորգյանն առաջարկում էր երկու տարի ազատազրկում, այն էլ քր. օրենսգրքի 103 հոդվածի՝ «անզգուշությամբ կատարված սպանություն» որակմամբ։ Եթե «անզգուշորեն» է կատարվել սպանությունը, ապա Ստեփանի նկատմամբ մինչ այդ կիրառված (հետեւողականորեն) կտտանքներին ու հետապնդումներին ի՞նչ գնահատական կարելի է տալ։ Ինչո՞ւ է ամբաստանյալի աթոռին նստած մեկը, այն էլ՝ անչափահաս, ո՞ւր են մնացած երեք մասնակիցները։ Եվ, վերջապես, մի՞թե հետաքննության ուղարկելը չի նշանակում, որ մենք գործ ունենք թերի եւ անորակ քննության հետ, որի նպատակն է եղել անչափահաս ամբաստանյալի ձեռքերով մահվան փոսում ձեռքեր տաքացնելը։ Դաժան է, ինչ արած։ Բայց առավել դաժան է, երբ Ստեփանը չկա։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728