Ֆինանսական կայունությունը Հայաստանում այսօր հանգեցվում է ինֆլյացիայի լինել-չլինելուն։ Մի կողմից՝ կառավարությունը բյուջեն ֆինանսավորելու համար դիմում է ԿԲ-ի վարկերին, որի հետեւանքով տեղի է ունենում էմիսիա։ Մյուս կողմից՝ կոշտ դրամավարկային քաղաքականությունը հակաինֆլյացիոն արդյունքների համար զոհաբերում է տնտեսական աճը եւ բնակչության գնողունակությունը։
Ասա ի՞նչ ինֆլյացիա ունես…
Ինֆլյացիան Հայաստանում 1993 թ. կազմել է 10800%, 1994 թ.՝ 1700%, 1995 թ.՝ 32%, 1996 թ.՝ 5,7%, 1997 թ.՝ 21,9%, 1998 թ.՝ – 1,3%։ Թվային այս շարքը այսօր ներկայացվում է որպես Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական (եւ միակ) հաջողություն։
Կենտրոնական բանկի դիրքը
Կարդացեք նաև
Օրենքը կենտրոնական բանկի հիմնական խնդիր է սահմանել գների կայունության պահպանումը։ Այդ խնդիրը կատարելու համար օրենքը երաշխավորում է նաեւ ԿԲ-ի անկախությունը կառավարության հնարավոր «ինֆլյացիոն» պահանջներից։ Այսպես, ԿԲ-ն կարող է վարկեր տրամադրել կառավարությանը նախորդ տարվա բյուջեի եկամուտների 15%-ից ոչ ավելի ծավալով։ Փաստորեն, ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը ենթարկված է բյուջեի մասին օրենքում սահմանվող ինֆլյացիայի տոկոսին։ Այդ ցուցանիշը այնքան կարեւորված է, որ Ազգային ժողովը հարկ է համարել հաստատել ոչ թե դրամավարկային քաղաքականության ծրագիրը, այլ՝ դրա կատարման հաշվետվությունը։ Հանգամանք, որ ուղղակի պարտադրում է ԿԲ-ին զերծ պահել դրամավարկային քաղաքականությունը տնտեսական քաղաքականության կուրսի հնարավոր փոփոխություններից, ինչը կարող է տեղի ունենալ, օրինակ, քաղաքական ճգնաժամի արդյունքում կառավարության կազմի փոփոխության հետեւանքով։ Արժույթի միջազգային հիմնադրամը Կենտրոնական բանկի այսպիսի դիրքի ձգտում է հասնել բոլոր այն երկրներում, որոնցում անց է կացնում ֆինանսական ծրագրեր։
Կառավարության դիրքը
1998 եւ 1999 թթ. պլանավորվել է բյուջե, որտեղ բացակայում է ԿԲ-ի կողմից վարկի հատկացումը դեֆիցիտի ծածկման համար։ Առայժմ արտասահմանյան վարկերը, առնվազն պլանավորման մակարդակով, հաջողությամբ լուծում են այդ խնդիրը։ Սակայն 1998 թ. ընթացքում, ավելի ճիշտ՝ նրա երկրորդ կեսից, կառավարությունը մի քանի կարճաժամկետ վարկ է ստացել ԿԲ-ից, ընդհանուր առմամբ 20 մլրդ դրամի չափով։ Այս սցենարը սպառնում է կրկնվել 1999 թ.։ Բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ ինֆլյացիոն զարգացումների համար նշանակություն ունի ոչ միայն վարկավորման ծավալը եւ դրա ազդեցությունը դրամի քանակության վրա, այլեւ ծախսի տեսակը։ Եթե կառավարությունն այդ վարկերով փակում է աշխատավարձերի եւ թոշակների պարտքերը, ապա «ուռչում» է սպառողական շուկան եւ գների աճը արտահայտվում է անմիջապես։ Եթե գումարներն ուղղվում են պետական կարճաժամկետ պարտատոմսերի մարմանը (հատկապես երբ շաբաթական կտրվածքով մարումներն էապես գերազանցում են պարտատոմսի վաճառքից մուտքերին), ապա «ուռչում» է արժութային շուկան եւ սկզբնապես տեղի է ունենում փոխարժեքի անկում։ Վերջինս ուղղակի ազդում է ներմուծման գների վրա։ Այսպիսով, դրամի փոխարժեքի անկման միտումը հոկտեմբեր-նոյեմբերին, այդ ընթացքում կառավարության դիսկրետ վարկավորման ընդլայնումը եւ գների համեմատական կայունությունը սպառողական շուկայում ցույց են տալիս, որ դիսկրետ վարկերը նշանակալի չափով ուղղվել են ներքին պարտքի մարմանը։
Փոխարժեքը
Դրամի դիրքերի թուլացումը հետեւանք է ոչ միայն Ռուսաստանից դոլարի ներհոսքի նվազման, այլեւ՝ բյուջետային իրավիճակի վատթարացման։ Եթե ներքին գները առաջին հերթին արձագանքում են բնակչության գնողունակության փոփոխմանը, ապա ներմուծման գները՝ դրամի փոխարժեքին։ 1994-98 թթ. ընթացքում ԿԲ-ն դրամի հարաբերական կայունությունը պահպանել է ամսական միջինը 2-2,5 մլն դոլար ինտերվենցիաներով, հիմնականում՝ արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի հաշվին։ Սակայն արդեն նոյեմբերին ԿԲ-ն իրականացրեց 14 մլն դոլար ինտերվենցիա, որով հաջողվեց միայն կանխել դրամի պայթյունը։ Դեկտեմբերին որոշակի կայունացմանը նպաստեց նախատոնական աշխուժությունը։ Սակայն հունվարին տնտեսական ակտիվության սեզոնային սառեցման եւ ինֆլյացիոն սպասումների արդյունքում տնտեսական սուբյեկտներն իրենց ազատ միջոցները փոխարկեցին դոլարի եւ դրամը փոխանակման կետերում հասավ առայժմ իր ամենացածր նիշին՝ 572 դրամ 1 դոլարի դիմաց։ Դա հիմնական պատճառն էր հունվարին գրանցված 4% ինֆլյացիայի։ Այնուամենայնիվ, այդ ընթացքում ԿԲ-ն իրականացրել է մոտ 16 մլն դոլար ինտերվենցիա։
Փոխարժեքի այսպիսի քաղաքականությունն օբյեկտիվորեն պայմանավորում է արտաքին առեւտրի բացասական սալդոն։ Ռուսական ռուբլու երեքանգամյա արժեզրկման հետեւանքով ռուսական ապրանքները ներկայումս ամենամրցունակն են (էժանության առումով) հայկական շուկայում։ Արտաքին առեւտրի ազատականացման պայմաններում ցանկացած երկրի նմանատիպ «տնտեսական ագրեսիայից» կարելի է պաշտպանվել միայն դրամի արժեզրկմամբ, ինչը, սակայն, կհակասի հակաինֆլյացիոն քաղաքականության էությանը։
Թանկ փողը
Պարտք վերցնելիս դրամի համար պետք է վճարել բարձր տոկոսներ։ Դա հանգեցնում է վարկերի նկատմամբ պահանջարկի նվազման։ Բարձր տոկոսների հակաինֆլյացիոն էֆեկտը ակնհայտ է։ Գուցե այդ պատճառով դրամի ամենաթանկ գնորդը շուկայում կառավարությունն է։ Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դիմաց այսօր վճարվում է տարեկան 60-65%, այն դեպքում, երբ բանկային վարկերը երեք ամսից մինչեւ մեկ տարի ժամկետներով տրվում են տարեկան միջինը 35-45%-ով, չնայած այստեղ չի բացառվում ստվերային համաձայնությունների առկայությունը։ Հունվարին ԿԲ-ն վարկային ռեսուրսներ չի վաճառել, ակնհայտորեն հետապնդելով հակաինֆլյացիոն նպատակներ, սակայն դեկտեմբերին այդ գործարքների տոկոսները 10-15 կետով ցածր էին ՊԿՊ-երի տոկոսից։
Օբյեկտիվորեն պետք է նշել, որ Հայաստանի բանկային համակարգը այսօր պատրաստ չէ լայնամասշտաբ վարկային ներդրումներ կատարել, իսկ տնտեսությունը պատրաստ չէ դրանք ընդունել։ Սակայն փաստ է, որ բազմաթիվ տնտեսական ծրագրեր չեն իրականացվում հենց վարկային ռեսուրսների թանկության պատճառով։
Դրամի դեֆիցիտը, որ ստեղծվում է ԿԲ-ի գործողությունների շնորհիվ, նպաստում է եւ դրամի թանկացմանը, եւ փոխարժեքի կայունացմանը։ Դրամական բազան (որի մոտ 85%-ը կանխիկ դրամն է) 1999 թ. փետրվարի սկզբին մոտ 45 մլրդ դրամ էր, 5 մլրդ դրամով պակաս 1998 թ. սկզբից։ Այդ ընթացքում, սակայն, տեղի է ունեցել դեպի բանկեր արտարժութային դեպոզիտների էական աճ։ Այսպիսով դրամը փաստացի դուրս է մղվում դոլարի կողմից՝ տնտեսությունը դոլարիզացվում է։
Ընդդեմ եկամուտների
Հակաինֆլյացիոն միջոցառումների շարքում ամենահինը, անկասկած, հակաեկամտային քաղաքականությունն է։ Այն ուղղված է գնողունակության սահմանափակմանը՝ աշխատավարձերը զսպելու միջոցով։ Դրա համար լծակներ են եկամտահարկի եւ սոցիալական ապահովագրության վճարի բարձր դրույքաչափերը, իսկ ոչ հեռու անցյալում գործում էր աշխատավարձի ֆոնդը ինքնարժեքում սահմանափակող նորմատիվ։ Փաստորեն, 1992-95 թ.թ. այս միջոցառումները ընդդեմ ինֆլյացիայի նախորդեցին դրամավարկային քաղաքականության կոշտացմանը։
Չնայած որոշ նվազեցումներին, մասնավորապես նվազագույն չհարկվող շեմը ամսական մինչեւ 17 հազար դրամ սահմանելը, ինչպես նաեւ սոցապ դրույքաչափերի որոշ իջեցումը, եկամուտների հարկումը շարունակում է մնալ բարձր։ Օրինակ, եթե գործատուն ցանկանում է 100 դոլար առձեռն վճարել աշխատավարձ, եւս 65 դոլար պետք է վճարի պետությանը։ Այսպիսով, փաստացի, հարկման մակարդակը ոչ բարձր եկամտի համար կազմեց 40%։ Չնայած եկամտից հարկվող գումարների մեծ մասը նորից վերածվում է աշխատավարձի կամ թոշակների, պետք է հաշվի առնել, որ պետական մարմինների կողմից այդպիսի վերաբաշխումների դեպքում տեղի են ունենում ուշացումներ եւ յուրացումներ։ Ավելին, երբեմն կառավարությունն ուշացնում է աշխատավարձերի վճարումները նույնիսկ այն դեպքում, երբ ազատ միջոցներ ունի դրանք վճարելու։
Խնդիր
Հակաինֆլյացիոն քաղաքականությունն այս ձեւով պայմանավորում է երկու կարեւոր առանձնահատկություն։ Առաջին, դրա հաջողությունը կախված է արտաքին վարկերից։ Երկրորդ, տնտեսության զարգացումը հնարավոր է միայն արտաքին ինվեստիցիաների դեպքում։ Սակայն չի պատասխանում հետեւյալ երկու հարցերին։ Ի՞նչ կլինի այն դեպքում, երբ հարկ լինի վերադարձնել պարտքերը։ Ինչպե՞ս ակտիվացնել տնտեսական գործունեությունը, եթե արտաքին ինվեստիցիաները տեղի չեն ունենում։
ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆ