Քուրդ ժողովրդի պայքարը հանուն ՔԲԿ հիմնադիր եւ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) շարունակվում է։ Կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես հայտնվում է, թե քուրդ ժողովուրդը շարունակելու է իր քայլարշավները եւ բողոքի ցույցերն աշխարհի բոլոր երկրներում։
Երեկ, Երեւանի քրդական կենտրոնում հրավիրված ասուլիսում Սաբրի Թաշը, որն այլեւս ներկայացավ որպես կուսակցության ներկայացուցիչ, հայ լրագրողներին հայտնեց, որ իրենց պայքարում քրդերը հաշվի չեն առնելու աշխարհի ոչ մի օրենք. «Ոչ ոք թող չփորձի կասեցնել մեր քայլարշավը, Օջալանը գերության մեջ է, չի բացառվում, որ նաեւ զոհված է, նահատակված։ Բայց աշխարհը վկա է, որ Օջալանն իր պայքարով մի ամբողջ ժողովուրդ գոտեպնդեց եւ հանեց ոտքի»։ Քուրդ ղեկավարները սպառնում էին։ Իրենց պահանջների մեջ քրդերը հաստատակամ են տրամադրված եւ ասում են, թե «Աբդուլլահ Օջալանի դեմ այս ոճիրը պատուհաս կդառնա աշխարհի գլխին, առաջին հերթին Թուրքիայի եւ նրա դաշնակիցների»։ Քուրդ ցուցարարները հայտարարեցին, թե կանցնեն զինված պայքարի, ոչ մի սահման չճանաչելով։ Իսկ բողոքի քայլարշավներն ու ցույցերը կշարունակվեն ժողովրդավարական օրենքներին համապատասխան։ Քրդական ազգային-ազատագրական ճակատի ներկայացուցիչը չբացառեց ինքնահրկիզման դեպքերը. «Բաներ կան, որ մեր ուժերից վեր են»։
Նախորդ օրվա ցույցի ժամանակ մի քանի ձերբակալվածների մասին հարցին պատասխանվեց, թե նույն օրը նրանք ազատ են արձակվել, իսկ քայլարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպերը բնական որակվեցին։ Քրդերը երեկ արդեն հայտնեցին, որ այնքան էլ հիացած չեն Հայաստանի իշխանությունների վերաբերմունքից, այն բանից, որ Հայաստանը որեւէ կերպ չի արձագանքում քրդական պայքարին։ Քրդերը նույնիսկ հայտարարեցին, թե նաեւ «հայ ժողովրդի կռիվն ենք կռվում, Միջագետքի ժողովուրդների կռիվը, պայքարում ենք մի արյունաբույր պատմության դեմ»։
Երեկ քրդական ցուցարարներն ավելի հաշտվողական էին տրամադրված, քայլարշավն ավելի կազմակերպված էր, ՆԳ եւ ԱԱ աշխատակիցները՝ նույնպես։ Ակնհայտ էր, որ փոխադարձ պայմանավորվածություն կար եւ ամեն ինչ անցավ խիստ տնավարի։ Քայլարշավը ռուսական դեսպանության մոտ՝ «Թուրքիա-տեռորիստ» վանկարկելով հասավ ֆրանսիականին։ Այստեղ եւս վանկարկումները հաջորդեցին իրար։ Երրորդ հանգրվանը մամուլի տունն էր։ Հանրապետության հրապարակից ցուցարարները Սպայի տան մոտով մտան ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածք։ Այստեղ ներքին զորքերը սպասում էին նրանց։ Հանդիպումն անցավ խիստ բարեկամական մթնոլորտում։ «Բիժի, Սերոն, Ափո», «Ազատ Քուրդիստան» եւ այլն վանկարկելով քրդերը թնդացնում էին տարածքը։ ՄԱԿ-ի պատուհաններից ծիկրակողներ կային։ Կարկանդակ վաճառող մի կին, անհայտ ազգության ու երեւի մի քիչ էլ խմած, կարկանդակների սկուտեղը ձեռքին միացել էր ցուցարարներին եւ վերոհիշյալ «Սերոն» բառը Սերոբի հետ շփոթելով, բղավում էր՝ «Սերոբ, Սերոբ, բերեք»։ Մի ոստիկան ապարդյուն փորձում էր կնոջը հիշեցնել իր բուն գործը։ Կարկանդակ ու բիզնես մոռացած կինը «Սերոբ»-ից անցավ՝ «Կեցցե ազատ Հնդստան» բառերի վանկարկմանը։ Հիմա էլ Քրդստան բառն էր վատ լսել։
Կարդացեք նաև
«Ստամոքսային կարիքների համար չպետք է զոհաբերվեն մի ամբողջ ժողովրդի ազգային շահերը»։ Քուրդ առաջնորդները խիստ վրդովված են Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ընդհանրապես աշխարհի վերաբերմունքից. «Գերմանական արտադրության տանկերն ավերում են քրդական գյուղերը, ֆրանսիական ինքնաթիռները ռմբակոծում են քրդական ժողովրդին, արդյոք սա տեռորիզմ չէ՞»։
Քրդերը հայտարարեցին, որ եթե ՄԱԿ-ը լռի, աշխարհը լռի, ապա «քրդերը քաղաքական ուժ են, կազմակերպված են, պատրաստ են պայքարի»։ Եթե իրենց առաջնորդի մասին բավարար տեղեկություն չտրվի, քրդերը պատրաստ են զինված պայքարի եւ աշխարհին կքաշեն այդ պայքարի մեջ։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կատիցա Չեկալովիչը երեկ ընդունեց ցուցարարների պատվիրակությանը, դուրս եկավ, խոսեց նրանց հետ եւ ասաց, թե կենտրոնական գրասենյակին կհայտնի քուրդ ժողովրդի պահանջները։
Ցուցարարները ՄԱԿ-ի ներկայացուցչի այս խոսքերից ոգեւորված հեռացան, գրասենյակի մոտ թողնելով մի քանի հացադուլավորների։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ