Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐՈՒՄ

Փետրվար 18,1999 00:00
takard

«Ես կատարում եմ իմ աշխատանքը, իսկ համապատասխան որոշումները կայացնում է քաղաքական ղեկավարությունը»

ԶՎԻ ԶԱՄԻՐ, 1973 թվականին ՄՈՍՍԱԴ ծառայության ղեկավար

1973 թվականին, «Միխդալի» կամ, այսպես կոչված, «Վերջին դատաստանի օրվա պատերազմում» Իսրայելը կորցրեց 3000 զինվոր, 900 տանկ եւ 250 մարտական ինքնաթիռ: Այդ երկրի համար չլսված եւ չտեսնված կորուստներ: Ողբերգության պատճառը պաշտպանության նախարար Մոշե Դայանն էր, որը նախորդ պատերազմի գլխապտույտ հաջողություններից առողջ տրամաբանությունը կորցրած, մոռացության էր մատնել պետության հիմնադիր հայրերի գլխավոր պատգամը. «Իսրայելի հիմնական ուժը ոչ թե բանակի, այլ ժողովրդավարական քաղաքական համակարգի մեջ է, ինչից զուրկ են եւ դեռ երկար զուրկ կլինեն մեր թշնամիները»: Դայանը Իսրայելի համար ժողովրդավարությունը անհեթեթ ճոխություն էր համարում, իսկ արաբների հետ պատերազմի վերսկսման ցանկացած հնարավորություն՝ անմիտ երեւակայություն: Եվ իզուր էին իսրայելյան լավագույն մասնագետների հորդորները ուշքի գալ ու պահպանել զգոնությունը…

Մեկ անգամ հաղթանակած գեներալի բոնապարտիստական նկրտումները կարող էին շատ ավելի թանկ նստել երկրի եւ ժողովրդի վրա, եթե Միացյալ Նահանգները 2.2 միլիարդ դոլարի արագ աջակցություն չցուցաբերեր եւ եթե խնդիրը չկարգավորվեր խորհրդաամերիկյան գլոբալ դիմակայության առեւտրի շրջանակներում, որի արդյունքը Վիետնամի շուրջ քաղաքական համաձայնության հաստատագրումն էր երկու գերտերությունների կողմից: Միգուցե Հայաստանում կա մեկը, որը կպատասխանի, թե ի՞նչ ներքին ռեսուրսներով կամ արտաքին աջակցությամբ են ծածկվելու միանգամից երեք բոնապարտների կողմից ժողովրդավարության կոխկրտման հետքերը, չհաշված, իհարկե, բազմերանգ բոնապարտ-կուսակցությունների գործունեության արդյունքները: Իրականում ոչ մեկին նման հեռանկարը չի էլ անհանգստացնում:

Իշխանամետ եւ հակաիշխանական ուժերի գերակշռող մեծամասնությունը ներքին չարախնդությամբ հետեւում է իրադարձությունների ծավալմանը, համոզված, որ դրանց արդյունքում քաղաքական թատերաբեմից հեռացվելու է ղարաբաղյան շարժման առաջին էշելոնը, բնականաբար, ներառյալ Վանոն ու Վազգենը, դաշտ բացելով իրենց ինքնադրսեւորման համար: Հայրենասիրության եւ քաղաքական պայքարի ընկալման այս չափազանց հայկական կերպը նույնիսկ զարմանք չի առաջացնում: Միայն ժամանակն է, որ անհորդոր առաջ է գնում եւ իր յուրաքանչյուր քայլի հետ նեղացնում մեզ վերապահված ընտրության իրավունքի դաշտը: Զինվորականությունը դավադրության կույր գործիքի դերում՝ զազրելի է: Զինվորականությունը քաղաքական խաղիկների մատաղացու՝ զարհուրելի: Եվ երկու դեպքում էլ հասարակական համակերպվածության ապշեցուցիչ դրսեւորում, կարծես ազգային արգանդով փոխանցվող ժառանգականությունը չի պայմանավորում երեւույթները: Իսկ չէ որ վաղը նորից պատերազմ է լինելու, մահապարտների գնդեր են պահանջվելու եւ պարզապես հրամանատարներ, որ թույլ չտան զանգվածը ամբոխ դառնա եւ գաղթականի ցուպի փոխարեն հրազեն բռնել սովորեցնեն:

Որքան էլ որ Հայաստանի ներքաղաքական զարգացումների իրական ենթատեքստի ընկալման առումով հայ զորահրամանատարների վերջին հայտարարությունը բավական թույլ է, այնուամենայնիվ, իբրեւ դիմադրության սկիզբ՝ հուսադրող է: Ինչ որ չկարողացավ անել առանձին վերցրած մեկ քաղաքագետի գրիչը, վերջապես արեց կորպորատիվ ինքնապաշտպանության բնազդը: Ձեռագրերը չեն այրվում, պարոնայք սպաներ եւ երբ ձեզ նախազգուշացնում են հայոց բանակի ընտրանուն սպառնացող ֆիզիկական վտանգի մասին, բարի եղեք մի փոքր ավելի ուշադիր լինել եւ անհրաժեշտ հետեւություններ անել: Ի վերջո, Խորխոռունու սպանությունից մինչեւ Մարգարյանը բավական ժամանակ կար քաղաքական կողմնորոշումները ճշտելու համար: Բայց, ավաղ, հայոց բանակի վերնախավում եւ առանձնապես «Երկրապահ-Հանրապետականի», ներառյալ նրա պատգամավորական ֆրակցիայի շարքերում, կան ազդեցիկ դեմքեր, որոնց անձնական հավակնոտությունն ու քաղաքական ընչաքաղցությունը վեր է դասվում ոչ միայն մարտական ընկերների կյանքից, այլեւ Հայրենիքի անվտանգությունից:

Մարդը սխալական է եւ սպարապետն էլ կարող է սխալվել: Բայց սպարապետն արդեն չափազանց հաճախ է սխալվում: Քաղաքական որոշում է պետք պարոն պաշտպանության նախարար: Քաղաքական որոշումը պարզապես անխուսափելի է, այլապես «Սպայի տունը» հաջորդաբար թաղման թափորներ կընդունի: Իսկ «գործընթացի» ավարտը կնշանավորվի նոր Հայաստանի զորահրամանատարական կազմի բնաջնջմամբ: Եվ երբ թշնամին ավերակ դարձնի Տավուշն ու Սյունիքը, բանակի հրամանատարությունը ստանձնած կլինեն նրանք, ովքեր մի ոտքով այստեղ են, իսկ մյուսով, վաղուց, օտար ափերում՝ «բարոյական հաղթանակների» 21-րդ դարի հայությանն ուղղված լեգենդներն են հյուսում: Հայ իմաստունիկ առաջնորդները պատմական զուգահեռներ չեն սիրում: Ազգային ավանդությանը համաձայն, նրանցից յուրաքանչյուրը հազարամյակների պատմությունն առաջին անգամ է կերտում, բնականաբար միայն իր կերպով եւ նմանությամբ: Բայց իրականությունը, որքան որ դաժան է, նույնքան էլ առարկայական, եւ Հայաստանում, 1998թ. փետրվարյան հայտնի իրադարձություններին հաջորդած ներքաղաքական սխալ զարգացումների հետեւանքով սկսվել է մի գործընթաց, որը համեմատելի է թերեւս միայն ԽՍՀՄ-ում 1937թ. «Տուխաչեւսկու գործի» հետ:

Խորհրդային սպարապետից եւս քաղաքական որոշում էր պահանջվում, բայց նա հապաղում էր, ժամանակ շահում, աչք փակում լավագույն հրամանատարական կադրերի «խորհրդավոր» սպանությունների վրա: Այսօր արդեն հայտնի է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ոստիկանության բանտախցերում իրենց մեղավոր էին ճանաչում այդ սպանությունների համար, ընդամենը զանգվածային տեռորի նույնանման զոհերն էին: Բոլշեւիկյան Ռուսաստանում իշխանությունը զավթած էթնիկական ռենեգատներ՝ Ստալինի եւ Եժովի նկատմամբ, քաղաքացիական պատերազմի հերոս եւ ժողովրդի սիրեցյալ Տուխաչեւսկու քաղաքական գնահատականն այն աստիճան ուշացավ, որ նույնիսկ բրիտանական եւ ֆրանսիական հատուկ ծառայությունները խաչ քաշեցին փառապանծ մարշալի ճակատագրի վրա եւ չխոչընդոտեցին կոմինտերնական գործակալների կողմից Տուխաչեւսկու տրոցկիստական գործունեության «բացահայտմանը»: Ո՞վ ասաց, թե պատմությունը չի կրկնվում: Միայն թե, այլ հարց է՝ իսկ ո՞ւմ է պետք, որ մեր պարագայում եւս պատմությունը կրկնվի:

Եվ բավական է տառապել ինքնախաբեությամբ, թե Հայաստանի այժմյան քաղաքական վերնախավում չկան անձինք եւ ուժեր, որոնք իրենց իշխանական նկրտումների բավարարման ճանապարհին չեն զոհաբերի տասնյակ հազարավոր հայ զինվորների եւ չեն հանդուրժի թշնամու ներթափանցումը Մայր Հայրենիքի տարածք: Իսկ ամենակարեւորն այն է, որ ցանկացած ողբերգության դեպքում, այլեւս, արդարացում կլինի՝ չէ որ ինչ-ինչ «ազգադավ» ուժերի ջանքերով, ամենակարճ ժամանակահատվածում, նոր Հայաստանը զրկվեց իր լավագույն զորահրամանատարներից: Մենք չենք հոգնի կրկնել, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը վերաժողովրդավարացվելու է եւ երկրում հաստատվելու է լիբերալ-դեմոկրատական իշխանություն՝ առողջ ազգայնականության բոլոր բաղկացուցիչներով: Սա է նոր աշխարհակարգում հայ ժողովրդի ռազմավարական առաքելության գլխավոր նախապայմանը, եւ տարածաշրջանում ակտիվ աշխատանք տանող շահագրգիռ ուժերը, իրենց նպատակին հասնելու համար, կանգ չեն առնի ոչնչի առջեւ:

Իսկ 1998-ի փետրվարյան խայտառակությունը հաղթահարելու ամենակարճ ճանապարհը նախ՝ ներքաղաքական տեռորի վճռական (խիստ վճռական, պարոնայք սպաներ) կանխարգելումն էր եւ երկրորդ՝ ազատ ու արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը: Փոխարենը ունենք քաղաքական հաշվեհարդարների անհագ ծարավ, մեղմ ասած, հակաժողովրդավարական ընտրական օրենք, բացահայտ կոչեր՝ ընտրությունները վերածել խորհրդարանական գաթայի վերաբաժանման պարզ գործընթացի եւ լիբերալ երանգավորմամբ ընդդիմության բնական սպառնալիքը՝ բոյկոտել ընտրությունները, բոլոր անխուսափելի հետեւանքներով հանդերձ:

ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728