Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԵԼՔ՝ ԱԺ-Ն ԽՈՒՍԱՓԵՑ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ

Փետրվար 18,1999 00:00
Aghvan Hovsepyan

ԱԺ նիստերի դահլիճում երեկ 20.40-ին ներկա 152 պատգամավորներից 103-ը մասնակցեցին Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի քվեարկությանը. 102-ը «կողմ» էին, «դեմ» չկար, «ձեռնպահ» էր ընդամենը 1-ը։ Ենթադրաբար կարելի է ասել, որ քվեարկությունը բոյկոտած 49 պատգամավորները «Հանրապետությունից» եւ «Շամիրամից» էին։ Քանզի մնացած խմբերն ու խմբակցությունները գլխավոր դատախազի միջնորդության բավարարման կողմնակիցներ էին։

Ինչ նոր տվյալներ հայտնի դարձան

Շուրջ 20 հոգու հարցերին պատասխանելու ընթացքում գլխավոր դատախազը հավելյալ պարզաբանումներ ներկայացրեց իր միջնորդության վերաբերյալ։

«Նախաքննության ներկա փուլում որեւէ տվյալ ձեռք չի բերվել այդ ժամանակաշրջանում հանրապետության բարձրագույն ղեկավար անձանց կողմից այս հանցագործությունների կատարմանը որեւէ մասնակցութուն ունենալու մասին»,- այսպես պատասխանեց Աղվան Հովսեփյանը Լեոնիդ Հակոբյանի հարցին։

Կիմ Բալայանի եւ Գուրգեն Եղիազարյանի սպանությունները կազմակերպելու վերաբերյալ որպես ապացույց բերվեց, թե գաղտնի դիտարկման տեսաերիզներ են առգրավվել։ Դավիթ Վարդանյանը հարցրեց, թե «ծառայական եւ հասարակական ինչ պարտք կատարելիս է, որ Կիմ Բալայանն ու Գուրգեն Եղիազարյանն առաջացրել են ՆԳ նախարարի զայրույթը»։ Դատախազի պատասխանն էր, որ «ԳԽ պատգամավոր Կիմ Բալայանը որոշակի գործունեություն էր ծավալել, որի հետեւանքով նրա եւ Վանո Սիրադեղյանի միջեւ ծագել են անբարյացակամ հարաբերություններ»։ ԱԱՊՎ պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի նկատմամբ էլ Վանո Սիրադեղյանի զգացողությունները պայմանավորված էին որոշ հանցագործությունների բացահայտմամբ։

Մի հետաքրքրական մանրամասն պարզվեց, որ ՌԴ իրավապահ մարմիններն Արթուր Հովհաննիսյանին, Կարեն Ռաֆայելյանին եւ Նորայր Թադեւոսյանին ազատ էին արձակել Սերժ Ջիլավյանի դեմ մահափորձի բացահայտումից հետո՝ քանի որ նրանք ինքնակամ հանձնվել, քննությանն ակտիվորեն օժանդակել եւ այդ մահափորձը Վանո Սիրադեղյանի կողմից պատվիրված լինելու վերաբերյալ խոստովանությամբ էին հանդես եկել Ռուսաստանի հեռուստատեսությամբ։ Այնուամենայնիվ, տարօրինակ է, որ այդքանից հետո Երեւան էին վերադարձել։

Այս պատմության մեջ ինչ-որ թերասածություն կա, որի զգացողությունն առավել խորացավ Անդրանիկ Քոչարյանի այս հարցից հետո, որն իսկական «ռումբ» էր. «Արթուր Հովհաննիսյան. ինչքան գիտեմ՝ «Կյաժ» մականունով այդ տղան Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ էր գտնվում եւ կասկածվում էր 4 սպանությունների կատարման մեջ։ Դուք հետաքննությամբ այսպիսի բան ճշտե՞լ եք։ Այդպիսի բան կա՞ր 1991-ին։ Որտեղի՞ց հայտնվեցին այդ տղաները Հայաստանում, երբ նրանք Մոսկվայում էին եւ նույնիսկ Սերժ Ջիլավյանի կողքին»։ Անդրանիկ Քոչարյանն այս ամենը կարեւորեց պարզելու համար, թե արդյոք սա մասնավորապես «պետության կողմից անվտանգությանն ուղղված անհաջող գործողությո՞ւն է եղել, պետական պաշտոնյայի կողմից անհաջող կազմակերպված»։ Աղվան Հովսեփյանն իր պատասխանում շրջանցեց Ջիլավյանի կողքին լինելու, 4 սպանությունների վերաբերյալ հարցը, բայց հաստատեց, որ «Կյաժը» հետախուզման մեջ է գտնվել հանցագործություն կատարելու առիթով, եւ այդ իսկ ժամանակ աշխատել է Երեւանի ՆԳ վարչությունում, Նվեր Չախոյանի ղեկավարած բաժնում եւ մաս է կազմել մի կառույցի, որի ինչ լինելն այժմ ճշգրտվում է։

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը նաեւ ճշտեց, որ Վահան Հարությունյանը երբեք ՆԳ փոխնախարար չի եղել։

Թեման շարունակեց Սեդրակ Հովհաննիսյանը. «Լուրեր են պտտվում, թե այդ մարդիկ երկու անգամ Սերժ Ջիլավյանի մոտ են եղել, գումարներ են ստացել եւ ընդամենը երկրորդ անգամ են նկարահանվել՝ պայմանով, որ էլի գումար կստանան»։ Աղվան Հովսեփյանը որեւէ կերպ չարձագանքեց այս լուրերին։

Դատախազի միջնորդության մեջ պնդումներ կային ներքին զորքերի վարչության աշխատակից Նորայր Թադեւոսյանի վերաբերյալ, որին Վահան Հարությունյանն իբր ընդգրկել էր Սերժ Ջիլավյանի սպանությունը նախապատրաստող խմբի մեջ։ Վանո Սիրադեղյանը նրան խլացուցիչ ատրճանակ էր տվել, 3 հազար դոլար ընթացիկ ծախսերի համար, եւ նա «գործուղվել էր» Մոսկվա՝ սպանությունն իրագործելու համար։ Քոչար Դավթյանի այն հարցին, թե արդյոք, Նորայր Թադեւոսյանն ընդունե՞լ է այս ամենը, Աղվան Հովսեփյանը դրական պատասխանեց։

Մեղմ ասած, արտառոց էր այս ամենից հետո Վահագն Խաչատրյանի հարցին ի պատասխան լսել, որ այդ ծանր հանցանքները խոստովանած անձն այժմ ոչ միայն կալանավորված չէ, այլեւ, ինչպես անվրդով հայտնեց Աղվան Հովսեփյանը. «Նորայր Թադեւոսյանն աշխատում է ՆԳՆ-ում, ներքին զորքերի համակարգում»։

«Առավոտը» հավելյալ պարզեց, որ մայոր Նորայր Թադեւոսյանն այժմ Ղարաբաղում է։

Ովքեր էին մեղադրում Վանոյին

Շուրջ 30 պատգամավորներ ելույթ ունեցան, բայց հատուկենտներն ընդամենը համարձակություն ունեցան հրապարակավ հիմնավորելու, թե ինչու են կողմ դատախազի միջնորդությանը։

Բնականաբար, ԱԺՄ խմբակցության ներկայացուցիչները, որ միջնորդության ավելի խիստ տարբերակին էլ էին իրենց հավանությունը հայտնել, այս անգամ էլ իրենց դիրքորոշումը չթաքցրին։ Հիմնավորումներն էին փոքր-ինչ տարբեր։ Այսպես, Դավիթ Վարդանյանի գնահատականով. այս հարցը «միջկլանային պայքարի առաջին ծիծեռնակներից է»։ «Ղարաբաղ» կոմիտեի եւս մի անդամ՝ Ալեքսան Հակոբյանն էլ «չափազանց պարզամիտ» անվանեց Դավիթ Վարդանյանի այդ հիմնավորումը։ Հայտնի է, որ Ալեքսան Հակոբյանն էլ էր «կողմ» քվեարկել դատախազի նախորդ միջնորդությանը՝ իր իրավունքն է։ Բայց այս անգամ նրա ջանադրությունն անցավ բոլոր սահմանները, քանզի նա արդեն իսկ Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտումն էլ Վանո Սիրադեղյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնության հետ կապեց։ Երեւի իր որոշակի կապերի շնորհիվ ինչ-որ բան գիտի ու չի՞ հայտնում։

Նույնը վերաբերում է նաեւ Ֆիրդուս Զաքարյանին, որի ենթադրությունն էր, թե նախորդ միջնորդությանը համաձայնելու դեպքում Արծրուն Մարգարյանի սպանությունը կկանխվեր։ Ավելին, պրն փոխնախարարը Հենրիկ Խաչատրյանի սպանությունն էլ պայմանավորեց «նույնպիսի համարձակ քայլով, որի համար գուցեեւ պատժվեց»։ Արամ Կարապետյանին միայն Նվեր Չախոյանի հետ չէին կապել եւ այս պակասն էլ տարածքային ինքնակառավարման փոխնախարարը լրացրեց։

Փոքր-ինչ անսպասելի էին Ռուբեն Հակոբյանի ելույթի որոշ դրույթներ։ Դաշնակցության անունից կասկած հայտնեց, որ նախորդ իշխանությունները «քրեական լուրջ հանցանքների մեջ են թաթախված», նաեւ հիշեց, որ կասեցված ՀՅԴ-ին միայն ընդդիմությունն էր պաշտպանում եւ հայտարարեց, թե այժմ ե՛ւ դիմությունը, ե՛ւ ընդդիմությունը այդպես կվարվեն, «քանի որ հասկացան, որ փոս փորողն ինքը փոսը կընկնի»։ Այ հետաքրքիր կլիներ, եթե Վանո Սիրադեղյանի հասարակական պաշտպանը դատարանում որեւէ դաշնակցական լիներ։

ԱԺՄ խմբակցության անունից ելույթ ունենալով Շավարշ Քոչարյանն արձանագրության արժանի մի կանխատեսում արեց. «Թող որեւէ մեկը չմտածի, թե Վանո Սիրադեղյանը պատասխանատվության է ենթարկվելու։ Եթե կալանավորման համաձայնություն չենք տալիս՝ ինչպե՞ս են բերման ենթարկելու»։

Ովքեր էին պաշտպանում Վանոյին

«Հանրապետություն» խմբակցության 14 անդամներ ելույթ ունեցան։ Արժանահիշատակ է Երջանիկ Աբգարյանի դիտողությունը Սերժ Ջիլավյանի դեմ մահափորձի շարժառիթների վերաբերյալ. «Դրանք անհասկանալի են. մի՞թե համակրանքով կամ հակակրանքով է որոշվում մարդկանց կյանքը։ Եթե այդպես լիներ, կարծում եմ, Վանո Սիրադեղյանը Դավիթ Վարդանյանի նկատմամբ էլ այդքան մի համակրանք չունի»։ «Պատանդ ենք դարձել Վանո Սիրադեղյանի եւ Ռոբերտ Քոչարյանի անձնական փոխհարաբերություններում»,- սա էլ Հովհաննես Իգիթյանն արձանագրեց։

Խմբակցության այլ անդամների ելույթների վերաշարադրանքի փոխարեն մեջբերենք «Հանրապետության» հայտարարությունից։ Վերահաստատվել էր այն պնդումը, թե այս գործը քաղաքական պատվերի հետեւանք է. «Այդ կասկածը մի քանի օրվա ընթացքում հաստատվեց նախ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի խոսքով՝ «Ռոբերտ Քոչարյանը չէր կարող հարցը չմտցնել խորհրդարան», ապա իր՝ պատվերի հեղինակ Ռոբերտ Քոչարյանի ավելի քան միանշանակ խոստովանությամբ։ Ավելին, վերջինս դիմեց բացարձակ քաղաքական շանտաժի եւ սպառնաց երկրի օրենսդիր մարմինն արձակել, եթե ԱԺ-ն շարունակի առաջնորդվել ոչ թե իջեցված պատվերով, այլ պատգամավորների խղճով եւ համոզմունքներով»։

«Հանրապետությունը» նաեւ հայտարարել է. «Քոչարյանի նախաձեռնած միջոցառումը՝ գլխավոր դատախազի միջնորդությունը, հստակ նախընտրական է եւ նպատակ ունի.

ա) շեղել հասարակության ուշադրությունը, նրան քավության նոխազ մատուցելով, խուսափել պատասխանատվությունից,

բ) վարկաբեկել մի կազմակերպություն, որն ընտրություններին իր մասնակցությամբ կարող է խախտել նախապես ծրագրած սցենարը (խիստ կասկածելի է- Ա. Ի.),

գ) ոչնչացնել մի գաղափարախոսություն, որը հակոտնյան է այսօրվա վարչախմբի որդեգրած ազգայնամոլական, արկածախնդրություն տանող գաղափարախոսության, արգելափակոց է նրա ճանապարհին»։

Հընթացս

Ռոբերտ Քոչարյանի կողմից տրված քաղաքական պատվերի առնչությամբ Աղվան Հովսեփյանն ասաց. «Հարցը, որ վերաբերում է ԱԺ պատգամավորին քրեական պատասխանատվության ենթարկելուն եւ Ազգային ժողովի գործունեությանը, բնականաբար, գլխավոր դատախազը չէր կարող չխորհրդակցել հանրապետության նախագահի հետ, որը եւ ես կատարել եմ»։ Այս առնչությամբ Շավարշ Քոչարյանն ասաց. «Ի՞նչ է, նորությո՞ւն է, որ դատախազությունը գործադիր իշխանության կամակատարն է… Ո՞վ ստեղծեց այս համակարգը։ Ստեղծողն էլ է հանցագործ, վայելողն էլ»։

Ի դեպ, «Երկրապահ» խմբի ղեկավար Ալբերտ Բազեյանն անդրադառնալով Արծրուն Մարգարյանի եւ Վահրամ Խորխոռունու սպանություններին՝ դատախազության աշխատանքն անարդյունավետ եւ տարակուսելի անվանեց եւ այդ սպանությունների շուտափույթ բացահայտում պահանջեց։

Ճշմարտությունը մեջտեղում է

Եղան նաեւ ելույթներ, որոնց վերաբերյալ դժվար է միանշանակ ասել՝ պաշտպանում էին կամ մեղադրում։ «Քաղաքական ուժերն այսօր շախմատային լեզվով ասած, պատային իրավիճակում են,- ասաց Արտաշես Թումանյանը։- Եվ դրական որեւէ հանգուցալուծում չեմ տեսնում»։ Նա հավասարապես խայտառակ էր համարում ե՛ւ այն տարբերակը, եթե սա զուտ քրեական պատմություն է, ե՛ւ եթե սա քաղաքական հետապնդում է։ Չնայած նախագահի խորհրդականը Ռոբերտ Քոչարյանին գրեթե անընդունակ համարեց «գործ սարքելու» համար. «Այդքան վճռական չի եւ այդպիսի մեծ համարձակության, ռիսկի երբեք չէր գնա»։

Պարույր Հայրիկյանը, որ էլի կողմ էր դատախազի միջնորդության բավարարմանը, այնուամենայնիվ, խմբակցության անունից իր խոսքում՝ ասաց. «Եթե 20 տարի հետո այս ելույթները կարդան՝ պիտի ասեն. «Էս հայերն ուրիշ հակառակորդներ ունեցե՞լ են»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728