Նախորդ համարում «Առավոտը» գրել էր, որ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը հյուրանոց է կառուցում «Հրազդան» կամրջի հարեւանությամբ։ Այդ մասին վերջինս կամեցավ բացատրություններ տալ։
«Առավոտ» թերթը գրել է, որ ինչ-որ փոս կա, որտեղ շինարարություն է ծավալվում, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանին, որտեղ նա կառուցում է «Հաղթանակ» անունով հյուրանոց, եւ այդ տարածքն ինձ հատկացրել է Վանո Սիրադեղյանը, եւ ձեզ հետաքրքրում է, թե ես ինչպես կքվեարկեմ վերջինիս վերաբերող հարցի պարագայում։ Իրոք, այդ տեղը հատկացրել է Վանո Սիրադեղյանը, բայց տարածքի համար դիմումը դեռ Աշոտ Միրզոյանին եմ ներկայացրել՝ ավտոսալոն կառուցելու համար։ Հայաստանը նույնպես նորմալ երկիր է, եւ այստեղ եւս պետք է ավտոմեքենաների վաճառքը կանոնավոր, քաղաքակիրթ վիճակի բերվի։ Իրոք, Վանո Սիրադեղյանը քաղաքապետ դառնալով՝ այդ տարածքը հատկացրեց ինձ՝ ավտոսալոն կառուցելու համար, որը եւ կառուցվում է։ Այս տարի կավարտվի շինարարությունը եւ դուք կտեսնեք, որ դա գեղեցիկ շինություն է լինելու, բայց՝ ոչ հյուրանոց։
-Բայց Դուք ո՞նց եք քվեարկելու Վանո Սիրադեղյանի առնչությամբ։
-Ես քվեարկելու եմ իմ խղճին համապատասխան։
Կարդացեք նաև
-Իսկ Ձեր խիղճը Ձեզ ի՞նչ է ասում։
-Ինչ որ իմ խիղճն ինձ ասում է՝ չեմ կարող ասել։ Վանո Սիրադեղյանն ասել է, որ ինքն արդար է։ Թող գա, դատարանում ապացուցի, որ ինքն արդար է։ Ես չեմ ասում, թե դատարանն արդար կամ անարդար կլինի կամ ինչպիսի ճնշումների կենթարկվի-չի ենթարկվի՝ դա երկրորդական հարց է։ Բայց ճիշտ կլիներ, որ նա ապացուցեր, որ ինքն անմեղ է, որ ինքը որեւէ կապ չունի սպանությունների հետ։ Դա եւ հասարակական հնչեղության, ե՛ւ մարդկային, ե՛ւ ընկերական առումներով, ե՛ւ իբրեւ քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի տեսանկյունից՝ իրեն շատ ձեռնտու կլինի։
-Բայց Դուք չասացիք, թե ինչպես եք քվեարկելու՝ կո՞ղմ, թե՞ դեմ։
-Ես չեմ էլ ասելու, թե ինչպես եմ քվեարկելու՝ քվեարկելու եմ իմ խղճին համապատասխան։
Ա. Զ.