Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արմեն եւ Արսեն Խաչատրյանների ծնողները, հարազատները, ծանոթներն ու հարեւանները երեկ բողոքի ցույց էին կազմակերպել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Ծնողները թերթերից են իմացել իրենց որդիների ծանր վիճակի մասին եւ եկել էին դատախազությունից պահանջելու որեւէ լուր իրենց զավակների ճակատագրի վերաբերյալ։ Հարեւաններն ու ազգականները պնդում էին, թե տղաները մարդասպան չեն եւ իշխանությունները ճիշտ կանեն, եթե մարդասպանին իրենց մեջ փնտրեն։
Մայրերի հետ հանդիպեց գլխավոր դատախազի տեղակալ Ժիրայր Խառատյանը։ Հեռախոսով կապվեցինք վերջինիս հետ եւ խնդրեցինք թույլ տալ՝ մասնակցել հանդիպմանը։ Պարոն Խառատյանի օգնականը նույն հեռախոսով հաղորդեց, թե հանդիպումն «այնքան տաք է», որ այլ անձանց ներկայությունը հնարավոր չէ թույլատրել։ Հանդիպումից հետո Արմենի եւ Արսենի մայրերը պատմեցին հետեւյալը. «Բողոքի դիմում ենք գրել, դատախազի տեղակալն ընդունեց, ասաց, որ դատական բժիշկը տվյալներ կներկայացնի մեր տղաների առողջական վիճակի մասին, այսինքն դատաբժշկական փորձաքննություն կանցկացվի եւ երկու օրից մեզ կպատասխանեն։ Եթե փորձաքննության արդյունքը մեզ չբավարարի, մենք կբողոքարկենք»։
Ծնողներին չեն թույլատրել հանդիպել տղաներին։ Մայրերի կարծիքով՝ իրենց զավակներին միտումնավոր են քաշել խաղի մեջ եւ այս ամբողջ պատմությունը նրանց գլխին սարքել են։ … Իսկ գլխավոր դատախազի տեղակալը մերժեց մեզ ընդունել այս գործի կապակցությամբ, իր օգնականի բերանով հեռախոսով հաղորդելով հետեւյալը. «Քանի որ տվյալ գործի վերաբերյալ հսկողությունն ինքը չի իրականացնում»։
Մ. ԵՍԱՅԱՆ