Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԲԱԺԱԿ ՆԱՅԵԼՈՎ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Փետրվար 18,1999 00:00
Serj Sargsyan

ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը պատասխանում է «Ազատություն» ռ/կ-ի եւ «Առավոտի» հարցերին

-Պարոն Սարգսյան, մեկ տարի առաջ «Հետագիծ» ծրագրին տված հարցազրույցում դուք հայտարարեցիք, որ ճիշտ է, Արծրուն Մարգարյանի դեմ կատարված հանցագործությունը դժվար բացահայտվող գործ է, բայց այն անպայման կբացահայտվի։ Ի՞նչն էր պատճառը, որ մեկ տարվա ընթացքում գործն, այնուամենայնիվ, չբացահայտվեց։ Հետաքրքիր է նաեւ՝ արդյո՞ք Արծրուն Մարգարյանը չէր հայտնել, թե ով էր իր ոտքերին կրակել։

– Արծրուն Մարգարյանի դեմ կատարված հանցագործությունը, որն այսօր փորձում են ներկայացնել որպես սպանության փորձ, երեւի, այդպես չի կարելի գնահատել. դա ծանր մարմնական վնասվածք հասցնելն էր։ Գործը չի բացահայտվել, որովհետեւ դրա համար պետք է ունենալ տվյալներ։ Ցավոք սրտի, այս դեպքում Արծրուն Մարգարյանը չէր կարողանում նկարագրել ոչ միայն հանցագործի արտաքինը, այլ նույնիսկ ձայնը։ Ավելին՝ նա չէր կարողանում ասել՝ հանցագործն իրենից բարձր էր, թե ցածր։

– Իսկ արդյո՞ք նա չէր հայտնել նախաքննության մարմիններին, թե ով էր իրեն զգուշացրել սպասվելիք մահափորձի մասին։

– Նա հայտնել է՝ դա եղել է գեներալ Ղազարյանը։

– Պարոն նախարար, այս նիստի ժամանակ դատախազը մի քանի անգամ ձեզ փոխանցեց այն հարցը, թե ովքե՞ր էին այն չորս պատգամավորները, որոնց մասին դուք նշել էիք ժամանակին։ Կարո՞ղ եք որեւէ բան ասել այդ մասին։

– Ես կարող եմ ասել հետեւյալը՝ եթե Ազգային ժողովին իրոք հետաքրքրում է, թե ովքեր էին այդ չորս պատգամավորները, նրանք կարող են որոշում կայացնել, եւ մենք կկատարենք այդ որոշումը։ Այսինքն՝ իրենք մեզ պաշտոնապես պարտադրեն, որ մենք հայտնենք, թե ովքեր էին։ Ինչո՞ւ ես այդ մարդկանց անունները չեմ ասում, որովհետեւ եթե մարդու դեմ քրեական գործը կարճվել է, ապա ինչո՞ւ մենք պետք է նրա անունը շահարկենք։ Բայց նորից եմ ասում՝ եթե Ազգային ժողովն այդպիսի որոշում կայացնի, մենք փաստերը կհրապարակենք։ Այդ դեպքում պատգամավորները եթե դժգոհություն ունենան, թող այն ներկայացնեն Ազգային ժողովին եւ ոչ թե՝ ինձ։

– Նշված գործերն այլեւս չե՞ն վարվում։

– Երկուսի նկատմամբ՝ այո։

– Կարո՞ղ եք հերքել կամ հաստատել, որ դրանցից երկուսն, օրինակ, Ռազմիկ Դանիելյանը եւ Ժորա Գեւորգյանն են։

– Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Դուք, երեւի, ինչ-որ բան շփոթում եք։ Համենայնդեպս, ես հիմա կարող եմ ասել, որ այդ թիվը կարելի էր նշել՝ վեց կամ ութ։ Այնպես որ, այստեղ որեւէ խնդիր չկա։ Երեկ ասացի եւ նորից կրկնում եմ՝ ես գիտակցում եմ, թե ինչպիսին է իմ պաշտոնը, եւ իմ ցանկացած խոսք ես տաս անգամ չափում, նոր՝ ասում եմ։

– Եվս երկու հարց Արծրուն Մարգարյանի հետ կապված։ Անցած տարի զգուշացվածներից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, հայտարարել էր, որ եթե Արծրուն Մարգարյանի դեմ կատարված մահափորձը բացահայտվեր՝ Վահրամ Խորխոռունին չէր սպանվի։ Արդյո՞ք ձեր տրամադրության տակ կան նյութեր, որոնք կհաստատեն, որ այդ գործերը մի շղթա են կազմում։

– Նորից եմ խնդրում՝ ինձ չստիպել մեկնաբանել տարբեր մարդկանց ասածները։ Դուք հնարավորություն ունեք այդ մարդկանց հարցնելու եւ պատասխաններ ստանալու։ Ես կարող եմ միայն մեկ բան ասել՝ մենք պատրաստ ենք լսելու ցանկացած մարդու, որը կարող է որոշակի տեղեկություններ տալ ցանկացած հանցագործության, այդ թվում նաեւ Արծրուն Մարգարյանի սպանության մասին։ Լուրջ հետեւություններ կարելի է անել միայն այն պարագայում, եթե դու մեծ, մասիվ ինֆորմացիայի ես տիրապետում։ Հակառակ պարագայում ինչ-որ տրամաբանություն աշխատեցնել, ինչ-որ եզրահանգումներ անել՝ դա նման է բախտ բացելուն, կամ սուրճի բաժակի մեջ նայելուն։

– Սա արդեն ոչ թե որեւէ մեկի մեկնաբանություն է, սա տեղեկություն է, որ հրապարակվել է մամուլում, որը չի հերքվել։ Այն է. Արծրուն Մարգարյանը ե՛ւ Վահան Հարությունյանի, ե՛ւ Արմեն Տեր-Սահակյանի գործերով վկա էր, եւ որ նա ծանոթացել է Վահան Հարությունյանի ցուցմունքներին եւ հրաժարվել դրանք հաստատել՝ ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։

– Եթե դուք գտնում եք, որ մամուլում հրապարակված ցանկացած նյութ մենք պետք է կա՛մ հերքենք, կա՛մ հաստատենք, ապա ես համաձայն չեմ։ Երեկվա կամ այսօրվա մամուլում կան հիսունից ավելի ենթադրություններ, որոնք հիմնականում կա՛մ բաժակ նայելուց է կատարվել, կա՛մ էլ ինչ-որ մեկը երազում է տեսել՝ մենք չենք կարող բոլորը հերքել։ Թե չէ մեր ամբողջ ժամանակը կգնա նրան, որ պետք է կա՛մ հերքենք, կա՛մ հաստատենք։ Ո՞ր երկրում եք այդպիսի բան տեսել։

– Երեկ դուք հեռուստացույցով ասացիք, որ ոչ մի ֆիզիկական ճնշում Արծրուն Մարգարյանի թիկնապահների վրա չի գործադրվում, իսկ նրա ծնողները ճիշտ հակառակն էին պնդում։ Հնարավո՞ր է ծնողների եւ նրանց ձերբակալված երեխաների հանդիպումը, որպեսզի ծնողներն էլ համոզված լինեն, թե ինչ վիճակում են նրանց երեխաները։

– Հարցին հարցով եմ պատասխանում՝ իսկ ծնողները որտեղի՞ց գիտեն, տեսե՞լ են իրենց երեխաներին։

– Նրանք ասում են, որ փաստաբանից են իմացել։

– Մեր խոսակցության մեջ անընդհատ կրկնվում է՝ նրանք ասում են, փաստաբանն ասում է։ Փաստաբանն ասել է նաեւ, որ իր տվյալների համաձայն՝ Արմեն Խաչատրյանը մոտ օրերս ազատ է արձակվելու։ Որտեղի՞ց իմացավ։ Էլի՞ բաժակ է նայել։ Գոյություն ունի պրոցեսուալ կարգ։ Եթե փաստաբանը գտնում է, որ իր պաշտպանյալին ֆիզիկական բռնությունների են ենթարկել, կա դիմելու համապատասխան մարմին։ Վերջապես տաս անգամ ասացինք, որ այդ գործի քննության մեջ ներգրավված են ե՛ւ Միացյալ Նահանգներից, ե՛ւ Ռուսաստանի Դաշնությունից մասնագետներ։ Այդ մարդիկ դա չէի՞ն նկատի։

– Արդյո՞ք հնարավոր չէր կազմակերպել ծնողների եւ նրանց երեխաների հանդիպում, որպեսզի հենց ծնողները հերքեին իրենց իսկ տարածած լուրերը։

– Ցանկացած հանդիպում պետք է թույլ տա հանրապետության դատախազը։ Ես կողմնակից չեմ կասկածյալների հետ հանդիպման։ Կտեսնենք՝ եթե որոշ մարդիկ կփորձեն հասարակական կարծիք ձեւավորել, որ ձերբակալվածները ֆիզիկական բռնությունների են ենթարկվում, մենք ձեւը կգտնենք. հեռվից, որպեսզի որեւէ շփում չլինի, ցույց կտանք, եւ դուք կտեսնեք, որ այդ մարդիկ ֆիզիկական բռնությունների չեն ենթարկվում։ Պետք է ասեմ, որ ե՛ւ Անվտանգության մեկուսարանը, ե՛ւ Ներքին գործերի մեկուսարանը միշտ բաց են եղել, ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ մեր պատգամավորների համար՝ բոլորի համար։ Բայց թույլ տալ, որ այսպիսի ծանր հանցագործության մեջ կասկածվող մարդկանց հետ շփվեն՝ դա նախաքննությանը օգուտ չի տա։ Կասկածյալներն, ի վերջո, հնարավորություն կունենան շփվելու շատերի հետ եւ իրենք կասեն։ Նրանք կարծում են, որ իրենց վատ են զգում, բայց նորից եմ կրկնում՝ նրանք առողջարանում չեն։

– Դուք Ռ. Ղազարյանի վերաբերյալ էիք ասել, որ եթե իրեն բերենք, նա շատ մանրամասներ կպատմի այս տարվա իրադարձությունների վերաբերյալ։ Նրա մասին հետախուզման որոշում է կայացվել, բազմաթիվ վկայություններ կան, որ նա Մոսկվայում է, բայց, այնուամենայնիվ, Ռոմեն Ղազարյանն այդպես էլ չի բերվել։ Ո՞րն է պատճառը՝ ձեր վատ աշխատա՞նքը։

– Եթե նա հանրապետությունում լիներ, եւ մենք նրան չգտնեինք՝ դա մեր վատ աշխատանքը կլիներ։ Բայց, եթե դուք գտնում եք, որ մենք կարող ենք մեր պահանջները, մեր իրավունքները ամբողջությամբ օգտագործել ցանկացած այլ երկրում՝ ուղղակի սխալվում եք։ Չեմ ուզում մանրամասներին անդրադառնալ, որովհետեւ կարող եմ մեր գործը բարդացնել։

– Ձեր խոսքից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի իշխանությունները կա՛մ չեն ցանկանում, կա՛մ ինչ-որ բարդություններ ունեն Ղազարյանին Հայաստանին հանձնելու վերաբերյալ։

– Ես ասացի, որ չեմ ուզում մանրամասներին անդրադառնալ։

– Վանո Սիրադեղյանի այն հայտարարությունները, որ մեր որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ Մոսկվայում պարբերաբար Ռոմեն Ղազարյանի հետ են հանդիպում՝ որքանո՞վ են հիմնավորված։

– Այնքանով, որքանով որոշ մարդիկ պատերազմի հանցագործներ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728