Լրահոս
Օրվա լրահոսը

Սայթաքումներ

Փետրվար 18,1999 00:00
saytaqel

Ծերուկ Զիգմունդ Ֆրոյդը լեզվի սայթաքումների վերաբերյալ ուներ մի ամբողջ տեսություն: Նման սխալները, գտնում էր հոգեվերլուծության տեսության հեղինակը, ջրի երես են բերում մարդու ենթագիտակցության մակարդակում գտնվող բնազդները: Երբ, օրինակ, Զյուգանովն ասում էր, որ նախագահ Ելցինը սիրավեպ էր ունեցել Մոնիկա Լեւինսկու հետ, նա բացահայտում էր իր՝ նաեւ սեռական ատելությունը քաղաքական գլխավոր հակառակորդի նկատմամբ: Կամ երբ նույն «քեռի Զյուն» հայտարարում է, թե վերջին տարիների ընթացքում Ռուսաստանում աղքատացել են միլիոնավոր ռուբլիներ, դրանով նա ենթագիտակցորեն հաստատում է մատերիալիզմի գլխավոր թեզը, ըստ որի՝ գոյությունը /ռուբլի/ առաջնային է, իսկ մարդն իր գիտակցությամբ՝ երկրորդական:

Մեր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նույնպես զուրկ չէ այդ ցավալի սայթաքումներից: Ընդ որում, այդ սխալների մի մասը նրա մոտ պարբերական բնույթ է կրում եւ նույնիսկ գրավոր տեսք է ստանում: Ասենք, նրա գրավոր միջնորդության մեջ ասված է, որ «սպանությունը մինչեւ վերջ չիրականացվեց»:

Իրավական այս ձեւակերպումը, հավանաբար, նշանակում է, որ սպանությունը կիսատ, անավարտ մնաց, այսինքն՝ մարդուն սպանել են /որովհետեւ սկսվեց իրականացվել/, բայց մի քիչ, թեթեւակի: Կամ, ըստ դատախազի, ռուս իրավապահները ժամանակին Մոսկվայում հայ երկու ահաբեկիչ էին բռնել, նրանց ինքնախոստովանությունը հեռուստատեսությամբ հեռարձակել եւ հետո բաց թողել, թե՝ գնացեք, աղավնյակներ, շարունակեք ձեր սեւ գործը: Սայթաքում է, անշուշտ, բայց հայ-ռուսական բարեկամության համար չափազանց նպաստավոր: Կամ էլ՝ դատախազի կարծիքով, անմեղության կանխավարկածը ենթադրում է, որ մեղադրյալն ինքն է ապացուցում իր անմեղությունը, ոչ թե հետաքննության մարմինները՝ մեղավորությունը: Քանի որ լեզվի այս սայթաքումը դատախազի մոտ արդեն 3-4 անգամ է կրկնվում, այստեղ լուրջ մասնագետի պետք է հարցնել: Օրինակ, Ռուբենիչին, որը ժամանակին ուսանող Հովսեփյանին դրական գնահատական է նշանակել:

Այժմ բանավոր սայթաքումների մասին: Ձերբակալված թիկնապահների մասին պրն Հովսեփյանն ասել է. «ներկայումս կատարվում է սպանություն» /ուզում էր ասել՝ նախաքննություն/: Իսկ դիակները հայտնաբերվել են իր՝ Աղվան Հովսեփյանի ամառանոցում /իրականում ցանկանում էր ասել՝ իր միջնորդության մեջ/: Այս հարցում պետք է դիմել այլ մասնագետների:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728