Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԿԱՐԾ ՉԼԻՆԻ՝ ԻՐԱՐԻՑ ՀԵՏ ՄՆԱՆ

Փետրվար 18,1999 00:00
David Shahnazaryan

Պատգամավորների՝ Վանո Սիրադեղյանին դատախազության դատին հանձնելուց անմիջապես հետո պատգամավոր Դավիթ Շահնազարյանը հանդես եկավ «ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության հարցը նախապատրաստող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» առաջարկով։

Դա լսելուն պես պատգամավորների մեծ մասը միմյանց հրելով եւ դրանով իսկ պատասխանատվությունից խուսափելով՝ լքեց դահլիճը։ Թեեւ՝ լքողների մի մասը մինչ դուրս գալը աննկատ, բայց խրախուսական սեղմում էին Դավիթ Շահնազարյանի ձեռքը։ «Երկրապահ» պատգամավորական խումբը քվեարկելուց առաջ ընդմիջում խնդրեց, որն օգտագործեց փոքրիկ «летучка»-ի համար։ Ընդմիջումից անմիջապես հետո երկրապահ Արամազդ Զաքարյանը մեղադրեց ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին՝ Դավիթ Շահնազարյանին ձայն տալու, դրանով իսկ՝ կանոնակարգը խախտելու մեջ։ Արշակ Սադոյանը գտավ, որ հակառակը նո՛ր կլիներ օրինակարգի խախտում։

Պրն Շահնազարյանի առաջարկությունը ընդունելու համար անհրաժեշտ էր ձայների 1/3-ը։ Այսինքն՝ դահլիճում առնվազն պետք է 96 պատգամավոր լիներ, որոնցից՝ 64-ի «կողմ» քվեարկելու դեպքում առաջարկը կընդունվեր։ Սակայն դահլիճում ընդամենը 64-65 պատգամավոր կար, ուստի քվեարկությունը հետաձգվեց մինչեւ այսօր։ «Երկրապահ» պատգամավորական խմբի հստակ դիրքորոշումը Ալբերտ Բազեյանն ամեն դեպքում ներկայացրեց՝ ասելով, որ հանրապետությունում առանց այդ էլ գերքաղաքականացված մթնոլորտ է, եւ իրենք այսպիսի նախաձեռնություններին ուղղակի չեն մասնակցելու՝ մթնոլորտն առավել չշիկացնելու համար։

«Հայրենիք» պատգամավորական խմբի անդամ Սոս Գիմիշյանից (ինչպես նաեւ այլ խմբերի եւ խմբակցությունների անդամներից) փորձեցի ճշտել. իրենք պաշտպանելո՞ւ են Շահնազարյանի առաջարկը, թե ոչ։ «Հայրենիքը» միանշանակ պաշտպանելու է առաջարկը եւ կողմ է քվեարկելու»։

Արշակ Սադոյան (ԱԺՄ)- Մենք այդ հարցը խմբակցությունով դեռ չենք քննարկել, սակայն կարծում եմ՝ արտահայտում եմ բոլորի կարծիքը՝ մենք կողմ ենք առաջարկին։ Գտնում ենք, որ այսպիսի կարեւոր հարցերում հրապարակայնությունը, մանավանդ, երբ կան ակնհայտ սահմանադրական խախտումներ, անհրաժեշտ է։

«Շամիրամը» դեռ չէր քննարկել առաջարկը, սակայն, ամենայն հավանականությամբ, կպաշտպանի այն։

Ռուբիկ Հակոբյանը (ՀՅԴ) «ոտքի վրա» պատասխանել չցանկացավ. «Առաջարկը կդրվի քվեարկության, կտեսնենք»։ «Կողմ» է քվեարկելու նաեւ «Հանրապետությունը»։

Թեեւ չհաջողվեց ճշտել ԻՄ եւ «Բարեփոխումներ» խմբակցությունների կարծիքը, սակայն մեզ թույլ ենք տալիս ենթադրել, որ նրանք չեն պաշտպանի առաջարկությունը։

Իսկ նախագահի պաշտոնանկության հարցի «մեխերը» սահմանադրական խախտումներ են՝ արտահերթ նստաշրջաններ չհրավիրելը, մեր մշակութային արժեքները Գերմանիային հանձնելը «եւ էլի այլ բաներ»։

Ամեն դեպքում Հայաստանում քաղաքական կյանքը շիկացած պահելու թե՛ նախագահի, թե՛ կառավարության եւ թե՛ խորհրդարանի բոլոր ջանքերը հաջողությամբ են պսակվում։ «Ակն ընդ ական», իսկ ժողովրդի հերն էլ անիծած։ Համենայնդեպս՝ մինչեւ ԱԺ նոր ընտրությունները։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728