Լրահոս
Օրվա լրահոսը

Էս էն տարածքն է, որ ԱԺՄ-ին է տվել ուսուցչի տունը

Փետրվար 17,1999 00:00
ajm

Դեռեւս 1998 թ. գարնանը ԱԺՄ Վանաձորի կազմակերպության գրասենյակում, որ այն ժամանակ նոր էր հիմնադրվել Թումանյան – 5 հասցեում եւ ընդամենը նախընտրական շտաբի դեր էր կատարում, իբրեւ քարոզչության գլխավոր միջոց կարելի է տեսնել միայն կուսակցության պաշտոնաթերթի տարբեր համարներ։

Այս տարվա հունվարից գրասենյակը սկսել է ստանալ հանրապետական մի քանի օրաթերթեր եւ շաբաթաթերթեր։ Փաստորեն, ինչ-որ չափով վերածվելով նաեւ տեղեկատվական կետի, քանի որ թերթերի հավաքածուները խնամքով պահպանվում են։

ԱԺՄ Վանաձորի գրասենյակում պատահականորեն նկատեցինք, որ այն ինչ-որ չափով իրավապաշտպան գործունեություն է ծավալում։ Մեր այցելության պահին այդտեղ էր գտնվում հիմնարկի տնօրենի կամայականությունից բողոքող մի քաղաքացի, որը զրկվել էր իր հասանելիք 84 հազար դրամ աշխատավարձից։ Գրասենյակի պատասխանատուն, նույն ինքը՝ ԱԺՄ Վանաձորի կազմակերպության նախագահ Գառնիկ Հարությունյանը, տեղեկացրեց, որ նման եւ այլ կարգի բողոքներ այդտեղ «էնքա՜ն են լինում»։ Սակայն իրենք առանձնապես հաշվառում չեն անում, պարզապես փորձում են հնարավորության, օրենքի եւ իրենց իրավասության սահմաններում օգտակար լինել տվյալ քաղաքացուն՝ հարցը կարգավորելու նպատակով։ Գրասենյակի հասարակական գործունեության մեջ ընդգրկված են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ ԱԺՄ համակիրներից (իրավաբան, սոցիոլոգ եւ այլն)։

ԱԺՄ Վանաձորի տարածքային կազմակերպության նախագահը նկատեց, որ իրենց գործունեությունը որոշ հարցերում ավելի նպատակային կլիներ, եթե Լոռու մարզի վերջերս ստեղծված քաղաքական խորհուրդը գործեր։ Նրա համար անհասկանալի էր, թե ինչու ՔԽ նիստեր չեն գումարվում։ Մինչդեռ իրենք այնտեղ ներկայացնելու շատ հարցեր ունեն։ Իբրեւ նման մի հարց մեր զրուցակիցը նշեց, որ քաղաքի վթարային շենքերի հիմքերն արդեն մեկ տարուց ավելի է խարխլվում են, դրանցում ապօրինի շինարարություն ծավալելու արդյունքում՝ զանազան օբյեկտներ են դառնում (վաճառատեղեր, գրասենյակներ, դեղատներ)։

ԱԺՄ տեղական կազմակերպության գրասենյակը ներկայումս տարածքի հետ կապված խնդիրներ ունի՝ ուսուցչի տան հետ, որի տարածքի մի մասը վարձակալել է։ Ուսուցչի տունն էլ իր հերթին խնդիրներ ունի քաղաքային իշխանությունների հետ։ Նշենք, որ ընդամենը երկու շաբաթ առաջ ԱԺ երկու պատգամավորների հետ քաղաքացիների եւ Վանաձորի քաղաքապետի հանդիպման ժամանակ ուսուցչի տան տնօրենը փորձում էր ճշտել իր ունեցած իրավունքները՝ ուսուցչի տան տարածքի նկատմամբ։ Սակայն բավարար պատասխան չստացավ, որից եզրակացրինք, որ այդ խմորը դեռ շատ ջուր կքաշի։

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728