Կամ համարյա «բիրիքով» հարցազրույց
Երկշաբաթյա ընդմիջումից հետո առողջապահության նախարարությունում երեկ նյարդեր քայքայելու հերթական օրն էր։ Իհարկե, դրան մամուլի ասուլիս անունն էր տրված։
Արդեն երրորդ անգամն է լրագրողներով հավաքվում, դժգոհում ենք ասուլիսների կազմակերպման եւ անցկացման նման կարգից, հետո գնում եւ գրում ենք ամեն ինչի մասին, միայն թե ոչ դրա։ Երկու շաբաթ հետոյի հեռանկարը աչքի առաջ ունենալով՝ մի երկու դիտարկում մեզ թույլ տանք. ասուլիս կազմակերպողները սովորաբար գալիս են միասին եւ այն էլ ճիշտ ժամանակին։ Ցանկալի է, որ ասուլիսի ժամանակ բացառվի կամ առնվազն կանոնակարգվի դուրսուներս չափից ավելի երթեւեկը։ Մեծ լսարանի եւ ցածր ձայնով ելույթ ունեցողների առկայությունը պիտի որ ենթադրեն նաեւ բարձրախոսների առկայություն։ Բացի այդ, բոլոր ասուլիս տվողները ցանկալի է իրար մոտ նստած լինեն, թե չէ, ձայնագրիչներն էլ իրենց հերթին են այս ու այն կողմ «երթեւեկում»։ Իհարկե, կարելի էր եւ այսքան «մանրախնդիր» չլինել եւ չգրել այս ամենի մասին։ Բայց մեկ անգամ չի, երկուսը չի, երեքն էլ չի, վախենանք՝ այսուհետեւ էլ ոչինչ չփոխվի։ Սա տեխնիկական կողմի մասին։
Իսկ ընդհանրապես երկու շաբաթը մեկ ասուլիս հրավիրելու գաղափարը այնքան էլ օրիգինալ չէ։ Որպես կանոն, լրագրողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում առողջապահության նկատմամբ եւ ավելի հաճախ նրանց հարցերի պատասխաններն այնքան ծավալուն են լինում, որ չեն տեղավորվում, նույնիսկ մեկուկես ասուլիսի շրջանակներում։ Ավելի հաճախ այդ հարցերը «էքսկլյուզիվ» պատասխանների ակնկալիքով են տրվում։ Իսկ այսպես ստացվում է, որ ներկա բոլոր լրագրողները լսում են իրենց գործընկերոջ հարցերն ու դրանց տրվող պատասխանները կամ դրանց մի մասը։ Հեղինակային իրավունքի ոտնահարման մասին խոսելը ազնիվ, շատ բարձրագոչ ու անհեթեթ կհնչեր։ Բավարարվենք այնքանով, որ ասուլիսները լինում են թեմատիկ կամ որեւէ կարեւոր իրադարձությամբ պայմանավորված։
Կարդացեք նաև
Ասուլիսի սկզբում ՀՀ առողջապահության նախարարի փետրվարյան աշխատանքային ժամանակացույցը ներկայացվեց։ Իսկ «կարեւոր» իրադարձությունը թերեւս նախարարի՝ Լոնդոն կատարած այցելությունն էր։ Բացի այդ, Յուրի Լուժկովի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ Մոսկվայի կառավարության առողջապահության կոմիտեի նախագահ Անդրեյ Սելցովսկին եւ ՀՀ առողջապահության նախարարության կողմից փոխնախարար Արմեն Աթաբեկյանը ստորագրել են համաձայնագիր, որի մասին ասվեց, թե «փաստաթուղթը գտնվում է ուշադրության կենտրոնում»։ Մարտի 1-ին Հայաստանի առողջապահության նախարարության պատվիրակությունը կմեկնի Մոսկվա։
Ասուլիսի ժամանակ մի քանի անգամ տարակուսանք հայտնվեց (ոչ լրագրողների կողմից) գրիպի շնչառական սուր հիվանդությունների նկատմամբ լրագրողների չնվազող հետաքրքրության կապակցությամբ։ («Արդեն գրիպը պրծավ»), սակայն թվեր, այնուամենայնիվ, բերվեցին. այս շաբաթ Երեւանում շնչուղիների սուր վարակիչ հիվանդության 1800 դեպք է գրանցվել անցյալ շաբաթվա 3400-ի դիմաց ամբողջ հանրապետությունում՝ 17 հազար՝ անցյալ շաբաթվա 21 հազարի դիմաց։ Գրիպի դեմ պայքարի եւ դրա կանխարգելման միջոցների շարքում նշվեց նաեւ անձնական հիգիենայի կանոնների պահպանումը, մասնավորապես՝ չնստել հազացողների եւ փռշտացողների մոտ։ Փետրվարին բոտուլիզմի վեց դեպք է գրանցվել՝ առանց մահվան ելքի։ Մոտավորապես այս պահին էր, երբ սենյակ մտավ ՀՀ առողջապահության նախարարը եւ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի՝ նոր նշանակված իր գործընկերոջը։
Վերջինս էլ լրագրողներին մխիթարեց Արցախում գրիպի անկման փաստով։ Իսկ մեր նախարարն ամենայն մանրամասնությամբ (խոստացավ լրագրողների կողմից համապատասխան ցանկության դեպքում ավելի մանրամասնել) պատմեց իր լոնդոնյան այցի եւ այնտեղ կարդացած զեկուցման մասին։ Ճիշտ է, վերջում կոչ արեց «չֆիքսվել դրա վրա»։ Նախարարը չհերքեց այն փաստը, որ բուժհիմնարկներում շարունակվում են աշխատավարձի չվճարումները, ինչն իր տպավորությամբ ոչ թե ֆինանսի պակասից է, այլ ֆինանսների շուկան կայունացնելուն ուղղված՝ կառավարության քայլերը։ Դրանով վերջինս «զսպում» է դրամի կուրսի անկումը։
Այս օրերին նախարարությունում քննարկվում է «1999 թ. պետության կողմից երաշխավորված անվճար բուժծառայությունների եւ սպասարկման կամ կարճ՝ պետպատվերի մասին որոշման» նախագիծը։ Բացի այդ պատրաստվում են ԱԺ (որն էլ լինի, երբ էլ լինի) մտցնել «Բժշկական ապահովագրության մասին» օրենքի նախագիծը։ Թեեւ կա այն ավելի շուտ համոզվածությունը, քան մտավախությունը, որ ապահովագրությունը միանգամից չի գործելու, սակայն անհատները պիտի գիտակցեն, որ իրենց առողջությունը ոչ միայն իրենց է պատկանում, այլեւ հասարակությանը։
Փետրվարի 29-ին լրանում է առողջապահության նախարար Հայկ Նիկողոսյանի պաշտոնավարման 100 օրը։ Այդ իրադարձության կապակցությամբ մամուլի ասուլիսը կհրավիրվի մամլո սրահում (հավանաբար, Արմենպրեսի)։ Միայն թե նախարարը գնա Մոսկվա, գա՝ նոր։
Երեւանի թիվ 1 մանկական հիվանդանոցում 80 օրական երեխայի մահվան դեպքի կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրեց մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։ Այս երեխայի բուժման ծախսը կազմել է 472 հազար դրամ, որի միայն 5%-ի չափով են հարազատները գումար ծախսել (մնացածը՝ 200 հազար դրամ մարդասիրական օգնության հաշվին, 48 հազարը՝ անվարձահատույց դոնորների, 200 հազարը՝ պետպատվերի)։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ