Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԼՈԿՈՎ ՍՏՈՒԳՎԱԾ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԸ

Փետրվար 17,1999 00:00
Hrazdan jek

Հայոց աշխարհում ավարտվեց եւս մեկ դարակազմիկ ստուգում։ 1997 թ. ՀՀ հերթական վարչապետի որոշմամբ չորրորդ անգամ հանձնաժողով էր ստեղծվել Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքների ստուգման համար։ Ուժային ու ֆինանսական նախարարությունները բլոկով ստուգում էին էներգաբլոկը։

Ի տարբերություն նախորդ ստուգումների, այս անգամ կարծես ստուգող կազմակերպությունները որոշակի եզրակացության են հանգել։ ՀՀ վարչապետի որոշմամբ, հանձնաժողովը ստեղծվել է «ՀՀ դատախազության գլխավորությամբ»։ Մեր ունեցած տեղեկատվությամբ դատախազությունը կազմել է իր եզրակացությունը եւ ներկայացրել ՀՀ նախագահին։ Այդ փաստաթուղթը կազմվել է մասամբ նաեւ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության «ամփոփիչ ակտի» հիման վրա։

Անավարտ շինարարություն

5-րդ էներգաբլոկի շինարարությունը սկսելու որոշումն ընդունվել է 1987 թ.։ Նախագծային արժեքը հաշվարկվել էր մոտ 320 մլն խորհրդային ռուբլի։ Կիսատ շինարարությունը շարունակելու հնարավորություն առաջացավ 93 թ. Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի վարկի միջոցով։ Շինարարությունը վերսկսելու առաջին երկու տարիներին մոտ 55 մլն դոլար գումար ծախսվեց։ Դրա մոտ 9 մլնը տրամադրել է ՀՀ կառավարությունը, մնացած գումարը՝ վարկային միջոցների հաշվին։

Հենց այդ պահին էլ պարզվեց, որ շինարարությունը ավարտին հասցնելու համար ծախսված վարկային միջոցներից երկու-երեք անգամ գերազանցող միջոցներ են պետք։ Հենց այս փաստն էլ լրացուցիչ ազդակ հանդիսացավ, որ էներգաբլոկի շինարարությունը հայտնվի հասարակական ուշադրության կենտրոնում։ «Ինչպե՞ս է հնարավոր» հաշվարկային նման անճշտությունը հետաքրքրում է բացարձակապես բոլորին։

Վարկային ծրագրի գործունեության ընթացքում 5-րդ էներգաբլոկի հետ կապված աշխատանքները ստուգվել են առնվազն 9 անգամ։ Չորս անգամ ՀՀ տարբեր վարչապետներ իրենք են փորձել պարզել այս հարցը։ Երկու անգամ (1996 թ. փետրվար-մայիս եւ 1997 թ. սեպտեմբերից) վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որում ներգրավվել են Ներքին գործերի եւ ազգային անվտանգության համակարգերը՝ դատախազության գլխավորությամբ։ Առաջին հանձնաժողովի աշխատանքների արդյունքները պարզելն այսօր անհնար է։ Պաշտոնապես հայտարարվել է, որ «վերջնական եզրակացությունը չի կայացել»։ 96-ի մայիսին, փաստորեն, ստուգումները դադարեցվել են։ Ոչ պաշտոնական աղբյուրները նշում են, որ այս որոշումը կայացվել է Եվրոպական բանկի պահանջով։ Բանկի ներկայացուցիչները նշել են, որ ստուգումները խանգարում են էներգաբլոկի շինարարության աշխատանքներին։ Մոտավորապես այդ ամիսներին էլ բանկի որոշմամբ դադարեցվել է վարկային միջոցների տրամադրումը։ Մինչեւ 96-ի ամառն արդեն ծախսվել էր 42,7 մլն դոլար։ Հետագայում վարկային ծրագրերի հաշվին ֆինանսավորվել են (մոտ 2-2,5 մլն) անավարտ շինարարության պահպանման ծախսերը։

Որբի բախտ

Մինչ այդ 5-րդ էներգաբլոկը խիստ բարդ ճակատագիր է ունեցել։ Միայն շինարարության իրականացումը ղեկավարել են վեց պաշտոնատարներ։ Խորհրդային տարիներին շինարարությունը վերահսկում էր «Հայգլխէներգոն» (Սանթուրյան)։ 92-ի աշխատանքները ղեկավարող Հովհաննիսյանի մահվանից հետո, 93-ին նրան փոխարինել է գլխ. ինժեներ Հ. Աբրահամյանը։ Վարկային միջոցների հատկացումից հետո աշխատանքները համակարգել են Արաբյանը եւ Եփրեմյանը։ 94-ի մայիսից շինարարության իրացման նպատակով Հայէներգոյի կազմում ստեղծվել է առանձին դուստր ձեռնարկություն։ Այն հետագայում վերակազմավորվել է ծրագրերի իրագործման գրասենյակի։ 96 թ. գրասենյակի տնօրենը Ս. Երիցյանն էր։ Այս ամբողջ ժամանակաշրջանում հանրապետության էներգետիկ համակարգը 6 նախարար ու նախարարի պաշտոնակատար է փոխել։

1997 թ. սեպտեմբերին ստեղծված հանձնաժողովին հանձնարարվել է ստուգել շինարարության ամբողջ ընթացքը։

Ստուգումների լավը

Ստուգումներ անցկացնելու ընթացքում արձանագրվել է, որ շինարարության 10-12 տարվա ընթացքում կատարվել են հետեւյալ խախտումները. Գլխավոր կապալառու շինարարական կազմակերպությանը 860 հազար դոլար գումարի չափով ավել է կանխավճար տրվել։

Հունգարական «Էներգետիկա» բաժնետիրական ընկերությանը չձեւակերպված ծառայությունների դիմաց 200 հազար դոլար գումար է վճարվել։

Ֆինանսների նախարարության վերահսկողության գլխավոր վարչության տվյալներով, վերականգնման է ենթարկվել մոտ 200 մլն դոլարի չափ գումար։ Դատաքննչական մարմինների կողմից պետք է ճշտվի 63,5 մլն դրամի վնասների վերականգնման հարցը։ Ստուգումների ընթացքում մուտքագրվել են 500 տ ընդհանուր քաշով սարքավորումներ։ Պարզվել է, որ պակասել են 56 տ մետաղական կոնստրուկցիաներ։ Շինարարության ամբողջ ընթացքում էներգաբլոկի համար ներմուծվել են մոտ 1100 տ մետաղական սարքավորումներ։

Փաստորեն արձանագրվել է, որ 11 տարվա ընթացքում կատարված խախտումների ծավալը պարզապես անհավատալի է։ 23 մլրդ դրամից ավել գնահատվող ծրագրում արձանագրված խախտումների կշիռը մոտ 0,8% է կազմում։ Հաղթահարելով նման ցուցանիշը սարկազմի վերածելու գայթակղությունը, նշենք, որ այն պարզապես անհասկանալի է։

Ստուգումների վատը

Ոչ պաշտոնական տվյալներով, այդ փոքրիկ խախտումների համար քրեական գործ է հարուցվել մոտ 30 մարդու նկատմամբ։ Դատապարտվել են մի քանիսը։ Մեկ-երկու հոգի գտնվում են փախուստի մեջ։ Կրկնենք՝ հրապարակայնորեն ներկայացված չէ ՀՀ դատախազության եզրակացությունը։ Ֆինանսների նախարարության վարչության փաստաթղթում ընդհանրացնող որեւէ միտք փնտրելն անիմաստ է։ «Ամփոփիչ ակտի» ամփոփիչ (վերջին) նախադասությունը մեկնաբանելն անիմաստ է՝ «Արգո» ֆիրմայից ստացված բանվորական արտահագուստի մեծ մասը, ստուգման օրվա դրությամբ, չօգտագործված վիճակում գտնվում էր շինարարական դուստր ձեռնարկության պահեստում»։ Ստուգումների «ամփոփիչ ակտին» ծանոթացող յուրաքանչյուր մարդու մոտ բնական մի (ու միակ) հարց կառաջանա. «Որքա՞ն բյուջետային միջոց է ծախսվել ստուգումներն անցկացնելու համար»։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728