Լրահոս
Օրվա լրահոսը

Էռնեստ Սողոմոնյանը «ուտող-ուրացող է»

Փետրվար 17,1999 00:00
Vazgen Kasemjyan

Վազգեն Կասեմջյանին խիստ վրդովեցրել էին Էռնեստ Սողոմոնյանի հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցները։ Նրան խնդրեցինք պատասխանել նաեւ «Առավոտում» հնչած մեղադրանքներին:

-1995 թ. հոկտեմբերից-նոյեմբեր Հայաստանում տեղի ունեցավ Հնչակյան կուսակցության համագումար, որի կազմկոմիտեի նախագահն էի։ Դա միջազգային համագումար էր, որի կազմակերպման վրա միայն ես ծախսեցի 65 հազար դոլար։ Համագումարում ընտրվեցի ՍԴՀԿ առաջին փոխատենապետ։

-Ըստ պրն Սողոմոնյանի, Դուք հեռացված եք կուսակցությունից։

-Այդպիսի բան չկա։ Միայն անցած տարվա ժողովին, որին ես ներկա չեմ եղել, հարց է դրվել ընդհանրապես կենտրոնի փոխնախագահի պաշտոնը լուծարելու մասին։ Սակայն հարցը սառեցվել է։ Կենտրոնի անդամ 13-ից 9-ը իմ կողմնակիցներն են։ Էռնեստի նպատակն է՝ պառակտում մտցնել մեր մեջ, որն իրեն չի հաջողվի։

-Որքա՞ն ժամանակ է, որ Հայաստանում եք եւ ի՞նչ պատճառով։

-Հայաստանում լինում եմ միշտ, «Արմենիա» հյուրանոցում ունեմ իմ համարը, որին երբեւէ պարտք չեմ եղել։ Այս անգամ հրավիրված եմ, իբրեւ կենտրոնի ներկայացուցիչ, մասնակցելու Հայաստանի ՍԴՀԿ 4-րդ համագումարին։ Ես եմ այստեղի ընկերներին խնդրել կուսակցության վարկանիշը բարձրացնելու համար համագումար անցկացնել եւ ճշտել իրենց դիրքորոշումը առաջացած խնդիրների վերաբերյալ։ Նաեւ 164 նորագիրների կնքահայրն եմ։

-Ինչո՞վ եք զբաղվում։ Պրն Սողոմոնյանը նշում է, որ Դուք «ծամոն, մայկա, տռուսիկի» առեւտրական եք։

-Ես «Ֆիլիպ Մորիսի» ներկայացուցիչներից մեկն եմ Ռուսաստանում։ Շատ հաջող բիզնես ունեմ, որի պատճառով վերջին 5 տարիների ընթացքում հնչակյան շրջանակներին մոտ 1 մլն դոլարի նվիրատվություն եմ կատարել։ Վերադառնալով Էռնեստին՝ պետք է ասեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ես միշտ ֆինանսավորել եւ օգնել եմ Էռնեստ Սողոմոնյանին՝ իբրեւ Եղիա Նաճարյանին հակակշիռ։ Իսկ այժմ պարզ է, որ նա Նաճարյանի եղունգն էլ չարժի։ Այն ընկերների մասին, որոնցից նա խոսում էր, իրենից փորձառու կուսակցականներ են, ավելի անվանի մարդիկ։ Իսկ նա խոսում է Սովետական Հայաստանում զբաղեցրած բարձր պաշտոնների մասին, որոնցից ամենաբարձրը կոմսոմոլի հրահանգիչն է։ Ես Էռնեստին ուզում եմ հարցնել. մոռացե՞լ է, թե քանի անգամ է ինձնից փող խնդրել՝ ԱՄՆ, Լիբանան, Ուրուգվայ ուղարկելու համար։ Փող եմ տվել, որ կոստյում հագնի, շալվար հագնի եւ հայաստանցու պատիվը դրսում պահի, չասեն՝ այս «բոմժն» ով է, որ Հայաստանից է եկել։ Իսկ այժմ նա սոցիալապես անապահով ընկերներին «բոմժ» է անվանում։ Մի՞թե դա ամոթ չէ, ստորություն չէ։

-Ըստ Էռնեստ Սողոմոնյանի, փետրվարի 14-ին տեղի ունեցածը «կուսակցությունից հեռացվածների» համագումար է։

-Ոչ մի այդպիսի բան չկա։ Կուսակցության անդամներին, հատկապես ղեկավար, կարող է հեռացնել միայն համագումարը։ Իսկ 1997-ի մարտից հետո համագումար տեղի չի ունեցել։ Համագումարում հեռացվածը միայն նա է։ Քանի որ Էռնեստ Սողոմոնյանը «ուտող-ուրացող է» եւ փորձել է կպչել իմ անձին, ապա թող լավ իմանա, որ մի քանի ամիս հետո տեղի ունենալիք համահայկական 17-րդ համագումարում իրեն խոստանում եմ հեռացնել կուսակցությունից նաեւ այդ մակարդակով։ Նա միակն էր, որ փորձեց պառակտել մեր կուսակցությունը։

-Էռնեստ Սողոմոնյանին 1998-ի մայիսին վարիչ մարմնի ատենապետ է նշանակել կենտրոնական վարչության ատենապետ Վահրիճ Ջերեջյանը։ Այժմ կատարվողը նշանակո՞ւմ է, որ Ձեր եւ պրն Ջերեջյանի միջեւ կան լուրջ հակասություններ։

-1998 թվին նրան 4 հոգու հետ նշանակել է այստեղ կուսակցական կյանքը կազմակերպելու նպատակով։ Բայց մի երկու ամիս անց այդ 4-ը հեռացան նրանից։ Նա խաբել էր Ջերեջյանին, խաբել էր, որ ինքը պետք է փրկի Հայաստանի հնչակներին։ Պրն Ջերեջյանը խիստ դժգոհ է նրանից, քանի որ պարզ է, որ Էռնեստ Սողոմոնյանի նպատակն է՝ սրան-նրան խնդրելով, մտնել ինչ-որ մեկի համամասնական ցուցակի մեջ եւ դառնալ ԱԺ պատգամավոր։ Բայց իր կատարած քայլերով նա գժտվեց ոչ միայն ինձ հետ, այլ ամբողջ հնչակյան կուսակցության հետ։ Ես խոստանում եմ, որ Էռնեստն իր ոտքը այլեւս Երեւանից դուրս չի դնի։ Մենք չենք պատրաստվում խոսել նրա մասին՝ կուսակցության համար նա այլեւս չկա։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728