Պատժի մեջ ամենակարեւորը նրա անխուսափելիությունն է, ասում են իրավաբանները: Հրաշալի բացատրություն է: Մնում է պարզել, անխուսափելի՞ է արդյոք պատիժն այն անձանց, որոնց հանցագործությունները հնարավոր չէ /ոչ մի կերպ հնարավոր չէ/ բացահայտել:
Վերաբերմունք անցյալի հանդեպ
Զարմանալի չէ, որ ցանկացած նոր երեւույթ կարիք ունի իր գրաված դիրքերի հաստատման: Այլ բան է զարմանալի. նորին սովորաբար հատուկ է այն մոլորությունը, թե իր ինքնահաստատման լավագույն ձեւն է անցյալի ժխտումն ու բացասումը:
Մյուս կողմից, հանդիպում է անցյալի նկատմամբ ճիշտ հակառակ վերաբերմունք: Մարդիկ կարոտում են անցյալին, հավանաբար, այն պատճառով, որ ներկայում իրենց չեն գտնում: Դժվար է, իհարկե, հաշտվել այն մտքի հետ, որ անցյալը չես վերադարձնի: Բայց ավելի դժվար է համակերպվել, որ «հին բարի ժամանակները», որոնց մասին սիրում է հիշել ավագ սերունդը, պարզապես գոյություն չունեին:
Մեր նոր ինքնագիտակցությունը
88 թվի փետրվարին մեր ոգեւորությունը մեծ էր: Մենք բարձրաձայն /ավելի բարձրաձայն, քան երբեւէ/ արդարություն պահանջեցինք: Մենք հանդգնություն ունեցանք հայտարարել քաղաքակիրթ երկրների ընտանիքը մտնելու մասին մեր վճռականությունը: Այն օրերին մեզ թվում էր, որ ներքուստ մենք դրան պատրաստ ենք, եւ միակ արգելքը տոտալիտար վարչակարգն է: Հավանաբար, նույն կերպ էր մտածում նաեւ ակադեմիկոս Սախարովը Ռուսաստանի մասին:
Վերջին տարիների ընթացքում ավելի իրատես ենք դարձել: Թեեւ մեզ առայժմ Եվրախորհուրդ չեն հրավիրում, մենք հասել ենք այնպիսի մի մակարդակի, երբ հնարավոր է դարձել անհնարինը՝ բաց եւ հանգիստ ասել, որ եվրոպական տնտեսության եւ ժողովրդավարության ստանդարտներին մենք առայժմ չենք համապատասխանում:
Լ.-Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ