Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տղանե՛րը չեն սպանել Արծրուն Մարգարյանին»

Փետրվար 17,1999 00:00
Miqayel danielyan

Բոլոր հիմնավորումներն ունեն այսպես կարծելու սպանված Արծրուն Մարգարյանին ուղեկցող Արմեն եւ Արսեն Խաչատրյանների մայրերը։

Արծրուն Մարգարյանի սպանությունից անցել է մեկ շաբաթ։ Նրան ուղեկցող տղաներին մեկուսացման 3-րդ օրն արդեն պետք է մեղադրանք ներկայացվեր։ Հակառակ պարագայում պետք է ազատ արձակեին։ Երեկ լրագրողներիս հրավիրած Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը հայտարարեց. «Արմեն եւ Արսեն Խաչատրյաններին խոշտանգում են քննչական մեկուսարանում։ Երկուսն էլ արյուն են միզում։ Արսեն Խաչատրյանը համարյա կուրացել է։ Արմեն Խաչատրյանը ուղեղի ցնցում է ստացել»։ Ավելին։ Նրանք պաշտոնապես Արծրուն Մարգարյանի թիկնապահները չէին։ Տղաների փաստաբանները գրանցել են, որ իրենց պաշտպանյալները դաժան ծեծի են ենթարկվել։

«Ժողովուրդ ջան, մեր երեխաները մարդասպան չեն։ Մարդասպաններն ուրիշ մարդիկ են, օգնե՛ք մեզ»,- լաց էր լինում Արմեն Խաչատրյանի մայրը։ «Մեր երեխաներն Արծրուն Մարգարյանի մոտ աշխատել են մեկ ամիս տասը օր։ Աշխատել են որպես ուղեկից, այլ ոչ որպես թիկնապահ։ Արծրուն Մարգարյանն է խնդրել Արսեն Խաչատրյանին, որ ինքը բերի եւս մեկ տղայի, որ իրեն պաշտպանեն։ Մարգարյանն ուներ վարորդ, որն էլ անձնական մեքենա ուներ։ Մեր երեխեքն այդ հարցում լրիվ անմեղ են։ Արմեն Խաչատրյանը շատ զուսպ տղա է, Արծրուն Մարգարյանի կաբինետ չի էլ մտել։ Ես Արմենին մեկ տարեկանից առանց հոր եմ մեծացրել։ Բարձրագույն կրթություն է ստացել։ Ենթասպայի կոչումով Դավիթաշենի զորամասում ծառայող է նշանակվել։ Հետո էլ հրավիրել են Արծրուն Մարգարյանի մոտ»։

Նույն կարծիքին է նաեւ Արսեն Խաչատրյանի մայրը. «Մենք իմացանք, որ Արսենին երեկոյան տեղափոխել են Սովետաշենի բանտ, բայց թե ինչ մեղադրանքով՝ չգիտենք։ Սպանության օրն օգտագործվել է մեր անձնական մեքենան՝ պետական համարանիշով. Մարգարյանն ունեցել է ե՛ւ անձնական մեքենա, ե՛ւ անձնական վարորդ-թիկնապահ։ Դեպքի օրն Արծրուն Մարգարյանն իբր վարչությունում է թողել իր հիմնական վարորդին՝ մեր երեխաների մեքենայով գնացել է Հաճըն։ Բայց թե ինչ նպատակով՝ չգիտենք։ Մեր երեխաները նրա հետ վերեւ չեն բարձրացել։ Իմ տղան այդ օրը վերադարձել է տուն, գիշերել տանը, հաջորդ օրը գնացել աշխատանքի։ Նոր, երեկոյան ժամը 17-ին լրատվամիջոցներից իմացել ենք, որ Արծրուն Մարգարյանը սպանվել է։ Այդ օրվանից մեր երեխաներին չենք տեսել։ Նախարարը (Սերժ Սարգսյանը- Լ. Ա.) ուզում է մեր երեխաներին այնքան ծեծեն, որ մեղքն իրենց վրա վերցնեն»։

Միքայել Դանիելյանն ավելացրեց, որ եթե վաղը-մյուս օր պարզվի, որ տղաներն ինքնասպան են եղել, մեղավոր են ՆԳ եւ ԱԱ նախարարությունն ու դատախազությունը։

Խոշտանգումը՝ ցուցմունք կորզելու միջոց

Թեեւ Հայաստանի պաշտոնական աղբյուրները պնդում են, որ Հայաստանին Եվրախորհուրդ չընդունեցին Ղարաբաղի կոնֆլիկտի եւ կեղծ ընտրությունների պատճառով, սակայն Միքայել Դանիելյանը հայտարարեց, որ հիմնական պատճառը Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումն է։ «Ես այսօր պաշտոնապես հայտարարում եմ այն մարդկանց անունները, որոնք մեղավոր են Հայաստանի՝ Եվրախորհրդի անդամ չդառնալու համար։ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Արմեն Դարբինյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Հենրիկ Խաչատրյան, Աղվան Հովսեփյան, նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով, ԱԺ 190 պատգամավորներ»։

Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումն առավել աչք ծակող է բանակում։ Մարտակերտի «49-971» զորամասում ծառայող հայ զինվորները ենթարկվում են դաժան ծեծի, շատերը դրանից մահանում են։ Արշակ Սողոյանը, որն Ասկերանում էր ծառայում, 95 թվականից անհայտացել է։ Սամվել Հարությունյանն իբր մահացել է սրտի կաթվածից, «սակայն նրան տեսնողը կնախանձեր նրա առողջությանը»։ Վերոնշյալ զորամաս 96 թվականին ՀՀ-ից զորակոչվել էր 300 հոգի, 98-ին վերադարձել է 130-ը։

Դատական բարեփոխումները, որոնց մասին պարբերաբար հայտարարում են, բլեֆ է։ Մենթերին նախկինում թույլատրվում էր կասկածյալներին մեկուսացնել 72 ժամ՝ մինչեւ մեղադրանքի ներկայացումը, այսօր արդեն 72-ը դարձել է 96 ժամ»։ Ըստ պրն Դանիելյանի՝ դա արված է միտումնավոր՝ կասկածյալներից խոստովանություն կորզելու նպատակով (այդ միջոցում կիրառվում է նաեւ խոշտանգման մեթոդը)։ «Երբ ՍԵրժ Սարգսյանն ասում է, որ մեզ մոտ հանցագործությունների բացահայտումների տոկոսը մեծացել է, նա ստում է»։ Այսպես, 97 թվականին Խորհրդային շրջանում մահվան աստիճանի ծեծել են Մանվել Վիրաբյանին։ Վարդուհի եւ Արամ Թումանյանները (վերջինս 16 տարեկան է) մեղադրվում են մի կնոջ սպանության մեջ։ Սակայն քննության բոլոր փաստերը ցույց են տալիս, որ նրանք այդ սպանությունը չեն արել։ Հետաքննության ընթացքում մեղադրյալների աչքի առաջ ծեծել են նրանց մորն ու մորաքրոջը։

Աննկարագրելի վիճակում են Սովետաշենի բանտը, ՊԱԿ-ի մեկուսարանը, մյուս գաղութները. այնտեղ նույնպես շարունակվում են դաժան ծեծն ու խոշտանգումները։ «Իսկ պատահական իրավապաշտպան» Հայրիկյանը հայտարարում է, թե ՊԱԿ-ի մեկուսարաններում վիճակն այնպիսին է, որ ինքն էլ այնտեղ հաճույքով կնստեր։

Աղվան Հովսեփյանն էլ սուրբ չէ

97 թվականին դաժանորեն սպանվել են 14-ամյա Գեւորգ Նիկողոսյանն ու Գագիկ Նիկողոսյանը։ Նրանց սպանության գործը դատարան այդպես էլ չհասավ։ Այս գործը քննել է Աղվան Հովսեփյանը։ Սպանվածի քույրը պնդում է, որ Աղվան Հովսեփյանն ասել է. «Այս սպանության մեջ ես հանցագործներ չեմ տեսնում։ Գործը ես եմ կարճել։ Գնացեք, բողոքեք ում ուզում եք»։

Հանձնաժողով է կազմվել ՀՀ նախագահի որոշմամբ՝ ստուգել, ճի՞շտ է կարճվել այդ գործը։ Հանձնաժողովը որոշել է, որ կարճման որոշումն անհիմն է եւ անօրինական։ «Վերջերս հեռուստատեսությամբ Աղվան Հովսեփյանը զարմացավ,- շարունակում էր Միքայել Դանիելյանը,- թե ինչպե՜ս է կարողացել Վանո Սիրադեղյանը խաբել Կարեն Ռաֆայելյանի հորը։ Նա դա արել է այնպես, ինչպես հենց Աղվան Հովսեփյանն է խաբել Նիկողոսյանների, Դիլանյանների եւ այլոց ընտանիքներին։ Նա իրավունք չունի գլխավոր դատախազ լինելու։ Նրա խղճի վրա շատ մեծ մեղքեր կան»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728