Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՐԴԵՐԸ ՈՏՔԻ ԵՆ ԵԼԵԼ ՀԱՆՈՒՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՋՆՈՐԴԻ

Փետրվար 17,1999 00:00
ojalan

Ըստ քրդական աղբյուրների, Աբդուլլահ Օջալանի ազատագրության համար վերջին երկու ամսում աշխարհում 65 մարդ է ինքնահրկիզվել։

Երեկ աշխարհի գրեթե բոլոր երկրներում քուրդ ժողովրդի ներկայացուցիչները կազմակերպել էին բողոքի ցույցեր։ Հայաստանում հունական դեսպանատան շենքը եւս երեկ առավոտ շրջապատվել էր քրդերով։ Ականատեսների վկայությամբ՝ նրանցից մի քանիսը ներխուժել են հունական դեսպանատուն, այնտեղից նրանց դուրս են արել եւ մի քանիսին ձերբակալել են։ Քրդերի բողոքի պատճառն իրենց առաջնորդի ճակատագիրն է։ Ըստ որոշ աղբյուրների, Աբդուլլահ Օջալանը գտնվում էր Քենիայում՝ հունական դեսպանատանը։ Հունական կառավարությունը խոստացել էր, որ մինչեւ հարցի լուծումը կպահպանի Օջալանին։ Երեկ քրդերին հաջողվել է պարզել, որ Օջալանին տեղափոխել են Քենիայում գտնվող հունական դեսպանատան շենքից, եւ առաջնորդի հետքը կորել է։ Երեկվա դրությամբ, Հայաստանում ապրող քրդերին անհայտ էր, թե որտե՞ղ է իրենց առաջնորդը, նրանք ենթադրում էին, թե Օջալանին հանձնել են թուրքական կառավարությանը։

ՄԱԿ-ը՝ պաշարված

Ամերիկյան ֆիլմերի սիրահարների համար ասենք, որ երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներսում եւ դրսում իսկական ֆիլմային իրադրություն էր։ Ներքին զորքերը, ՆԳ նախարարության աշխատակիցները, փոխնախարար Հովհաննես Վարյանի գլխավորությամբ, ԱԳ նախարարության աշխատակիցները՝ փոխնախարար Ա. Բայբուրթյանի գլխավորությամբ, պարզապես «պաշարել էին» ՄԱԿ-ի շենքը։ Նրանց պաշարումը նպատակ ուներ ՄԱԿ-ի շենքը պաշտպանել քրդական հարձակումից։ Մինչ մենք հասանք դեպքի վայր, մի մեծ խումբ քրդեր արդեն ներխուժել էին շենք, կոտրված էր մի քանի ապակի։ Ականատեսների վկայությամբ ներխուժողներից մի քանիսը իրենց վրա բենզին էին լցրել եւ սպառնացել էին ինքնահրկիզմամբ։ Այստեղ էին նաեւ հրշեջ ծառայության ավտոմեքենաներ, շտապօգնությունը։ Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել եւ դեպքերը լուսաբանել էպիկենտրոնից։ Մնում էր ենթադրել, թե ներսում աշխատակիցներից ոմանք (գուցե՝ բոլորը) պատանդ են վերցված, քանի որ ժամանակ առ ժամանակ բացվում էր շենքի ձախ թեւի երկրորդ հարկի չորրորդ պատուհանը, թափահարվում էր քրդական դրոշակը եւ քրդերեն մի քանի խոսք ասվում։

Իսկ դրսում հավաքվածները վանկարկում էին. «Օջալան, ազատություն», «Թուրքիա՝ ֆաշիստ» եւ այլն։ Ենթադրվում էր, որ տվյալ պատուհանը փախստականների գծով գերագույն հանձնակատարինն էր։ Դրությունը խիստ լարված էր։ Ոստիկաններից մեկն արգելքի եւ ժողովրդին զսպելու մի քանի ձեւեր փորձարկելուց հետո կիրառեց բոլորովին նոր մի «տրյուկ». «Հեռու կանգնեք, թե չէ բոլորիդ գրիպով կվարակեմ»։ Այդ պահին մի քրդուհի բողոքեց. «Դարեր շարունակ միասին կոտորվել ենք, հիմա էլ՝ սա»։ Իսկ ընդհանրապես քրդերը հայերից ոչինչ չէին ուզում, նրանց ուզածը ՄԱԿ-ից էր։ Պահանջում էին, որ վերջինս, իրենց ասելով, ոչ թե Քլինթոնի խոսքով առաջնորդվի, այլ պաշտպանի քրդական առաջնորդին։ Շենքից դուրս էին գալիս ՄԱԿ-ի հայազգի աշխատակիցները եւ վախեցած հեռանում տարածքից։ Ժամը 13-ի սահմաններում հայտնվեց հատուկ զորքերի մի ստորաբաժանում։ Հսկա վահանների հետեւից աչքի զարնեց, թե որքան «կոլոտ» (ցածրահասակ) են մեր զինվորները։ Ներսում նրանք երկար չմնացին (30-40 րոպե)։ Հատուկ ստորաբաժանումը շուտով հեռացավ տարածքից։

Դրանից հետո շենքից դուրս եկավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կատիցա Չեկալովիչը՝ մի քանի աշխատակիցների հետ։ Գրեթե նույն րոպեին երկրորդ հարկի պատուհանից մեկը քրդերեն գոռաց. «Հիմա դուրս ենք գալիս, որ մեզ այրենք։ Բենզինը պատրաստեք»։ Այս կողմում կանգնածներն աղաղակով եւ ուրախությամբ ընդունեցին այս լուրը։ 13.45-ին մոտ մի 40 մարդ դրոշներով, Օջալանի նկարներով, եւ քրդերեն ինչ-որ բառեր գոռալով դուրս եկան ՄԱԿ-ի շենքից՝ իրենց հետ որպես պատանդ բերելով ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Թոմաս Բիրաթին եւ 4-5 այլ աշխատակիցների։ Պարոն Բիրաթին եւ մյուսներին թողնելով դրսում, քրդական ցույցը շարժվեց ինչ-որ ուղղությամբ։ ՄԱԿ-ի աշխատակիցները կտրականապես մերժեցին որեւէ տեղեկատվություն կամ մեկնաբանություն հաղորդել։

Ուժն է ծնում իրավունք

ՄԱԿ-ի գրասենյակի մոտից քուրդ ցուցարարներն ուղեւորվեցին դեպի ՆԳ եւ ԱԱ նախարարություն։ Իրենց ասելով՝ գնում էին պահանջելու, որ ձերբակալված մի քանի ցուցարարների ազատ արձակեն։ Ձերբակալվածների թիվը ըստ տարբեր աղբյուրների տատանվում էր 3-10-ի սահմաններում։ Նախարարության շենքի մոտ չհասած, կրքերն այնպես բորբոքվեցին, որ անհնարին էր հասկանալ, թե ով արեց առաջին պրովոկացիոն քայլը։ Հրմշտոցի արդյունքում եւ ոստիկանների «աշխատասիրության» շնորհիվ ցուցարարներից մի քանիսը արյունոտվեցին։ Այս միջադեպից հետո ցուցարարների շարքերը նոսրացան, եւ արդեն ավելի փոքր խմբով Օջալանի ազատությունը վանկարկելով քրդերը վերադարձան իրենց ելման կետ։

Ասուլիս էլ եղավ

Քրդերի գրասենյակում հեռուստացույցի մոտ խմբվածները ուշի-ուշով հետեւում էին աշխարհի տարբեր ծայրերից եկող այն լուրերին, որոնք վերաբերում էին Աբդուլլահ Օջալանին։ Քրդերի ասելով՝ Աբդուլլահ Օջալանն իրենց համար նույնն է, ինչ որ Քրիստոսը հայերի համար։ Մեկն էլ, որը ներկայացավ որպես Սաբրի Թաշ, թարգմանչի միջոցով փորձեց ասուլիս սարքել, սակայն բոլոր հարցերին պատասխանում էր անորոշ, չկամությամբ։ Ընդհանրապես ցուցարարների մեջ քիչ չէին այլ երկրներից (Իրաքից, Սիրիայից, Թուրքիայից) ժամանած քրդերը։ Նրանք հայերեն չգիտեին, կամ գրեթե չգիտեին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728