Լրահոս
Օրվա լրահոսը

Ստվերային իրավահայրը

Փետրվար 17,1999 00:00
tagavor

Ժամանակին Ստենդալը գրել է. «Արդեն 200 տարի է Ֆրանսիայում նախարար են անվանում այն պաշտոնյային, ով օրական 400 փաստաթուղթ է ստորագրում եւ հրավերք-ճաշկերույթ տալիս»։ Մենք առայժմ չենք ճշգրտել, թե գործունեության ինչ քանակի կամ ծավալի դեպքում է պաշտոնյան Հայաստանում նախարար համարվում։ Հնարավոր է նաեւ այն պատճառով, որ նախարարները մեզանում իրենց գործունեության ողջ ընթացքում չեն հասցնում 400 փաստաթուղթ ստորագրել։ Բայց նրանց ստորագրած յուրաքանչյուր թուղթ թանգարանային նմուշի արժեք է ստանում։ Օրինակ՝ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Հ. Գեւորգյանի 01-26/6-119 համարի նամակը ԱԺ նախագահին։

Նախարարը գտնում է, որ «ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» երկկողմ համաձայնագրի սեփականության օտարման դեպքում փոխհատուցման դրույթները «հակասություն է առաջացնում տվյալ պայմանագրի եւ Սահմանադրության միջեւ»։ Հետեւաբար, նախարարն առաջարկում է 3 տարբերակ։ Դրանցից յուրաքանչյուրը կարող էր իրավագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնել (որ շնորհեին, է՜): Օրինակ 2-րդ՝ «ՀՀ Սահմանադրության ձեւակերպումը պահպանելով, երկկողմ պայմանագրերում սեփականության օտարման մասին դրույթի ձեւակերպման մեջ նշել, որ փոխհատուցումը կիրականացվի յուրաքանչյուր երկրում ներքին օրենսդրության համաձայն, համեմատաբար վատ պայմանների մեջ կդնի գալիք հայաստանյան ներդրողներին այլ երկրում»։

Մինչ ամբողջ կառավարությունը փորձում է համոզել օտարերկրյա ներդրողներին գալ Հայաստան, մեկ ուրիշ սեպարատ նախարար փորձում է պայմաններ ապահովել, որ տեղական կապիտալը արտահանվի Հայաստանից։ Որպեսզի կառավարությունում գլխի չընկնեն իր մտադրությունների մասին, նախարարն ԱԺ նախագահին առաջարկում է «օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ սահմանադրական համապատասխան դրույթի վերաձեւակերպման վերաբերյալ»։ Կոնսպիրացիայի բոլոր կանոնները, փաստորեն, պահպանված են։ Կառավարությունում այդպես էլ չեն իմանա, թե ովքեր են խրախուսում կապիտալի արտահոսքը։

Երեւի ճիշտ էր Վլադիմիր Նազարյանը, որ 95-ին ասում էր. «Հիմա ընդդիմությունն է Սահմանադրությանը դեմ, ընդունվելուց հետո իշխանությունը դեմ կլինի»։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728