Արդեն հայտնի է, որ դատախազի միջնորդությանը «կողմ» են քվեարկելու «Երկրապահը», ՀԿԿ-ն, ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, «Հայրենիքը», «Բարեփոխումները»։ «Շամիրամն», ըստ ամենայնի, քվեարկությանը չի մասնակցի։
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության մեջ խիստ էական փոփոխություններ կան, որոնք հնարավոր են դարձնում, որ խորհրդարանն այս անգամ մեծ մասամբ «կողմ» քվեարկի։ Նախ, իր սկզբունքային դիրքորոշմանը հակառակ, թե նման հանցագործությունների կատարման մեջ կասկածվողն անպայման պիտի կալանավորվի՝ դատախազն այս անգամ միջնորդություն է ներկայացրել Վանո Սիրադեղյանին միայն քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։ Եվս մեկ անգամ հաստատվեց այն ճշմարտությունը, թե «ձվածեղի խաթեր թավայի կոթն էլ կպաչեն»։ Ի դեպ, չիրականացան ոչ միայն այն կանխատեսումները, թե Աղվան Հովսեփյանի նոր միջնորդությունը վերաբերելու է այլ պատգամավորների եւս, այլեւ անգամ այն, որ ներառվելու է նաեւ Արմեն Տեր-Սահակյանի գործը, որի նախաքննության ժամկետն արդեն սպառվել է։ Իհարկե, հնարավոր է նաեւ, որ այդ ժամկետը երկարացվել է։
Միջնորդության մեջ միայն մի նոր անուն կա՝ Արթուր Հովհաննիսյանի եւ Կարեն Ռաֆայելյանի սպանության անմիջական կատարող է նշված ոմն Սահակ Բալյան, որը կալանավորվել եւ խոստովանական ցուցմունքներ է տվել դեպքի վերաբերյալ։
Եվ ամենակարեւորը. այս միջնորդությունն այլեւս դատավճիռ չի հիշեցնում։ Դատախազի նախորդ միջնորդությունը որոշակիորեն Սահմանադրության 41-րդ հոդվածի խախտում էր պարունակում. «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։ Անմեղության կանխավարկածը ոտնահարող նախորդ միջնորդության մեջ միանշանակ պնդումներ էին պարունակվում, որ Վանո Սիրադեղյանը կատարել է այդ հանցագործությունները։ Այժմ Աղվան Հովսեփյանն այս ձեւակերպումն է նախընտրել. «Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք հիմք են տալիս Վանո Սիրադեղյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար»։
Կարդացեք նաև
Եթե նախապես արդեն դատավճիռ չհրապարակելու վերաբերյալ ԱԺ նախկին նախագահի դիտողությունը հաշվի առնվեց, ապա անտեսվեց ԱԺ ներկա նախագահի կոչը, թե գլխավոր դատախազն այս անգամ պիտի առավելագույնս հրապարակայնություն դրսեւորի իր գործողությունների վերաբերյալ, նախապես խմբերի եւ խմբակցությունների հետ հանդիպի եւ այլն։
«Հանրապետություն» խմբակցությունն էր նախորդ փորձից դասեր քաղել, երբ հեռուստաընկերությունների մեծ մասը միայն մեղադրանքները եթեր հեռարձակեցին, իսկ պաշտպանվողի խոսքի վերաբերյալ սահմանափակվեցին «գրական, գեղարվեստական ելույթ էր» որակմամբ։ Միակողմանի քարոզչության դեմ գտնված միջոցը ԱԺ այդ նիստը հեռուստատեսությամբ հեռարձակելն էր։ Եվ, ի դեպ, նախաձեռնության կողմնակիցները (տարբեր պատճառներով) նաեւ հնչակյան Եղիա Նաճարյանը, դաշնակցական Ռուբեն Հակոբյանը եւ ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանն էին։ Ազգային հեռուստատեսությունը միայն 17.44-ին հայտնեց, որ պատրաստ են տեսագրելու նիստը, եւ այդ պատճառով է միջնորդությունը միայն այսօր քննարկվելու։
Այս հետաձգումն առիթ դարձավ, որ ցանկության դեպքում նաեւ մի խնդիր էլ լուծվի։ Հովհաննես Իգիթյանը հիշեցնում էր, որ ըստ ԱԺ կանոնակարգի 20-րդ հոդվածի՝ «պատգամավորն իրավունք ունի մասնակցել իր հարցի քննարկմանը»։ Սեդրակ Հովհաննիսյանը հայտարարում էր, թե ԱԺ-ն զրկում է Վանո Սիրադեղյանին պաշտպանվելու իրավունքից։
«Հայլուրի» թողարկումներին ենք պարտական, որ գիտենք, թե երեքշաբթի գիշերն է իրականացվում Դուբայ-Երեւան չվերթը։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ