Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ. «ԶՈՀԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՎ ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐ»

Փետրվար 17,1999 00:00
Andranik Qocharyan

-Ցանկանում եմ, որ զրույցն սկսենք Վազգեն Սարգսյանի անցյալ տարվա ասուլիսից, երբ նա ասաց, թե ձեզ նույնպես զգուշացրել են հնարավոր մահափորձի մասին։ Ո՞վ է ձեզ զգուշացրել։

– Վազգեն Սարգսյանը, որքան հիշում եմ, լրագրողներից մեկի հարցին հարցով պատասխանեց։

– Այո, նա օգտագործեց Աստվածաշնչյան հնարքը՝ լրագրողին ասելով՝ դուք ասացիք։ Իսկ դրանից առաջ հնչել էր Ռոմեն Ղազարյանի անունը։ Դուք դա հաստատո՞ւմ եք։

– Նույն Աստվածաշնչյան ձեւով ես էլ կարող եմ ասել՝ դուք ասացիք։

– Դուք դեկտեմբերին Վահրամ Խորխոռունու սպանությունից հետո ասացիք, որ եթե Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձը բացահայտված լիներ, ապա չէր լինի Վահրամ Խորխոռունու սպանությունը։ Ի՞նչ հիմքերով էիք դա ասում։

– Հիմա էլ ուզում եմ ասել, որ Արծրուն Մարգարյանի սպանությունը չէր լինի, եթե արագ բացահայտված լիներ Խորխոռունու սպանությունը։

– Այսինքն, կրկնում եք Արա Սահակյանի տեսակետը, թե նախասահմանվա՞ծ էր Արծրուն Մարգարյանի սպանությունը։

– Ես հիշում եմ, որ փետրվարյան դեպքերի ժամանակ, երբ մահափորձ կատարվեց Արծրուն Մարգարյանի դեմ, թեպետ դատախազ Աղվան Հովսեփյանը դա դիտարկում է մարմնական վնասվածք, չգիտեմ ինչ տրամաբանությամբ, այն ժամանակ ամբողջ քաղաքը սկսեց խոսել, որ սպանված է նաեւ Վահրամ Խորխոռունին։ Կարող էր այդպես պատահել, եթե Վահրամ Խորխոռունին այդ օրը տուն գնար։ Իմ կարծիքով, այդ օրը նրա բախտը բերել էր, որ տուն չէր գնացել։

– Չեմ հասկանում, թե ի՞նչ եք ակնարկում։

– Ես ասացի այն, ինչ որ ասացի։

– Խորխոռունու դեպքում ասում էիք Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձը պետք է բացահայտվեր, հիմա՝ հակառակն եք ասում։ Ինչ-որ փակ շրջան է։ Կապ տեսնո՞ւմ եք։

– Կապը տեսնում եմ միայն մի բանում։ Այդպիսի սպանություններ կարող են իրականացնել կամ կազմակերպել միայն շատ փող եւ մեծ իշխանություն ունեցող մարդիկ։

– Իսկ ի՞նչ շրջանակներ նկատի ունե՞ք։

– Կարծում եմ, որ դա զուտ լրագրողական հետազոտության կարիք է զգում։

– Պարոն Քոչարյան, դուք այս օրերին Արծրուն Մարգարյանի ընտանիքի կողքին եղած մարդկանցից մեկն եք։

– Արծրուն Մարգարյանի հետ երկար ճանապարհ եմ անցել ես։ Նրան ես եմ հրավիրել ՆԳ համակարգ՝ 91 թվականին։ Արծրուն Մարգարյանը Մերգելյանի այն տղաներից է, որոնք ստանձնեցին Շուռնուխի պաշտպանությունը, եւ այդ ինքնապաշտպանական միավորին ինչ-որ չափով ինքս էլ եմ աջակցել։ Ա. Մարգարյանը ՆԳ համակարգից ինձ հետ տեղափոխվել է բանակ։ Առաջին օրվանից մասնակցել է բանակի շինարարության գործին, բանակային հետախուզական ծառայությունում զբաղեցրել է գործակալական համակարգի բաժնի պետի պաշտոնը։ Այնուհետեւ մենք միասին դուրս ենք եկել բանակից, եւ հաջորդ անգամ, երբ ես վերադարձա բանակ, նա մնաց ՆԳ համակարգում։ Մենք եղել ենք շատ մտերիմ ընկերներ ե՛ւ դժվարությունների, ե՛ւ ուրախությունների պահերին։ Ինձ համար ցավ է, որ բոլորս միասին չկարողացանք փրկել նրան, երբ գիտակցում էինք, որ նման հեռանկար գոյություն ունի։

– Իսկ ինչպե՞ս կբացատրեք Վազգեն Սարգսյանի բացակայությունը թաղման արարողությանը։

– Վազգենը պարզապես մարդկայնորեն ի վիճակի չեղավ մասնակցել։ Քանի գործերի բացահայտումն այս մակարդակին է, Վազգենն ասելու ոչինչ չունեցավ Արծրունի հարազատներին։

– Իսկ նա նույնպես դժգո՞հ է գործերի բացահայտվածության մակարդակից։

– Կարծում եմ, որ հրամանատարների հայտարարությունը խոսում է դրա մասին։

– Արծրուն Մարգարյանն այսօր չկա, չկա Վահրամ Խորխոռունին, ձեր անունն անցած փետրվարին նույնպես շոշափվում էր։ Ձեզ, ի՞նչ եք կարծում, վտանգ սպառնո՞ւմ է։

– Իմ կարծիքով, այսօր Հայաստանում նման վտանգ կարող է սպառնալ ցանկացած մարդու, քանի դեռ բացահայտումները նման մակարդակով են կատարվում։

– Պարոն Քոչարյան, ճի՞շտ է, որ դուք նույնպես մասնակցել եք ԶՈՒ հրամանատարների հայտարարության ստեղծմանը։

– Ես չեմ մասնակցել, բայց տեղյակ եմ եղել, որ այդպիսի հայտարարություն պատրաստվում է։ Ուրախ եմ, որ հրամանատարները քաջ գիտակցոււմ են, թե ինչպիսի վտանգավոր շրջապտույտի մեջ է հայտնվել պետությունը՝ իրավական այս խառնաշփոթի պայմաններում։

– Ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանին սպանությունը բացահայտելու 15-օրյա ժամկետ է տրվել։

– Այդ հարցը, կարծում եմ, պետք է ուղղել Սերժ Սարգսյանին։

– Նա բացասական պատասխան է տվել։

– Այդ դեպքում հարցը պետք է ուղղել այդ հավաքի մասնակից որեւէ հրամանատարի։

– Իսկ ովքե՞ր են մասնակցել այդ հավաքին։

– Որքան տեղյակ եմ՝ բանակի շարային խոշոր ստորաբաժանումների հրամանատարները։ Բոլորը։

– Փորձեմ խորամանկել ձեզ, պարոն Քոչարյան։ Ասում են, թե Մանվել Գրիգորյանը բացակա է եղել։ Ճի՞շտ է։

– Ստույգ չեմ կարող ասել, բայց որքան գիտեմ նրա ստորագրությունը նույնպես կա այդ փաստաթղթի տակ։

– Իսկ ընդունո՞ւմ եք դատախազության վարկածը։

– Ինձ համար ցավ էր, երբ պետական հեռուստատեսությամբ սկսվեց կիսապաշտոնական անհեթեթ վարկածների շարադրումը։ Ակնհայտ էր Արծրունի սպանության փաստը։ Ակնհայտ էր, նաեւ դատախազության բարձրաստիճան աշխատակիցների կողմից ապահովական տարբերակների հաղորդումը։ Դա շատ վտանգավոր եմ համարում՝ իրավապահ համակարգին հանկարծ սովորեցնել այդ մեթոդին։ Իսկ դա նշանակոււմ է բոլոր սպանությունները հետագայում վերածել ինքնասպանությունների կամ կենցաղային բնույթի սպանությունների։ Արդյունքում խճճելով գալ եւ կանգնել մի պատկերի առջեւ, որ Հայաստանում երբեւիցե որեւէ սպանություն չբացահայտվի։ Դատախազության աշխատակիցներն ընտրել են ամենակարճ ճանապարհը՝ անտեսելով իրեղեն ապացույցները, կատարված փաստը, հոգեբանական ուսումնասիրությունները, եւ կոնկրետ անձը։

Ամենասարսափելին ե՛ւ Վահրամ Խորխոռունու, ե՛ւ Արծրուն Մարգարյանի դեպքում այն էր, որ զոհերը երկու դեպքերում էլ ներկայացվեցին իբրեւ չարագործներ։ Մեկն՝ իբրեւ կլանի ներկայացուցիչ, մյուսն իբրեւ խմելու նկատմամբ հակում ունեցող։ Երկու դեպքում էլ դա արվել է գործը փչացնելու նպատակով։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728