Չի կարելի չընդունել, որ մարդու կյանքում անունն ունի անգնահատելի դեր։ Խոսքն այն մասին չէ, որ անունն իր որոշակի ազդեցությունն է թողնում տիրոջ բնավորության, սովորույթների, գործողությունների վրա։
Անհերքելի է, որ Արմեն, Անի, Կարեն, Լիլիթ, Վարդան գեղեցիկ եւ հնչեղ անունները կրող մարդիկ երբեւէ չեն տառապել թերարժեքության այն բարդույթով, որը սեփական ծնողների կողմից պարտադրված է Ֆայտոն, Շեւրոլետ, Գանգրենա, Մասկվիչ, Տելեֆոն, Սելեկցիա, Կանալիզացիա, Բամ, Հնգամյակ, Վունդերկինդ դաժան եւ անառողջ (սանիտարահիգիենիկ տեսակետից) անուններ կրողներին, հատկապես այն դեպքերում, երբ, ասենք, Վունդերկինդն անուղղելի տհաս է, իսկ Մասկվիչն իրենց գեղի քուչեքից բացի ոչինչ չի տեսել։ Այս առթիվ հիշեցի մի զավեշտական իրական դեպք, որը կատարվել է հանրապետության պետական հիմնարկներից մեկում, որտեղ ինչպես ամենուր, ծաղկում էր կաշառակերությունը։
Աշխատակիցներից մեկին ինչ-որ խնդրանքով դիմում է Փողտուր անունով մի քաղաքացի։ Աշխատակիցը վերոհիշյալ Փողտուրին երկար-բարակ բացատրում է, որ այդ խնդրանքը հնարավոր չէ կատարել։ Փողտուրը համառում է, եւ աշխատակիցը բարձրացնում է ձայնը։ Այդ պահին սենյակի կողքով անցնում է հիմնարկի ղեկավարը, որն աղմուկ լսելով, մոտենում է դռանն այն պահին, երբ իր ենթական բարձր ճչում էր.
– Հասկացի՛ր, չեմ կարող, Փողտո՛ւր։
Լսվում է դիմացինի ցածր ձայնը, եւ ապա հուսահատված աշխատակցի աղաչանքը.
– Լավ էլի, Փողտո՛ւր։
Գազազած ղեկավարը մտնում է սենյակ, հուսալով բռնեցնել կաշառակեր աշխատակցին, սակայն, ավա՜ղ… Այս անգամ մեղավորն ագահությունը չէր, այլ տարօրինակ հակումներով ծնողները, որոնք անհասկանալի նկատառումներով հարազատ զավակին կնքել էին Փողտուր անունով։ Պատկերացնո՞ւմ եք խեղճի վիճակը, երբ նրա սիրած էակը սիրո վայելքի պահին քնքշորեն դիմի՝ Փողտո՜ւր… Դե արի ու հասկացիր՝ փո՞ղ է ուզում, թե՝ ուրիշ բան…
Ամեն ինչից բացի անձնանունները նաեւ պատմագրական նշանակություն ունեն։ Դարերի կյանք ունեցող անուններից բացի՝ Եվա, Մկրտիչ, Արա, Վասակ, Փառանձեմ եւ այլն, կան նաեւ նոր եւ նորագույն անուններ։ Եթե, օրինակ, Անի, Լիլիթ, Արմինե, Լուսինե, Արփինե, Արմեն անունները 50-150 տարվա պատմություն ունեն, ապա Արցախ, Շուշի, Մոնթե, Հաղթանակ եւ մնացյալ անունները տարածում գտան 88 թվականից հետո (լավ ենք պրծել, որ Հհշիկ, Հոյդա, Մահապարտիկ անուններով երեխաներ դեռ չկան)։
Հանրապետությունում համատարած սերիալամանիայի արդյունքում ազգս հարստացավ Խոսե-Իգնասիոներով, Մարիաննաներով, Բրունոներով, Լուիս-Ալբերտոներով, Իդեններով ու Կրուզներով։ Այս օրերին էլ, ըստ երեւույթին, կգրանցվի Ռիկարդոների, Լիժիաների եւ Էսթելաների բում։ Երեւի միայն Նիսիի հարցում տարակուսեն՝ բա որ հանկարծ Նիսյա ասեն (պատկերացնո՞ւմ եք, չէ՞՝ Նիսյան եկավ, Նիսյան փող չունի, դու Նիսյա՞ ես եւ այլ տարակարծությունների տեղիք տվող ինչպիսի՜ մտքեր կծնվեն)։
Զավակներին օտար անուններով կոչելն էլ է հին հիվանդություն հայերիս մեջ։ Ընդ որում, շատ հաճախ այդ օտարն էլ է աղավաղվում՝ Սերժիկ, Վասյա, Ժորժետա, Մառուսյա, Աբո, Էդիկ, Օֆիկ եւ այլն… Իմիջիայլոց, շատերդ նկատած կլինեք. չգիտես ինչու, Էլեններն ու Իռենները, Ալեններն ու Մարկերը, Ռոբերտներն ու Մարիները շատ ավելի ինքնավստահ, պճնամոլ եւ, ներողություն արտահայտությանս, ֆիքստուլ են լինում, քան Հեղինեներն ու Մարինեները, Վահագններն ու Կարենները։ («Իվետա լսելիս ոտքերս ծալվում են, չգիտեմ, ինչո՞ւ է այդպես…»)։ Փոխարենը, չեմ կասկածում, որ եթե հանկարծ, չգիտես ինչի ազդեցության տակ որեւէ ֆրանսուհի որդուն կոչի ոչ թե Ժորժ, այլ Գեւորգ, վերջինս ոչ թե ինքնավստահ ու հաբռգած կլինի, այլ՝ խեղճուկրակ։ Այս առումով, մենք՝ հայերս, անտարակույս միակն ենք եւ անկրկնելին։
ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ