Ավելորդ չէ հիշեցնել, որ վերոնշյալը Սահմանադրության 19-րդ հոդվածից է ընտրված, «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլխից։
Խորհուրդ կտայի բացել եւ կարդալ նաեւ հոդված 20-ը, ուր սեւով սպիտակի վրա գրված է՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական եւ ընտանեկան կյանքը անօրինական միջամտությունից պաշտպանելու իրավունք»։ Դեռ գործող Սահմանադրությունից կարելի է մեջբերումներ անել այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահները դրա վրա կշարունակեն երդում տալ՝ խոստանալով լինել յուրաքանչյուր հոդվածի երաշխավորը։ Սահմանադրությունը կամ օրենքները հանրապետության տարբեր մարզերում ու շրջաններում այլ կերպ են գործում կամ չեն գործում։ Անպաշտպան է ոչ միայն օրենքը, այլեւ՝ մարդը։
Եվ եթե անպաշտպան չլիներ օրենքը, ապա, օրինակ, միմյանց հաջորդող իրադարձություններ տեղի չէին ունենա, ինչպես 1996 թ. փետրվարին, երբ Անիի նախկին շրջանի ՆԳ բաժնում կախվեց Խաչիկ Պապիկյանը, կամ՝ 1997 թ. օգոստոսին Գյումրիի ՆԳ բաժնում կախվեց (երկրորդ վարկածով՝ կախեցին) Գալուստ Դիլանյանը։ Փաստերը չկարծեք թե հեշտությամբ են հանձնվում թղթին։ Հեշտությամբ չեն հանձնվում թղթին նաեւ այնպիսի որակումներ, որոնցից այսօր «ինքնասպանությունն» ու «անհրաժեշտ պաշտպանությունը» դարձել են ամփոփիչ-հանգուցալուծումային։
Այս ֆոնի վրա շարունակական թեմա է դարձյալ մնում խոշտանգումների, բարոյական եւ ֆիզիկական կտտանքների թեման. խոշտանգումներ, որոնք շատ հաճախ թաքցնելով, մտածում ենք, հանկարծ «չխարխլենք» այս պետության հիմքերը՝ չմտածելով, որ ամեն մի «պարտակած» հանցագործություն մի նոր հանցագործության սկիզբն է դառնալու։
Կարդացեք նաև
Սմբատ Բզնունու հետ կապված միջադեպի առիթով հարցաքննության ենթարկեցին Էդիկ Քարտաշյանին։ Հարցաքննությունը, ըստ մոր՝ Կարինե Քարտաշյանի, ուղեկցվել է «տարբեր միջոցների գործադրմամբ», ինչի հետեւանքով վատացել է Էդիկի առողջական վիճակը։ Հարցաքննություններից վերջինը տեղի ունեցավ հունվարի 23-ին, որից հետո Էդիկը «մինչեւ օրս հայտնի չէ, թե որտեղ է գտնվում»։
«Դրանից հետո մեզ հանգիստ չտվեց դատախազության քննիչ Ա. Ալեքսանյանը, որը զբաղված էր տվյալ գործով»,- պատմում է Կ. Քարտաշյանը։ Հունվարի 28-ի երեկոյան, 21.30-ի սահմաններում քննիչը հայտնվում է Քարտաշյանների բնակարանում, «իհարկե, խմած վիճակում», Էդիկից բացատրություն վերցնելու նպատակով։ Տանը տիկին Կարինեն էր եւ սկեսուրը։ «Նա՝ Ա. Ալեքսանյանը, պահանջում էր, թե տղադ անպայման գա ՆԳ բաժին»։ «Բանակցությունները» տեւում են մոտավորապես երկու ժամ, որից հետո տուն է վերադառնում Էդիկի հայրը, որից նույնպես քննիչը պահանջում է հայտնել տղայի տեղը. «Ամուսինս՝ Սերյոժա Քարտաշյանը, գնաց իր եղբոր աղջկա տուն, որպեսզի նրա իրավաբան ամուսնուց խորհուրդ հարցնի, թե քննիչն իրավունք ունի՞ այդ ժամին տանը քննություն անցկացնելու»։
Իսկ այդ ընթացքում Քարտաշյանների բնակարան են գալիս ՆԳ բաժնի աշխատակիցները՝ զինված ավտոմատներով, դուբինկաներով… այս անգամ էլ պահանջելով ընտանիքի հորը։ Վերջինիս, իհարկե, «հայտնաբերում» են, տանում ՆԳ բաժին։ Ո՛չ Սերյոժայի ծանր վիրահատություններ տանելու, ո՛չ ուղեղի ցնցում ստացած լինելու (նախկին խորհրդային բանակում) հանգամանքները չեն ազդում Գյումրիի ՆԳ բաժնի աշխատակիցների ծեծի վրա (Հ. Մանանդյանի, Շ. Զուռնաչյանի…)։ Ուշ գիշերվան՝ ժամը 3.00-ի սահմաններում, Սերյոժա Քարտաշյանին ուշաթափ վիճակում պատգարակով տանում են շտապօգնության հիվանդանոց… «Մի՞թե ընդամենը մեկ վկայի գտնելու համար կարելի է տանջամահ անել մեկ ուրիշին»,- իրավամբ հարցնում է Կ. Քարտաշյանը։ (Եթե մի պահ պատկերացնենք նաեւ, թե հայրը գիտեր որդու գտնվելու տեղը, ապա սեփական խոշտանգումներից հետո մի՞թե նա կասեր տեղը – Ռ. Մ.)։
Մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի։ Եվ, որ ամենակարեւորն է «արգելվում է մարդու կամքին հակառակ մուտք գործել նրա բնակարան»։ Սակայն տվյալ դեպքում մեզ համար հարցերի հարցը մնում է այս. ՆԳ բաժինը օրենքի ո՞ր մասով է, մեկ ուրիշ վկայի «հաշվին», քաղաքացուն պատանդ վերցնում։
Ռ. Մ.