Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ Է ԾՆՎՈՒՄ ԱԲՍՈՒՐԴԸ

Փետրվար 16,1999 00:00
Anahit Adamyan

Իմաստունները սովորեցնում են, որ ոչինչ նոր չէ, ոչինչ չի լինում ու չի եղել, որ արդեն եղած չլինի… Եվ, այնուամենայնիվ, այդպես չէ։ Կյանքի անվերջ բազմազանության մեջ անմահ մի իրողություն կա, որ նույնքան էլ անվերջ նորոգվում-նորանում է՝ աբսուրդը։ Բառարանային բացատրության չդիմենք, աբսուրդը ամեն քայլափոխի է։ Եվ եթե իրապես ինչ-որ բան այս երկրում կատարելագործվում է, հենց աբսուրդն է։

Փա՞ստ։ Գիտության եւ կրթության բնագավառը յուրաքանչյուր ազգի գոյատեւման ձեւերի ու միջոցների որոշարկման կենտրոնատեղիներից է։ Սա աքսիոմա է։ Աքսիոմաները սովորաբար չեն ապացուցվում, ընդունվում են դե ֆակտո։ Ամբողջ աշխարհում։ Մենք կասկածում ենք։ Թեորեմաների՞ սիրուց։ Ո՛չ։ Որովհետեւ մենք ամեն ինչ անում ենք ոչինչ չանելու համար, թեորեմաները մեզ համար ձեռք են բերում համազգային նշանակություն՝ մենք պիտի ապացուցենք, մեզ պետք են անվերջ հայտնիներով անիմաստ հավասարումներ, որ փորձագետների, դրամաշնորհների, կուսակցությունների եւ ընդդիմության համատեղ քննարկումների, գաղտնի ու բացահայտ բանակցությունների, տարբեր մակարդակների հանձնաժողովների, խելամիտ ու անխելամիտ փոխզիջումների, մեծ ու փոքր հանրահավաքների, ուժային միջամտությամբ, ստվերային տնտեսության գործոնով, անկանխատեսելի ու չբացահայտվող ինքնասպանություն-սպանություններով եւ ժողովրդավարության քաղաքակիրթ այլ նվաճումների միջոցով հերոսական մաքառումով՝ ընտրությունից ընտրություն մի փոքրի՜կ քայլ ենք անում ու անցնում վաստակած հանգստի։ Իսկ այդ քայլը կարող է լինել… բազմապատկման աղյուսակի լեգիտիմության ընդունումը։

Ազգային առանձնահատկություն է՝ հո ինչ-ինչ շուկայական-տնտեսական-քաղաքական նկատառումներով մենթալիտետ չե՞նք փոխելու։ Ո՛չ։ Ամեն ինչ փոխվում է, մենք կանք ու կլինենք կայուն։

…Թե որքան ենք մենք կայուն, կենսամակարդակը վկա։

Մեր «կայունության» ապացույց է նաեւ գիտության եւ կրթության բնագավառը։ Դարավերջին հասցրինք Ռուբիկոնն անցնել՝ կրթության մասին բազմաչարչարված օրենքն ընդունեցինք։ Կարծես դափնիների վրա հանգիստ առնելու ի՜սկը ժամանակն է։ Միեւնույն է, ոչինչ չի փոխվելու։

Ի՞նչ հիմքեր ունեմ մի ամբողջ նախարարության աշխատանքը ջուրը գցելու։ Փորձ ունեմ։ Միայն մի հարցի քննարկման-վերաքննարկման եւ բարեհաջող չլուծման։

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ դադարեցին լույս ընծայվել մանկավարժական պարբերականները, հայտնի է բոլորին՝ դադարեցվեց պետական հովանավորությունը։ 1990 թ. ընդունված «հեղափոխական» որոշման արդարացի-անարդարացի լինելը կարծես նույնիսկ չի էլ քննարկվում։ Իրավական պետություն լինելը ինքնին ենթադրում է մամուլի (նաեւ մասնագիտական) ազատություն, իսկ ինչո՞ւ ոչ առկայություն։ Աբսո՞ւրդ է։ Ինչո՞ւ ֆինանսական անհույս ու երբեւէ հույսեր չներշնչող վիճակով է բացատրվում… տարրական անբարեխղճությունը։

ՄԻԱՅՆ ՓԱՍՏԵՐ. «Մայրենի» գիտամեթոդական ամսագրի լինել-չլինելու փաստա-թղթային կենսագրությունը ցանկացածդ դասականի հատընտիրի ծավալն ունի։ Նշեմ միայն վերջին էջերը.

1. ՀՀ կրության եւ գիտության նախարար Լ. Մկրտչյան, 4.09.1998 թ.

Ի պատասխան Ձեր 1998 թ. օգոստոսի 27-ի գրության, հայտնում ենք, որ 1991 թ. պետական բյուջեի կողմից «Մայրենի» մանկավարժական, գիտամեթոդական, կրթադաստիարակչական հանդեսի պահպանության համար ֆինանսավորումը դադարեցվել է։

Ներկա պայմաններում նախարարությունը չնայած գտնում է հանդեսի գործունեության անհրաժեշտությունը, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հնարավորություն չունի վերականգնելու հանդեսի աշխատանքը։

(Ամսագրի գործունեության դադարեցման կամ վերաբացման խնդիրը չի եղել դիմումի նպատակը, այլ թիվ 53 դպրոցում տեղակայված խմբագրության՝ այդ դպրոցում մնալ-չմնալը եւ ի՞նչ անելը։ Նախարարը չի՞ հասկացել, թե՞ չի կարդացել դիմումը եւ իր պատասխանը ստորագրելուց առաջ, գոնե հետո։ Աբսուրդ հարց է)։

2. ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Ա. Թոփուզյան, 9.12.1998 թ.

Հայտնում ենք, որ նախարարությունը, կարեւորելով մանկավարժական մամուլի դերը, 1999 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում առաջարկել է մանկավարժական մասնագիտական պարբերականների վերականգնման եւ նոր ամսագրերի հիմնադրման նպատակով կատարել անհրաժեշտ հատկացումները։ Նույնիսկ մասնակի ֆինանսավորման դեպքում աշխատանք կտարվի առաջինը «Մայրենի» ամսագրի վերականգնման ուղղությամբ։

3. ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյան, 12.11.1998 թ.

Ի պատասխան Ձեր «Մայրենի» ամսագրի վերալույսընծայման գրության, հայտնում ենք, որ այն մեր կողմից 29.10.1998 16/121 գրությամբ հղվել էր ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությանը, որտեղից էլ 05.11.98 թ. թիվ 14425 գրությամբ ստացվել է պատասխանը, որում նշվում է, որ հարցը ենթակա է քննարկման ՀՀ գիտության եւ կրթության նախարարության կողմից։ Առաջարկում ենք ամսագրի վերալույսընծայման նպատակահարմարության հարցը քննել ՀՀ գիտության եւ կրթության նախարարության հետ, որի ելքից կախված կքննարկվի խնդրի ֆինանսավորման հարցը։

(Ամսագրի ճակատագիրը պարզաբանելու համար կատարվել էր պատգամավորական հարցում ՀՀ վարչապետին, որի արդյունքն է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պատասխանը։ Ի դեպ, ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովին ուղղված դիմումը մնաց անպատասխան։ Երեւի դա էլ պատասխան է ու վերաբերմունք թե՛ գիտությանը, թե՛ կրթությանը։ Բնորոշ վերաբերմունք մամուլին ընդհանրապես)։

Այս պետության մեջ երբեւէ պետական բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ կլինե՞ն իրենց «տնտեսությանը»։ Գոնե տարրական բարեխղճություն կունենա՞ն (իրենք կամ իրենց համակարգի պատասխանատու աշխատակիցները), որ հետեւեն իրենց որոշումների կատարման-չկատարմանը։ Աբսո՞ւրդ։

Այս պարագայում՝ ոչ։ Վերջապես հասկանանք, որ հարցը չի վերաբերում մեկ ամսագրի հրատարակմանը, որի համար գումար կարելի է հայթայթել. ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պատասխանը հենց այդ է նշանակում։ Կարելի էր հայթայթել առաջ էլ, եթե այս երկրի աջ ձեռքը իմանա՝ ինչ է անում ձախը, եթե այս երկրում գլուխ լինի։

… Միայն չասեք, թե դա էլ է աբսուրդ։

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728