Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՑԻ ԽՆԴԻՐ՝ ՄԵԾ ՀԱՇՎՈՎ

Փետրվար 16,1999 00:00
Davit Zadoyan

Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման նախարար, ընտանեկան նպաստի ներդրման հանրապետական շտաբի պետ Դավիթ Զադոյանի հետ։

-Համայնքապետերը դժգոհում են, որ ինֆորմացիա չունեն իրենց համայնքների անապահովների մասին, քանի որ բոլոր լիազորությունները տրված են սոցիալական ծառայություններին։ Ինչպես եղավ Աբովյանի քաղաքապետի դեպքում։

-Իր հետ համաձայն չեմ։ Իրենք ունեն բոլոր լծակները։ Եթե համայնքապետը չգիտի՝ իր համայնքում ովքեր են ավելի աղքատ, երբեք Երեւանում նստած մեկ ուրիշը չի կարող իմանալ։ Այդ տրամաբանությամբ ենք, բացի արդեն ցուցակում ընդգրկվածներից, քվոտաներ թողել, որովհետեւ համայնքներում կան մարդիկ, որ ինչ-ինչ պատճառներով չեն ընդգրկվել ցուցակներում։ Կան մարդիկ էլ, հատկապես շատ աղքատներ, որ շատ ավելի համեստ ու հպարտ են, չեն գնում դիմելու։ Համայնքները պիտի գտնեն այդ մարդկանց եւ ընդգրկեն քվոտաների ցուցակներում։ Մեխանիզմը մշակված է։ Ասել ենք, որ ստեղծեն հանձնաժողով, որտեղ կընդգրկվեն դպրոցի տնօրեններ, ԲՇՏ-ների պետեր, ընդհանրապես հարգված մարդիկ, որոնք էլ կհայտնաբերեն անապահովներին։ Որովհետեւ միշտ հնարավոր են սխալներ, բացթողումներ։

-Իսկ ինչո՞ւ քվոտաների ցուցակները կազմելու լիազորություններն էլ սոցծառայություններին չեն տրվել։

-Այդ ծառայությունները կազմում են նպաստառուների ցուցակները։ Իսկ քվոտաների ցուցակները կազմելը տրվում է համայնքին՝ նրա համար, որ նախ համայնքապետը ինքն իրեն պատասխանատու զգա, եւ երկրորդ, համայնքապետի հեղինակությունն ինչ-որ տեղ բարձրացնենք նրանով, որ համայնքապետն էլ ինչ-որ բան է որոշում։ Համայնքապետին նաեւ իրավունք է տրված ցուցակում ընդգրկված ապահովների եւ չընդգրկված անապահովների տեղերը փոխել։

-Ինչպե՞ս եք իրականացնում վերահսկողությունը։

-Գորիսում կեղծիքներ բացահայտվեցին։ Հիմա ես Եգանյանին հանձնարարել եմ. այս շաբաթ մեծ քանակությամբ մարդկանց կուղարկենք՝ տեղում ցուցակները ստուգելու։

-Միայն Գորիսո՞ւմ։

-Չէ, ամբողջ հանրապետությունում։ Այս պրոցեսն անընդհատ է։ Իմ հաշվարկով, մինչեւ հուլիս ամիսը մենք կհասնենք այն մինիմումին, երբ կարող ենք արդեն ասել, որ ցուցակները համեմատաբար մաքրված են։

-Մարդիկ շատ են բողոքում ընտրության չափանիշներից, մասնավորապես էլեկտրաէներգիայի գերածախսի հետ կապված։

-Հետաքրքիրը ո՞րն է. ամենալավ պայմանը ստեղծել էինք մեկ եւ երկու շնչանոց ընտանիքների համար։ Երբ հավաքեցինք բողոքները, վերլուծեցինք, տեսանք, որ դրանց 30%-ը էլեկտրաէներգիայի գերածախսով նպաստի ցուցակներից դուրս մնացածներինն է։ Ոչ մի 3-4 եւ ավելի շնչից բաղկացած ընտանիք դրանից չի բողոքում, բողոքում են միայն 1 եւ 2 հոգանոց ընտանիքները։ Այստեղ մենք սկսեցինք մտածել՝ ինչո՞ւ։ Կնշանակի, որ նրանց հետ ուրիշ մարդիկ են ապրում։ Հիմա վերանայում ենք, հանձնարարել ենք այցելել բոլոր նրանց, ովքեր բողոքում են, ստուգել, թե քանիսն են այդ բնակարանում գրանցված, բայց իրականում քանիսն են ապրում։ Եթե սխալներ եղել են, կճշտվեն։

-Իսկ չափանիշների մեջ ընդհանրապես փոփոխություններ կարո՞ղ են լինել։

-Իհարկե։ Մենք ապրիլ ամսին, այսինքն առաջին եռամսյակը նույն ձեւով կտանենք։ Կհավաքենք բոլոր բողոքները, կվերլուծենք՝ հասկանալու համար, ինչ է կատարվում։ Ամբողջ հանրապետությունով համայնքապետերը մոտավորապես 15 հազար ընտանիքի հանել են։ Այդ տեղերը պետք է լրացնել։ Բայց դա հենց այնպես չի կատարվի։ Այսինքն չափանիշները կվերանայվեն, սակայն լավ տեղեկատվություն ունենալուց հետո։ Հիմա ցանկացած փոքր պատահական քայլը կարող է բերել մեծ խախտումների։

-Առաջին ամսվա փորձը ինչ-որ չափանիշ փոփոխելու անհրաժեշտություն ցույց տալի՞ս է։

-Այո։

-Ո՞րը։

-Մեկը էլեկտրաէներգիան, որ մտածելու տեղիք է տալիս։ Պետք է վերանայել։ Երկրորդը, նախատեսել էինք, որ մեկ եւ երկու շնչանոց ընտանիքների միայն 5%-ը դուրս կմնա։ Այսօր դուրս է մնացել 7%-ը։ Պիտի նայենք, տեսնենք, թե ինչու ենք սխալվել։ Կամ այն ժամանակվա ինֆորմացիան է սխալ եղել, կամ այսօրվա։ Ես հակված եմ կարծելու, որ այսօրվանն է սխալ։

-Բոլորս հասկանում ենք, որ սա առաջադիմական համակարգ է եւ, ի վերջո, այն պիտի մի օր էլ Հայաստան գար։ Բայց արդյո՞ք Հայաստանի համար շուտ չի դրա ներդրումը։ Խոսում են նաեւ, որ Համաշխարհային բանկի ճնշումներով է եղել շուտափույթ ներդրումը։

-Համաշխարհային բանկը մի կողմ թողնենք՝ ինչ է ստիպել, ինչ է արել։ Որովհետեւ անձամբ ես նրանց ճնշումներին չեմ ենթարկվում։

-Չէ՛, ես «մեծ» հաշվարկով եմ ասում՝ ճնշումներ։

-Թող «մեծերը» պատասխանեն այդ հարցին։ Ես կասեմ. հենց հիմա էր պետք։ Եթե մենք կարողանայինք հասկանալ եկամուտների ճիշտ ու սխալ լինելը, այդ ժամանակ երեւի իմաստ էլ չէր ունենա նոր համակարգը։ Այսօր է, որ մենք չենք կարողանում ճիշտ գտնել ամենավատ ապրող ընտանիքին ու նրա կողքին կանգնել։ Հաճախ «Մերսեդես» ունեցողը գալիս է ու նպաստ պահանջում։

-Եվ շատ դեպքերում նրա փաստաթղթերը դրա իրավունքը տալիս են։

-Այո։ Լավն այն է, որ ժողովուրդը գրում է ու բերում՝ այսինչ մարդը պիտի չլիներ, ինչո՞ւ է ստանում։ Մենք էլ գնում-ստուգում ենք։ Եթե չպիտի լիներ ցուցակում, հանում ենք։

-Իսկ այդ ստուգումների վրա, հատկապես հեռավոր շրջաններ գործուղելիս, ավելի շատ գումարներ չե՞ն ծախսվում, քան եթե մնար նպաստների հին համակարգը։

-Ենթադրենք, ես թոռնիկ ունեմ, թոռնիկիս համար նպաստ պիտի տան։ Անհարմար է, չէ՞. ես բարձր աշխատավարձ եմ ստանում։

-Դա Ձեր բարոյականության հարցն է, բայց պետությունը պիտի հավասար նայի իր քաղաքացիներին։

-Իհարկե։ Բայց, քանի որ մենք իսկապես աղքատ վիճակում ենք, առաջնահերթ պիտի լուծենք այն հարցը, որ հաց չունեցողը հանկարծ սովից չմահանա։ Վիճակներս կլավանա՞, կասենք՝ պիտի հասնենք այն բանին, որ, բացի հացից, աղքատը պանիր էլ պիտի ունենա ուտելու։

Ես գտնում եմ, որ այս համակարգը շատ առաջադիմական է։ Չի կարելի ունեւորին էլ օգնել, չունեւորին էլ։ Դա հարուստ երկրի բան է։ Այսօր դրված է օրվա հացի խնդիրը։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728