Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԴԱՄԱՆԴ ՈՐՈՆՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ

Փետրվար 16,1999 00:00
adamand

Բելգիան եւ Իսրայելը՝ աշխարհի ադամանդագործության խոշորագույն կենտրոնները, թե՛ տարածքով, թե՛ բնակչության քանակով շատ չեն տարբերվում Հայաստանից։ Ճիշտ է, կան աշխարհագրական, պատմական, քաղաքական, էթնիկական եւ այլ շատ տարբերություններ, բայց փաստը մնում է փաստ, Հայաստանն ունի եւ արդյունաբերական հզորություններ, եւ ավանդույթներ։

Թանկարժեք քարերի շուկան շատ կոնսերվատիվ է. գիտելիքները, փորձը, կապերը եւ կապիտալը՝ ամեն ինչ փոխանցվում է ժառանգաբար։ Այսօր Գեմոլոգիական ինստիտուտները մշակում են քարերի տեսակավորման ընդհանուր ստանդարտները, կուտակում եւ փոխանցում են գիտելիքներ, ընտելացնում «ազնիվ խաղի» օրենքներին, սովորեցնում եւ ծանոթացնում են հումքի, արտադրության տեխնոլոգիայի, էկոնոմիկայի եւ շուկայի հիմունքներին։ Իհարկե, փորձը եւ զանազան նրբությունները գալիս են ժամանակի ընթացքում, բայց համակարգավորված ուսումը արդեն թույլ է տալիս խուսափել կոպիտ սխալներից։

Գիտաուսումնական ուղղության զարգացումը Հայաստանի ադամանդագործության եւ ոսկերչության ապագա ծաղկման հիմքն է, եւ որպես առաջին քայլ դեպի ապագա Հայկական գեմոլոգիական ինստիտուտ, առաջացել է օբյեկտիվ անհրաժեշտություն՝ ստեղծել հանրապետական կառույց, համապատասխան կահավորվածությամբ, հետագայում ինքնաֆինանսավորման հիմունքներով։ Պետք է ներգրավել Երեւանի պետական եւ ճարտարագիտական համալսարանների, ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի, «Շողակն» եւ «Սապֆիր» գործարանների եւ Երեւանի ոսկերչական գործարանի միջոցներն ու լավագույն մասնագետներին։

Անցումը կայուն եւ զարգացած շուկային պետք է իրականացվի պետության հսկողությամբ եւ աջակցությամբ։ Նման պետական կառույց սահմանելիս կարելի է, որպես օրինակ, վերցնել թե՛ Բելգիայի համաշխարհային բարձրագույն ադամանդի խորհուրդը, թե՛ Ռուսաստանի Դաշնության «ԳՈԽՐԱՆ»-ը։

Այդ կառույցը պետք է ծառայի հետեւյալ խնդիրներին՝

1. Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձեւավորում եւ համալրում։

2. Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ դրանք պարունակող իրերի պահպանության ապահովում։

3. Այդ արժույթները սպառողին բաց թողնելու կազմակերպում, կարգավորում եւ հսկողություն լիցենզավորման ու քվոտավորման միջոցով։

4. Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի վերաբերյալ միացյալ գնային քաղաքականության վարում։

5. Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաեւ դրանց օգտագործմամբ պատրաստված իրերի սպառման հսկողություն ներքին եւ արտաքին շուկաներում։

6. Թանկարժեք քարերի փորձագիտական տեսակավորում, գնահատում, հավաստագրում եւ մշակում կանոնադիր կարգով։

7. Գիտաուսումնական ծրագրերի իրականացում։

8. Պետական ֆոնդը համալրելու, ինչպես նաեւ ապագա սերունդների համար ազգային ոսկերչական արվեստը զարգացնելու եւ պահպանելու նպատակով, ունիկալ ոսկերչական իրերի պատրաստում եւ վերականգնում։

Շուկայական հարաբերությունները ուշ թե շուտ կբերեն Հայաստանում ադամանդի բորսայի ստեղծմանը։ Ուստի «կառույցը» պետք է սերտ համագործակցի ե՛ւ բորսայի, ե՛ւ բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք, այսպես թե այնպես, կապված են թանկարժեք քարերի եւ մետաղների հետ՝ միաժամանակ ունենալով իրական կարգավորող եւ հսկող լծակներ։

Որպես «կառույցի» ճյուղ պետք է առանձնացնել՝

1. «Արտաքին հարաբերությունների» բաժինը, որը մաքսատան ներկայացուցիչների, ինչպես նաեւ «հատուկ կապի» եւ ապահովագրական գործակալությունների հետ միասին կզբաղվի ներմուծման եւ արտահանման հետ կապված բոլոր ձեւակերպումներով։

2. «Տեղեկատվական եւ շուկայի ուսումնասիրման» բաժինը, ստանալով եւ մշակելով տեղեկություններ արտաքին եւ ներքին շուկաներից, կստեղծի սեփական համակարգչային տեղեկատու բանկ, տալով ամենօրյա պարզ պատկերացում թանկարժեք քարերի եւ ոսկու վերաբերյալ։

3. «Փորձագիտական» բաժինը կզբաղվի հավաստագրմամբ, փորձագիտական եւ հետազոտական աշխատանքներով, գիտատեխնիկական ուսումնասիրություններով եւ դրանց հետագա ներդրումներով արտադրության մեջ։ Պետք է արգելել առանց փորձագիտական բաժնի հավաստագրի «բանկային» թանկարժեք քարերի եւ դրանց օգտագործմամբ պատրաստված իրերի, ինչպես նաեւ հումքի ներմուծումը եւ արտահանումը։ Չարաշահումներից խուսափելու նպատակով, պետք է նաեւ արգելել բանկերին առանց փորձագիտական բաժնի հավաստագրի որպես գրավ թանկարժեք քարերի ընդունումը։ Պետք է սահմանել թանկարժեք քարերի միացյալ սակագներ, որով առաջնորդվեն բանկերը եւ գրավատները։ Որպես բանկային քար հաշվել 0,50 կարատ եւ բարձր քաշային խմբի ադամանդը։

4. «Ներքին կարգավորման եւ թույլտվությունների» բաժինը կզբաղվի թանկարժեք քարեր մշակող եւ դրանց օգտագործմամբ ոսկերչական իրեր պատրաստող ձեռնարկությունների գրանցմամբ եւ լիցենզավորմամբ, ստուգելով նրանց արհեստավարժական պատրաստականությունը եւ արտադրության համապատասխանությունը տեխնիկական նորմերին, ինչպես նաեւ գործող ձեռնարկությունների վերստուգմամբ եւ վերալիցենզավորմամբ։

5. «Արտադրա-տեխնիկական». Այսօր բացարձակ բացակայում է պետական հսկողությունը ներմուծված հումքի ընթացքին, հետեւաբար նրանից ստացած շողակնի ծագումը պարզելը կամ հաստատելը դառնում է անհնար։ Սա բերում է տարբեր տեսակի չարաշահումների եւ ստեղծում հարկերը շրջանցելու եւ շահույթը թաքցնելու գերազանց հնարավորություն։

Ուստի վերոհիշյալ բաժինը պետք է.

ա) Համագործակցելով հարկային տեսչության հետ, պարբերաբար ստուգի գործող ձեռնարկությունները, ի հայտ բերի հարկային եւ տնտեսա-իրավական խախտումները։

բ) Ստեղծի կանոնակարգ, որը թույլ կտա արդյունավետ հսկել հումքի ընթացքն ամբողջ արտադրական պրոցեսում, համատեղել պետության եւ արտադրողների շահերը, ինչպես նաեւ պարզորոշ ի հայտ բերել ստացած շահույթը, պատրաստի արտադրանքի եւ նրա գնահատականի համապատասխանությունը «փորձագիտական բաժնում» որոշելուց հետո «արտահանման լիցենզիա» կամ ներքին շուկայում սպառման իրավունք տալով։

6. «Հումքի ներմուծման եւ տեսակավորման».

Պետք է զբաղվել հումքի ներմուծման խնդրի լուծմամբ կենտրոնացված ձեւով։ Հայաստանը, որպես ԱՊՀ-ի անդամ, ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության հետաքրքրության տարածք՝ Դե Բիրսի հետ ստորագրած պայմանագրի համաձայն։ Ռուսաստանը կարող է վաճառել Հայաստանին ադամանդի հումք՝ առանց վերավաճառման իրավունքի։ Կարծես թե այդ հարցը լուծվել է միջպետական համաձայնագրի միջոցով։ Վարել բանակցություններ հումք արտահանող եւ Դե Բիրսի օրենսդաշտից դուրս գտնվող աֆրիկյան, լատինամերիկյան եւ ավստրալական կառավարությունների եւ արտահանող ընկերությունների հետ հումքի վաճառքի վերաբերյալ։

Թույլատրել հումքի գնումները Անտվերպենի եւ Թել Ավիվի ազատ շուկաներից։

7. «Պատրաստի արտադրանքի գնման եւ սպառման» բաժինը սահմանում է նվազագույն սակագների աղյուսակ, որը կազմվում է «փորձագիտական» եւ «տեղեկատվական» բաժինների մասնակցությամբ։

Արտադրողները կարող են ազատ վաճառել իրենց արտադրանքը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում, ըստ իրենց հայեցողության, սակայն նվազագույն սահմանված սակագներից ոչ պակաս գնով, որը ապահովում է նվազագույն շահույթը տվյալ հումքից։ Հակառակ դեպքում արտադրողը պարտավոր է այն վաճառել «կառույցին», որը եւ կորոշի նրա հետագա ճակատագիրը։

8. «Արդյունաբերական» բաժինը մատակարարում է հումք, թանկարժեք քարեր եւ մետաղներ օգտագործող ոչ ոսկերչական ձեռնարկություններին, իրականացնում է հսկողությունը եւ թափոնների ընդունումը հետագա վերամշակումով։

9. «Ազգային հարստությունների հատուկ արվեստանոց». Պետք է վերացնել տարբեր տեսակի ուղղակի եւ անուղղակի հարկերը եւ թողնել միայն մեկը՝ նվազագույն շահութահարկը (հնդկական տարբերակ)։

Ադամանդագործությունը կայուն եկամտաբեր ճյուղ է հումքի առկայության դեպքում, եւ հիմնովին տարբերվում է մնացած բոլոր ճյուղերից թեկուզ միայն նրանով, որ ինքն իրենից արդեն ներկայացնում է ակտիվ։ Քիչ էներգատար, քիչ աշխատատար, սակայն բարձր արհեստավարժություն պահանջող, եւ, որ ամենակարեւորն է՝ մեծ կապիտալ ներդրում պահանջող, որի նույնիսկ փոքր շահույթի տոկոսը զգալի գումարներ է կազմում։ Ուստի, խրախուսելով կապիտալի ներհոսքը ներդրումների տեսքով, պետությունը ապահովում է բյուջեի կայուն եկամուտ։

Ա. ԶԱՆԳԻՆՅԱՆ

«Զանգ» գիտաուսումնական գեմոլոգիական լաբորատորիայի տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728