Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ ՓՈՒԼ ԱՌ ՓՈՒԼ ԵՎ ԶՈՒԳԱՀԵՌ

Փետրվար 16,1999 00:00
Ruben Mirzaxanyan

Երեկ լրագրողների հետ հանդիպեցին ՀՌԱԿ հանրապետական վարչության նորընտիր ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, փոխատենապետ Հարություն Առաքելյանը, վարչության անդամներ Հակոբ Ավետիքյանը եւ Շամիրամ Աղաբեկյանը՝ պատմելու շաբաթ օրը գումարված 9-րդ արտահերթ պատգամավորական ժողովի արդյունքների մասին։

Հանրապետական վարչության ատենապետ ընտրված Ռուբեն Միրզախանյանն այդ նույն պաշտոնում աշխատել է 1991-ի դեկտեմբերից մինչեւ 1996-ի հուլիսը։ 96-ի հուլիսին պրն Միրզախանյանը հրաժարական է տվել, երբ պարզվել է, որ կուսակցությունը կրկին պաշտպանելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, որը 1995 թ. ԱԺ ընտրություններում ՀՌԱԿ-ին չէր օգնել հաղթահարելու 5% արգելքը։

Ըստ պրն Միրզախանյանի պատգամավորական ժողովն անցկացվել է կուսակցության կանոնադրության 72-րդ կետի պահանջին համապատասխան, այսինքն կենտրոնական վարչության որոշմամբ։ 84-րդ հոդվածն էլ միայն հանրապետական վարչությանն է իրավունք վերապահում մեկնաբանելու կանոնադրության այս կամ այն դրույթը։ Համագումարի աշխատանքներին մասնակցել են փետրվարի 13-ի դրությամբ հաստատված 27 ակումբներից 22-ի ներկայացուցիչները։ Չնայած դեռեւս գործող հանրապետական վարչությունը կարող էր շարունակել իր գործունեությունը մինչեւ հոկտեմբեր, սակայն պատգամավորական ժողովի ժամանակ այն վայր է դրել իր լիազորությունները եւ կրկին ստացել վստահության քվե։ Կուսակցության կանոնադրության որոշ դրույթների փոփոխության եւ ԱԺ ընտրություններին ՀՌԱԿ մասնակցության հարցերը կքննարկվեն ավելի ուշ գումարվելիք պատգամավորական ժողովում։ Հարություն Կարապետյանի գործունեությունը որակվեց իբրեւ «ոչ կանոնադրային»։

«Ես չեմ կարծում, որ այսօր ինչ-որ տեղ տեղի է ունենում ՀՌԱԿ պատգամավորական ժողով։ Այդպես չի գտնում մեր կուսակցության կանոնադրությունը։ ՀՌԱԿ պատգամավորական ժողովը մեկն է, եւ այն տեղի է ունեցել փետրվարի 13-ին Թեքեյան մշակութային միության շենքում։ Ինչ վերաբերում է կուսակցական ժողովներին, ես դեմ չեմ, թող հավաքվեն, քննարկեն»,- ասաց Ռուբեն Միրզախանյանը, պատասխանելով, թե ինչպես են իրենք վերաբերվում այսօր ընթացող պատգամավորական ժողովին։

Հակոբ Ավետիքյանը, ըստ էության, հաստատեց մեր այն պնդումները, թե կուսակցության հայաստանյան մասնաճյուղի պառակտումը արտաքին գործոնների ազդեցության արդյունք է։ Ըստ պրն Ավետիքյանի, այս ամսվա վերջին սփյուռքում հաշտության բանակցություններ են սկսվելու կուսակցության ամերիկյան եւ բեյրության թեւերի միջեւ։ Կրկին պառակտվելու կամ միանալու հարցը կրկին որոշվելու է դրսում։ Այստեղ, փաստորեն, միայն կրկնողներ են։ Իսկ խաղի տրամաբանությունը պահանջում է շարժվել, խոսել, հոխորտալ։ Հաղթում է առավել ակտիվը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728