Ինչպես էր կոփվում «Երկրապահը»
«Առավոտում» այս տարվա փետրվարի 4-ին հրապարակվել էր Կարապետ Ռուբինյանի հարցազրույցը, որտեղ նա 1998-ի փետրվարին ԱԺ-ում տեղի ունեցածը «ներքին հեղաշրջում» էր որակել. «Մի ամբողջ խումբ պատգամավորներ տարբեր մեթոդներով, թե՛ քաղաքական, թե՛ այլ, ենթարկվեցին զանգվածային մշակման՝ ուժային կառույցների անմիջական մասնակցությամբ եւ տեղափոխվեցին «Երկրապահ» պատգամավորական խումբ»։
Այս հայտարարության առնչությամբ ԱԺ փոխնախագահ, «Երկրապահ» խմբի ղեկավար Ալբերտ Բազեյանը մեզ մասնավորապես խորհուրդ տվեց այն պատգամավորներին դիմել, ովքեր «Երկրապահ» էին փոխադրվել. «Անցած տարվա ընթացքում կարելի էր պարզել, թե ինչ պատճառներով են նրանք տեղափոխվել»։
Կարդացեք նաև
Վստահ չենք, որ պատգամավորները լրագրողների առջեւ այդչափ կանկեղծանան ու կպատմեն, թե ուժայիններն ինչպես էին իրենց մշակում։ Ուստի հավելյալ պարզաբանումների համար դարձյալ Կարապետ Ռուբինյանին դիմեցինք։ Նա պնդեց, որ փաստերով կարող է ապացուցել իր հայտարարությունը։ Բայց առայժմ նախընտրեց անուններ չնշել. «Բանակում զավակներ ունեցող կամ իրենց որդիների ծառայությանն առնչվող խնդիրներ ունեցող պատգամավորների համար օգտագործվել են այդ հանգամանքները։ Պետական խոշոր այրերից մեկն (այժմ էլ գործող) ոմանց պատմել է, որ տեսել է մի «խայտառակ փաստաթուղթ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստորագրությամբ, որից մազերը բիզ-բիզ են կանգնել։ Արդեն ծախել են Ղարաբաղը, այդ հարցը լուծված է» եւ այլն։ Լավ կլիներ այժմ այդ անձնավորությանը հարցնել, թե այդ փաստաթուղթն ինչ եղավ։ Իսկ դա Դավիթ Զադոյանն էր»։ Կարապետ Ռուբինյանը պնդեց, որ պատգամավորների մշակմամբ անմիջապես պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանն ու նախարար Վազգեն Սարգսյանն էին զբաղվել։
Զրույցին ներկա Ավետ Գրիգորյանը հավելեց. «Գործադիր իշխանության մեջ պաշտոն զբաղեցնողներին ոչինչ պետք չէր ասել՝ նրանց ուղղակի դիմում էին դեմ տալիս ստորագրելու համար»։ «Մեկն էլ հիվանդանոցը թողած՝ վազելով եկել էր, թե՝ «էս խի՞ խաբար չեք արել»,- պատմեց պրն Ռուբինյանը։- Հիմա Լոս Անջելեսում ֆռֆռում է՝ Հայկոոպի նախկին նախագահ Ռազմիկ Դանիելյանն է»։
… Այս ամենն այլեւս հրատապ չէ եւ գուցե միայն պատմության համար արժեր վերաշարադրել։ Չնայած այս վկայությունները նաեւ կարելի է համադրել պաշտպանության նախարարի այն հայտարարություններին, թե «Երկրապահ» փոխադրվածները «առնետներ» չէին, գաղափարն էին պաշտպանում եւ, որ այդ քայլին դիմեցին այն ժամանակ, երբ դեռ հայտնի չէր՝ կշեռքի ո՞ր նժարն էր ավելի ծանր։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ