Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սա կառավարության հերթական բլե՞ֆն է

Փետրվար 16,1999 00:00
Harc

Կամ էլ հարցականը «հերթական» բառի վրա

ՀՀ կառավարությունն՝ ի դեմս վարչապետ Արմեն Դարբինյանի, ԱԺ ամբիոնից «ԱրմենՏելի» հիմնադրման եւ սեփականաշնորհման օրինականությունը ստուգող հանձնաժողով ստեղծելու կոչ արեց։

Իհարկե, կոչը սպառնում էր ստուգել նաեւ սեփականաշնորհված այլ ձեռնարկությունների օրինականությունը, որոնց գործարքն իրականացրել էին նախկին իշխանությունները։ Վարչապետի անկեղծությանը գոնե այդ պահին հավատացին 90 հոգի («Երկրապահները», որոնք չէին քվեարկել եւ Խոսրով Հարությունյանը, որը «դեմ» էր քվեարկել, ենթադրում ենք՝ չհավատացին)։ Սակայն դրանից ոչինչ չփոխվեց։ ՀՀ նախագահը հենց ԱԺ նախագահին որոշեց առաջարկել, որ այդ հանձնաժողովում ընդգրկվեն նաեւ 3 պատգամավոր։

ԱԺ «Հանրապետություն», «Հայրենիք», «Շամիրամ» եւ ԱԺՄ խմբակցություններն ու խմբերը որոշեցին այդ հանձնաժողովի հետ որեւէ գործ չունենալ։

Անժելա Բակունց («Շամիրամ»)– Տիգրան Նաղդալյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, թե հանձնաժողովի կազմմանը չմասնակցող խմբակցությունների հապավումից ստացվում է ՀՀՇ։ Ասեմ, որ ԱԺՄ-ն էլ չի մասնակցում։ Իսկ թե ինչու մենք չե՞նք մտել հանձնաժողով. համարում ենք, որ եթե ԱԺ-ն իսկապե՛ս ուզում էր հանձնաժողով ստեղծել, ուներ բոլոր հնարավորությունները՝ դա անելու։ Իսկ որ հանրապետության նախագահն ուզում է ստուգել այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները, մենք միայն ուրախ ենք։

Բայց մասնակցել այն կազմով, որը նշված էր նախագահի հրամանագրում (ի դեպ, այդ հրամանագիրը մինչեւ օրս ԱԺ-ում գոնե չեն տեսել- Լ. Ա.), նշանակում է՝ ստուգելու են իրենք իրենց։ Իսկ ինչ վերաբերում է սեփականաշնորհված օբյեկտների ստուգման շրջանակը լայնացնելուն, մենք կողմ ենք. մեզնից ոչ մեկը ոչ մի սեփականություն չունի։ Հանգիստ ենք թե՛ մեր անցյալի, թե՛ ներկայի ու նաեւ ապագայի հարցում։

Վահագն Խաչատրյան («Հանրապետություն»)– Ըստ էության՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակներում կարող է անել ցանկացած քայլ։ Այդ թվում՝ կարող էր հանձնարարել իր վերահսկողության ծառայությանը՝ իրեն կից մի խորհրդակցական մարմին ստեղծել՝ ստուգելու եւ բացահայտելու սեփականաշնորհման խնդիրները։ Նույնը կարող էր անել նաեւ կառավարությունը։ Ոչ ոք այդ դեպքում չէր կարող ասել, թե նախագահի գործողությունները հակասահմանադրական էին։ Մենք առանց գործադիր իշխանության ենք ցանկանում համոզվել տվյալ դեպքում «ԱրմենՏելի» գործարքի օրինականության մեջ։ Առավել եւս՝ որեւէ խնդիր չկա, որ այդ շրջանակի մեջ են մտնում սեփականաշնորհված այլ ձեռնարկություններ եւ «դեռեւս չբացահայտված անօրինականություններ»։ Այն, ինչ տեղի է ունեցել 93-ից հետո (սեփականաշնորհման բնագավառում) եղել է հրապարակային եւ բաց։ Եթե նրանք ուզում են ուսումնասիրել սեփականաշնորհման գործընթացը, ոչ ես կխանգարեմ, ոչ էլ մեկ ուրիշը։ Դարբինյանն էլ շատ լավ գիտի, որ սեփականաշնորհումը տեղի է ունեցել օրինականության շրջանակներում՝ ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներով, կառավարության կողմից ընդունված որոշումներով։

Սոս Գիմիշյան («Հայրենիք»)– Մենք համոզված ենք՝ ճիշտ կլիներ հանձնաժողով ստեղծել ԱԺ-ի կողմից։ Մենք փաստացի ստեղծում էինք հանձնաժողով, որը պետք է ստուգեր ե՛ւ նախկինում տեղի ունեցած գործարքները, ե՛ւ նորերը։ Այսօր նախագահի գլխավորությամբ գործադիր իշխանությունը ստեղծում է հանձնաժողով, որ ինքը իրեն ստուգի։ Իսկ իրենք դա անելու հնարավորություն միշտ էլ ունեին։ Հասկացանք, որ վարչապետն ու մեծամասնությունն ԱԺ-ում հայտարարեցին, թե կողմ են միայն նրա համար, որ ժողովրդի ականջը շոյեն։ Իրականում ամեն ինչ արեցին, որ հանձնաժողով չստեղծվի։ «Երկրապահի» 80 տոկոսը չի մասնակցել քվեարկությանը։ Տարօրինակ է նաեւ, որ ԱԺ նախագահը հանձնաժողով կազմելուն դեմ է քվեարկում, հետո նախագահի հետ բանակցում նոր հանձնաժողով ստեղծելու շուրջ։

Արշակ Սադոյան (ԱԺՄ)– Համոզված ենք, որ գործադիր իշխանության շատ ու շատ ներկայացուցիչներ՝ ներառյալ վարչապետը (նա, Վահրամ Ավանեսյանն ու Պողպատյանը մեր կապի համակարգը տվեցին Հունաստանին), նրան նշանակած նախագահը չի կարող օբյեկտիվ դիտարկել այն փաստերը, թե իր կողմից նշանակված վարչապետն ու նախարարներն ինչքանով են մասնակցել այդ հանցավոր գործարքին։ Ես ե՛ւ այսօրվա դրությամբ, ե՛ւ օրակարգային հարցերի քննարկման հետ կապված՝ հասկանում եմ, որ ե՛ւ ԱԺ նախագահը, ե՛ւ նրա տեղակալները շատ հարցերում չեն ղեկավարվում իրենց կամքով։ Բայց ես կարծում եմ, որ մենք դեռ բավական հնարավորություններ ունենք հարցի լուրջ քննարկում կազմակերպելու դեպքում ստեղծել մեկ միասնական հանձնաժողով, որը միաժամանակ կքննարկի ե՛ւ կոնյակը, ե՛ւ ավիաուղիները, ե՛ւ «ԱրմենՏելը», ե՛ւ այլ հարցեր։

Հանձնաժողովի աշխատանքները գլխավորելու պատիվը տրված է նախագահի Վերահսկողության ծառայության ղեկավար, ԱԺՄ-ական Դավիթ Վարդանյանին.

– Այս հարցում ոչ մի գաղափարական խնդիր չկա։ Հանձնաժողո՛վ է։ Կարեւոր չէ, թե որ կուսակցություններից է, կարեւոր է, որ լինեն ազնիվ մարդիկ, որոնք ուզում են պարզել «ԱրմենՏելի» ողջ պատմությունը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728