Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅ, ՀԻՄԱ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԹՈՂՆԵՆՔ ԵՎ ԿԶԲԱՂՎԵՆՔ «ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԱՆՎՃԱՐ ԵՐԹԵՎԵԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ

Փետրվար 16,1999 00:00
Azgayin joxov

Կանգնեցրեք այս ձնագունդը

ԱԺ-ի այս վերջին ողջ նստաշրջանն անգամ դժվար հերիքի, որ սպառվի փետրվարի 15-17-ի եռօրյայի նիստերի օրակարգը, որով նախատեսվում է քննարկել շուրջ 103 օրինագիծ։ Ընդ որում, ամեն անգամ լրացուցիչ նոր հարցեր են ընդգրկվում, այնպես որ, լիովին տեղին էր օրակարգի վերաբերյալ Երջանիկ Աբգարյանի դիտողությունը, թե «հարկավոր է այս ձնագունդը կանգնեցնել ինչ-որ տեղ»։

Ճիշտ է, այս անգամ որոշ նախաձեռնություններ նաեւ մերժեցին (Ներսես Զեյնալվանդյանի օրենսդրական նախաձեռնությունը «Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու մասին» եւ այլն), այնուամենայնիվ, առանձնակի խորաթափանցություն չի պահանջվում հասկանալու համար, որ այս խորհրդարանն օրենսդրական պարտքերով է բաժանվելու իր ընտրողներից։

Ով հարկերը մուծի՝ ով անհանգիստ քնի

ԱԺ-ի կառուցողական ընդդիմությունն առաջարկեց չքննարկել հարկային օրենսդրության բարեփոխմանն առնչվող հարցերը՝ այսպիսով նաեւ թեթեւացնելով օրակարգը։ Ճիշտ է, պատգամավորներն իրականում այլ պատճառաբանություն ներկայացրին։ Եվ առաջինն Արա Սահակյանն էր. «Շաբաթ օրը վարչապետ պրն Դարբինյանն ուժային նախարարների, դատախազի ներկայությամբ գործարար աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների հավաքելով՝ առաջարկեց մեր երկրում անցնել նոր, օրիգինալ մի համակարգի։ Եվ իմ սուղ գիտելիքներն ինձ հնարավորություն չեն տալիս պարզել, թե աշխարհի էլ որ երկրում այդպիսի համակարգ կա, երբ հարկատուն պետության հետ պայմանագիր է կնքում, բարիշում են եւ որոշում, թե այդ տարվա ընթացքում ինչ պիտի վճարի»։ Պրն Սահակյանն այս նորամուծությունը «դարակազմիկ հեղաշրջում» անվանեց, որի առկայության պայմաններում, իրոք, անիմաստ է ԱԺ-ում հարկային խնդիրներ քննարկել. «Թեթեւ գործերով զբաղվենք։ Չէ որ մեր երկիրը նոր կուրս է ընդունել»։ «Նորը լավ մոռացված հինն է» ճշմարտության եւս մի հաստատումը դարձավ Վահագն Խաչատրյանի այս զուգահեռը. «Նման դեպք տեղի է ունեցել նաեւ 1918-ին, երբ ռազմական կոմունիզմ էր հաստատվում»։

Թեման շարունակեց Երջանիկ Աբգարյանը, որն այս ամենի հետեւանքով տնտեսական ճգնաժամի խորացում կանխատեսեց. «Ես գիտեմ, թե այդ խորհրդակցությունն ինչով էր պայմանավորված. հարկերը, մեղմ ասած, չափազանց դժվար են ներկայումս հավաքվում։ Բայց մի՞թե կարելի է աշխարհում չտեսնված, տնտեսագիտական ոչ մի հիմնավորում չունեցող նման փորձ կատարել»։

Առայժմ վերջինը Տեր-Հուսիկ Լազարյանն էր, որը կոչ արեց պատգամավորներին կառավարությանը չխանգարելու համար հարկային օրենքներին «դեմ» քվեարկել, քանի որ «Կառավարությունը ձեւ է գտել՝ առանց օրենքների, շրջանցելով ամեն ինչ աշխատել»։

Ակնհայտ է, որ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի։

Այս ԱԺ-ից գուցե սա մնա

Թողած այս եւ այլեւայլ կարեւոր հարցերը, ԱԺ-ն սկսեց արտահերթ քննարկել Յուրի Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությունը «Քաղաքային հասարակական փոխադրամիջոցներից կենսաթոշակային տարիքի թոշակառուների եւ 1-ին ու 2-րդ խմբի հաշմանդամների անվճար երթեւեկելու» վերաբերյալ, որին իրենց ստորագրություններով 74 պատգամավորներ են միացել։

Բնավ չուրանալով խնդրի կարեւորությունը՝ հարկ է խոստովանել. անպատկերացնելի էր, որ կառավարության որոշմամբ կարգավորվելիք հարցը օրենսդրական ձեւակերպում կարող է ստանալ (չնայած, եթե հիշենք, «Աղբահանության վերաբերյալ» նախագահի հրամանագիր էլ է եղել, որ ցայսօր ուժը կորցրած չի ճանաչվել)։

Սակայն, կառավարությանը մնար՝ այս խնդիրը չէր էլ լուծվի։ Քանզի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանի բացատրություններից պարզ դարձավ, որ եթե կառավարությունն այս նախաձեռնության իրականացման համար բավարար միջոցներ ունենար (շուրջ 5 մլրդ դրամ)՝ թոշակները կբարձրացներ, այլ ոչ թե տրամվայ-տրոլեյբուս- մետրո-ավտոբուսով մոտ 270 հազար թոշակառուների եւ հաշմանդամների անվճար երթեւեկությունը կփոխհատուցեր։ Բացի այդ, այս օրինագիծը հակասում է Սահմանադրությանը, Քաղաքացիական օրենսգրքին, «Պետբյուջեի մասին» եւ էլի մի քանի օրենքների։

Այսուհանդերձ, նախաձեռնության վերաբերյալ տասնյակից ավելի հարցեր հնչեցին։ Այդքան էլ ելույթ նախատեսված է այսօր։ Հասկանալի է, նախընտրական շրջան է, ժողովրդահաճո օրինագիծ է… Չնայած պոպուլիզմն այնքան էլ վատ բան չէ՝ թող ձգտեն իրոք ժողովրդին հաճոյանալ, սակագներն իջեցնեն, փողոցներն ասֆալտապատեն եւ այլն։ Փորձը ցույց է տալիս, որ մնայունը դա է, մնացածն անցողիկ է։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728