Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԸ ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ

Փետրվար 16,1999 00:00
Ernest Sogomonyan

Հարցազրույց Հայաստանի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարիչ-մարմնի ատենապետ Էռնեստ Սողոմոնյանի հետ

– Պարոն Սողոմոնյան, ձեզ հեռացրել են Հնչակյան կուսակցության շարքերից, եւ այնպես է ստացվում, որ դուք հիմա ինքնակոչ ղեկավա՞ր եք։

– Ես երբեք ինքնակոչ չեմ եղել։ Այն, ինչն ակնարկում եք, ապօրինի կառույցի հավաք էր, որին մասնակցել են Հնչակյան կուսակցությունից հեռացված ընկերներ։ Թող որեւէ համեմատություն չլինի այլ կուսակցություններում ընթացող պառակտումների հետ, որովհետեւ կա մեծ տարբերություն։ Այդ ապօրինի հավաքը կազմակերպել են ՍԴՀԿ-ից հեռացված ընկերներ։

– Իսկ նրանք ինչո՞ւ են հեռացվել։

– Նրա համար, որ անցած 8 տարիների ընթացքում վարկաբեկել են մեր փառապանծ 112-ամյա կուսակցությունը, գցել են նրա վարկը, տարբեր ապօրինություններով են զբաղվել։ Ամենասարսափելին այն է, որ այդ հեռացածների, այսպես ասեմ, շարժումը, շարժումիկը ղեկավարում է անգլիահպատակ մի ընկեր, որն իրեն ներկայացնում է որպես ԿՎ փոխնախագահ։ Անցյալ տարվա մայիսի 7-ին, լինելով ԿՎ անդամ, ես էլ եմ քվեարկել, որ այդ ընկերոջը հեռացնեն ՍԴՀԿ-ից։

– Ո՞ւմ մասին է խոսքը, պարոն Սողոմոնյան։

– Ես անունը դիտավորյալ չեմ տալիս, որովհետեւ նրանք անանուն մարդիկ են։ (Խոսքը Վազգեն Կասեմջյանի մասին է- Ա. Զ.)։

– Անունը՝ նաեւ պայմանական նշան է։

– Այդ պայմանական նշանը գրված է բաժանված թղթում, որ Լոնդոնից եկած ինչ-որ ՍԴՀԿ ԿՎ փոխնախագահի մասին է։ Ես ինքս այդ մարմնի անդամ եմ, եւ այդ մարմինը չի մասնակցել, այսպես կոչված «համագումարին»։ Հրավիրատոմսերը բաժանվել են իմ անունից, որովհետեւ իրենց ոչ ոք Հայաստանում չի ճանաչում։ Մարդիկ դրա համար էլ գնացել ու ներկա են եղել։ Հրավիրատոմսի մեջ գրված է համագումարի կազմկոմիտե։ Որեւէ կուսակցություն գործող օրգան է ունենում համագումարից համագումար, կոնֆերանսից կոնֆերանս՝ կառույցը ղեկավարելու համար։ Եթե նրանք արձանագրում են կազմկոմիտե, դա նշանակում է, որ իրենք այստեղ օրգան չունեն։ Այդ օրգանը Հայաստանում գործող ՍԴՀԿ լեգիտիմ վարիչ-մարմինն է, որի ատենապետը ես եմ։ Էլեմենտար բաներ չեն հասկանում։ Դա ապօրինի համագումար էր, եւ դրա կողքին էլ հեռուստատեսությամբ խաբեությամբ են զբաղվում։

– Դուք, կարծես, առանձնակի ասելիք ունեիք անգլիահայ հեռացված հնչակյանի մասին։

– Տարակուսանքս եմ հայտնում մեր ազգային անվտանգության օրգաններին։ Իմ ատենապետ դառնալուց մեկ շաբաթ հետո այդ անգլիաբնակ, Անգլիայի քաղաքացիություն ունեցող այդ ընկերն ապարտամենտներ է վարձում ու պայքար է սկսում իմ անձի դեմ, եւ նոր վարիչ մարմնի դեմ։ Այդ մարդը, այսօրվա դրությամբ, 24 հազար դոլար է պարտք «Արմենիա» հյուրանոցին։ Նա իր սենյակը վեր է ածել ոչ միայն հակահնչակյան որջի, այլեւ հասարակաց տան։ Մենք ամաչում ենք, որ այդպիսի ընկեր է եղել մեր շարքերում։ Պատահական չէ, որ նա հեռացվել է ԿՎ-ից՝ իր ապօրինի արարքների, իր բարոյական կերպարի համար։

– Պարոն Սողոմոնյան, համագումարի մասնակիցները խիստ հարգանքով էին խոսում նրա մասին՝ կոչելով դոկտոր Կասեմջյան։

– Այո, բոլոր թղթերում գրված է դոկտոր էսինչյան, բայց նա չկայացած գինեկոլոգ է։ Մեր հասկացողությամբ դոկտորը գիտնական է, պրոֆեսոր է, բայց նա չկայացած գինեկոլոգ է, որը լիբանանյան պատերազմի ժամանակ՝ 80- ականներին, փախել է Բեյրութից ու իբր սովորել է Հայաստանում։ Ասեմ, երբ ես Խորհրդային Հայաստանում՝ մեր երկրորդ հանրապետությունում շատ պատասխանատու պաշտոններ էի վարում, ինքը հանրակացարաններում ծամոն, տրուսիկ-մայկա էր վաճառում։ Մի խոսքով՝ չերկարացնեմ, հանրապետության նախագահի թեւավոր խոսքով ասած, սրանք իմ մոսկաներն են, որ չգիտես ինչի շուրջ են աղմուկ բարձրացրել։ Նրանք հարգանքի նշույլ իսկ չունեն հայ ժողովրդի առաջին, մայր կուսակցության նկատմամբ։ Իրենց անձնական հարցերն են լուծում։

– Այդ ինչպե՞ս։

– Նրանք հպարտանում են, որ պայքարում են իմ դեմ։

– Այդպես չէ, պարոն Սողոմոնյան, նրանք ձեզ կոնկրետ մեղադրանքներ են ներկայացնում, որ գումարներ եք յուրացրել։ Խոսքը մասնավորապես յոթ միլիոն դրամի մասին է։

– Այո, 7,6 միլիոն դրամ մեզ, իբրեւ խորհրդարանական կուսակցության, հատկացրել է պետությունը։ Մեր ծախսերի մասին գիտե վարիչ-մարմինը։ Ես առանց իմ ընկերների ոչ մի ծախս չեմ արել, եւ «Հնչակ» լրատուում մեր բյուջեն ամեն ամիս հրապարակվել է։ Պետության կողմից ստացած այդ փողով ենք մեր ինքնուրույնությունը պահել այս 11 ամիսների ընթացքում՝ արտասահմանից որեւէ կոպեկ չստանալով։

– Եղիա Նաճարյանը դա համարեց ձեր վատ աշխատանքի արդյունքը։

– Ինքը տասնյակ հազարավոր դոլար է ստացել ու լափել-կերել է, իսկ ես չեմ ուզում արտասահմանից գումար ստանալ, որովհետեւ չեմ ուզում Հայաստանի ՍԴՀԿ-ի ինքնուրույնությունը կորչի։ Եղիա Նաճարյանը եւ իր ընկերներն այնքան անամոթ են, որ ուզում էին գալ իմ ատենապետության օրոք պետության կողմից տրված գումարը տանեին ու փոշիացնեին։ Պարոն Զաքարյան, բա եթե մենք այդ գումարը չստանայինք, 11 ամիս ինչպե՞ս էինք կուսակցություն պահելու՝ ԱԺ պատգամավորի՝ 80 դոլար իմ աշխատավարձո՞վ։ Ավտոմեքենա ենք գնել, թող Եղիա Նաճարյանն ավտոմեքենան չվաճառեր, գրասենյակները չվաճառեր, մենք էլ այդ գումարը ծախսեինք ոչ թե կուսակցության փոշիացած ունեցվածքը վերականգնելու, այլ առաջընթաց ապրելու համար։ Կուսակցության ունեցվածքը, այդ թվում եւ 7,6 միլիոն դրամը Եղիա Նաճարյանից ու իր նմաններից փրկելը մեր աշխատանքի դրական արդյունքն է։ Մենք ինֆորմացիա ունեինք, որ Եղիա Նաճարյանը եկել է փողը ստանա ու նորից փախնի Բեյրութ։

– Բայց համագումարում 120 պատվիրակ կար՝ Ջորջ Հակոբյանը, Հրանտ Ամիրյանը եւ այլք…

– Դա կարելի էր ներկուսակցական պայքարի նորմալ դրսեւորում համարել, եթե չհասներ սրիկայության աստիճանի։ Այդ անունները, որ թվարկեցիք, բոլորն էլ երազել են դառնալ ատենապետ։ Այդ Ջորջ Հակոբյանը փետրվարին փախել էր Եգիպտոս, եւ 3-4 ամիս բացակայում էր, նա եւ իր ընտանիքի անդամները «02» ոստիկանական տեղեկատուի պերսոնաժներ են։ Ստեփան Մաթարլյանը «Արմավենի» ֆիրմայի տնօրենն էր, որը մեծ խախտումներ է արել Հայաստան եկած վարկերի մեջ։ Իմ դեմ պայքարում են մարդիկ, ովքեր խրված են հանցանքների մեջ։ Թեւավոր մի խոսք ասեմ՝ «Ժանգը ոսկուց վախենում է»։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728