Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ. ՈՒՐՎԱԿԱՆՆԵ՞Ր, ԹԵ՞ ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐ

Փետրվար 13,1999 00:00
Sasunci davit

(Հուշ)արձաններ կառուցելու եւ տեղադրելու իներցիայից ու մտածողությունից դեռ չենք ձերբազատվել։ Վերջին շրջանում բազմաթիվ հուշարձաններ են տեղադրվել եւ կտեղադրվեն Երեւանի (եթե ոչ ամբողջ հանրապետության) տարածքում, մասնավորապես հասարակականորեն ակտիվ, կենտրոնական վայրերում։

Եթե հիշում եք՝ տեղադրվեցին Խորենացու, Ենգիբարյանի, Կարաբալայի, Անդրանիկի (եւ այլոց) արձաններն ու կիսանդրիները, եւ նախատեսվում են, որ կտեղադրվեն Ա. Խաչատրյանի, Հովհ. Բաղրամյանի, Արգիշտիի (…) արձանները։ Մայրաքաղաքի մի շարք այգիներում, խոտերի մեջ հաստատ հանդիպած կլինեք քարե ցուցատախտակների (տապանաքարերի նման), որոնք անցյալ տարիներից մնացած չիրականացած խոստումնե՞ր են, թե՞ օրերից մի օր դրանք էլ կվերածվեն արձանների։

Կոմունիստական հասարակարգի օրոք տեղադրվում էին կոնկրետ անձերի արձաններ, որոնք տվյալ միջավայրում բարոյախրատական որոշակի դաշտ էին ստեղծում։ Ցանկացած հուշարձան իր անմիջական ազդեցությունն ունի տվյալ մթնոլորտի կազմավորման վրա, ինչպես նաեւ չի կարելի բացառել այդ արձանների ազդեցությունը (թեկուզ՝ չգիտակցված) մարդկանց վրա։

Հուշարձանների խնդիրը մեր օրերում կարեւորագույն խնդիրներից մեկն է, քանզի օր-օրի ավելանում են (կամ նախատեսվում են) կոնկրետ անձ կամ պատմական դեպք պատկերող արձաններ, որոնք մատուցվում են որպես բացարձակ բարոյական չափանիշ, ինչն էլ տարածվում, ընկալվում է իբրեւ համընդհանուր մտածողություն, բարոյական վարքագծի օրինակելի նմուշ։ Հասարակարգերի ձեւափոխման հետ փոխվում են նաեւ հասարակական պատկերացումները, իդեալներն ու չափանիշները. այս առումով հիշեցման կարգով նշեմ Լենինի արձանի «վտարումը» հրապարակից։ Բայց երեւույթը շարունակվում է. արձաններ են տեղադրվում, որոնք մի օր նույն ճակատագրին կարժանանան։ Մայրաքաղաքում եղած բոլոր հուշարձաններին եթե հետեւենք, կնկատենք, որ հայտնվում ենք անցյալի համատարած հուշերի մի լաբիրինթոսում, քաղաքը կարծես կամաց-կամաց վերածվում է հսկայական գերեզմանոցի, ուր արձաններն ունեն գերեզմանաքարին բնորոշ սահմանափակ տեսողական եւ դատողական արտահայտություն։

Հայաստանի բոլոր գերեզմանոցներով շրջելիս անմիջապես աչք է զարնում «էվոլյուցիոն» մի գիծ. հին գերեզմանոցներում հանգուցյալի հարազատները (մանավանդ եթե կարողունակ էին) խաչքարեր էին տեղադրում, ապա եկավ լուսանկարներով տապանաքարերի ժամանակը, իսկ այժմ, արդեն քանի տարի, հայերը սկսել են իրենց հանգուցյալների հիշատակին արձաններ կանգնեցնել։ Տարբերությունը մեծ չէ, քաղաքում տեղադրվում են արձաններ՝ ֆունկցիոնալ նույն նշանակությամբ ու մտածողությամբ։ Եվ ակամայից հայտնվում ենք ուրվականների միջավայրում՝ անմիջական փոխհարաբերության մեջ։ (Մի կողմ թողնենք արձանի որակն ու գեղագիտական հայեցումները)։

Բոլոր ժամանակներում էլ ազգային արժեքների անհրաժեշտության եւ խորհրդանշականի վերածվելու առկայությունը գոյություն ունի։ Եվ հուշարձանները միշտ էլ դրվել ու դրվելու են, սակայն հուշարձանային այսպիսի դրսեւորումների անհրաժեշտություն այլեւս չկա։ Անհրաժեշտ է նոր ձեւամտածողություն եւ նոր միտք, քանզի հուշարձանը միջավայրի վերակազմակերպման միջոց է, եւ պետք է անպայմանորեն իր մեջ կրի ներկա ժամանակի զգացողություն, հարցադրումներ ու մտածողություն։ Այսօր, թերեւս, միայն Հայաստանի պես երկրներում է շարունակվում արձանը որպես հուշաքար ներկայացնելու գործընթացը։ Քաղաքակիրթ երկրներում այլեւս հուշարձաները չեն դառնում կոնկրետ անձի կամ երեւույթի մասին հուշապատում կամ արտաքին տեսքի արտատպում։ Այլ որեւէ կոնկրետ անձին կամ երեւույթին նվիրված (կամ մասին պատմող) արձան-քանդակը ներկայացնում է տվյալ անձի կամ երեւույթի ներաշխարհը, բնավորությունը՝ որպես արվեստի ստեղծագործություն։ Եվ իսկապես պարտադիր չէ, որ Պիկասոյին նվիրված հուշարձանը բոյից-բոյ գիգանտ չափերով կանգնեցվի։

Միայն այդ դեպքում արձանը չի ունենա սահմանափակ իմաստ եւ ինֆորմացիա, հասարակարգի փոխվելու դեպքում պատվանդանից չի իջեցվի, միջավայրի ու անհատի վրա ոչ թե սարսափի, այլ հոգեւոր, մշակութային դաշտի ազդեցություն կթողնի։ Եվ ամենակարեւորը, որ չենք հայտնվի հին ռեժիմից պահպանված հուշ (արձանների) եւ ծանրաքաշ (ծանր հրետանային) ու սարսափազդու ուրվականների կողքին։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728