Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ՀԱՐԿԱՅԻՆ ԴԱՇՏՈՒՄ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ»

Փետրվար 13,1999 00:00
Smbat Ayvazyan

Անցյալ դեկտեմբերին հանրապետության հարկային տեսչության պետ նշանակվելուց ի վեր այդ կարգավիճակով առաջին անգամ է, որ Սմբատ Այվազյանն իր գործունեությունը ներկայացնում է հասարակությանը։

Բնականորեն, մեր զրույցը սկսվեց այն հարցից, թե որքանով են կատարվել նախորդ տարվա հարկային պարտավորությունները։ Պատասխանն այսպիսին էր. «Նախատեսվածից հարկային մուտքերը 3% ավելի են եղել։ Հարկային բյուջեն կատարվել է 103%-ով»։

Հարկային մուտքերը, ինչպես Սմբատ Այվազյանը ներկայացրեց, այս հունվարին եւս, նախորդ տարվա հաշվետու նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են։ Փետրվար ամսին ավելի մեծ խնդիրներ են դրվել հարկային տեսչության առջեւ, որոնց լուծումը, Սմբատ Այվազյանի հավաստմամբ, բարեհաջող ընթացքի մեջ է. «Ես աշխատել եմ դեկտեմբեր-հունվարին։ Եթե 1998-ին միջին ամսական մուտքերը եղել են 5,5 մլրդ, ապա դեկտեմբերին դրանց չափը կազմում էր 7,5 մլրդ։ 1998 թվականի որեւէ ամսին նման ցուցանիշ չի գրանցվել»։ Սակայն Սմբատ Այվազյանը, իբրեւ հանրապետության հարկային տեսչության պետ, իր առջեւ դրված խնդիրը բացառապես հարկերը ժամանակին հավաքելու մեջ չէ, որ տեսնում է։ Նրա վկայությամբ, կառուցվածքային բարեփոխումների առումով, հարկային համակարգում գործը տեղից համարյա չի շարժվել, ուստի գոնե առաջիկա 6 ամիս-1 տարվա ընթացքում իր հիմնական անելիքը համարում է. «Ստեղծել մի համակարգ, որը ոչ թե կգնա տնտեսության հետեւից, այլ զարգացումը կապրի համաչափ, այսօրվա նոր հարաբերություններին զուգընթաց, տնտեսական այս կարգին ադեկվատ»։

Այս ոլորտում հարկային տեսչության պետը լուրջ անելիքներ է տեսնում եւ ֆունկցիոնալ, եւ մեթոդոլոգիայի, եւ կառուցվածքային առումներով, ինչը, պրն Այվազյանի կարծիքով, հնարավորություն կտա հավասարության մթնոլորտ ձեւավորել հարկային դաշտում. «Բոլոր հարկատուները օրենքի առջեւ հավասար են»։

Իր գործունեության հաջորդ ուղղությունը պրն Այվազյանը համարում է հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման պրոցեսի հաջող ավարտը։ Գործի ֆիզիկական, մեխանիկական մասը հաջող ընթացք է ունեցել եւ հիմա խնդրի որակական կողմի վրա աշխատելու ժամանակն է։ Դա պետք է արտահայտվի ապրանքաշրջանառության փաստաթղթավարմամբ. տնտեսավարող սուբյեկտները, որոնցում արդեն տեղադրված են հսկիչ դրամարկղային մեքենաներ, պետք է աշխատեն բացառապես կտրոններով։

Սմբատ Այվազյանը հաստատակամորեն պնդում է, որ դա ոչ միայն հարկային տեսչության, այլեւ բոլոր քաղաքացիների խնդիրն է, որովհետեւ գործն ունի պետական շատ մեծ կարեւորություն։

-Այդ ամենը շատ լավ է, պրն Այվազյան, բայց մարդիկ ամիսներով աշխատավարձ չեն ստանում, երեւի պետք է հարկային մուտքերն ավելացնել։ Ի պատասխան ասվեց, թե տարվա սկիզբը սովորաբար ծանր է լինում պետության համար, ուստի պրակտիկորեն անհնար է նույնչափ մուտքեր նախատեսել թե հունվար, եւ թե հոկտեմբեր ամիսներին։ Այնպես որ, կառավարության պարտքերն այս փուլում միանգամայն բնական են։

Հաջորդ հարցը Սմբատ Այվազյանին հետեւյալն էր. մամուլի միջոցները վկայում են, որ նախագահի խորհրդական Վահան Հովհաննիսյանի ղեկավարությամբ վերջերս տեղի է ունեցել մի քննարկում, որի ժամանակ նպատակահարմար է դիտվել հարկային տեսչության ապակենտրոնացումը։

Սմբատ Այվազյանը հարցի նման դրվածքին համաձայն չէր։ Հարկային տեսչությունը պետք է մնա կենտրոնացված համակարգ՝ ղեկավարվելով կառավարությունից։ Պետության դերի իջեցումն ու մարզերի դերի բարձրացումը, տվյալ պարագայում, ինչպես հարկային տեսչության պետն է կարծում, անընդունելի է եւ աննպատակահարմար։ Այսպես դատելու հիմքը տեղական, համայնքային բյուջեների կատարման անհաջող պրակտիկան է։ Գոյություն ունեցող համակարգը գործում է ցածր արդյունավետությամբ։ Այնպես որ, այլ եզրակացություն չի կարող լինել, քան այն, որ Հայաստանի պես երկրներում հարկային գերատեսչության ապակենտրոնացումն անթույլատրելի է։

Իսկ տեղերում վիճակը շտկելու համար պրն Այվազյանն այլ ելք է առաջարկում՝ հարկային տեսչությունը կարող է կամ մասնակից լինել համայնքային հարկերի հավաքմանը, կամ էլ բնագավառում ունենալ վերահսկիչ գործառույթ։

-Մեկ հարց եւս, պրն Այվազյան. նույն մամուլի միջոցները հաղորդեցին, թե Ձեր նախորդը՝ Արտաշես Թումանյանը, ներկա լինելով այդ քննարկումներին, առաջարկել է գտնել հարկային տեսչության այնպիսի մոդել, որպեսզի այդ կառույցն ընտրությունների ժամանակ չկարողանա, իրենց խոսքով ասենք, բոբոյի դեր կատարել։ Իբրեւ հարկային տեսչության պետ ինչպե՞ս եք պատկերացնում բոբոյի դերը եւ ինչպե՞ս եք մտադիր դա իրականացնել։

-Չեմ պատկերացնում, թե ինչպես պիտի հարկային տեսչությունը համակարգված բոբոյի դեր կատարի։

Չկա նման նպատակադրում եւ ընդհանրապես այնքան էլ մեծ չեն հարկային գերատեսչության լծակները, որպեսզի հնարավոր լինի էապես ներազդել ազգաբնակչության վրա։ Սմբատ Այվազյանը բացառում է այդպիսի ազդեցության հնարավորությունը. «Չեմ կարծում, որ հարկային տեսչության նախորդ պետը նման հայտարարություն աներ։ Ինքը համակարգը գիտե, աշխատել է նաեւ նախագահական ընտրությունների ժամանակահատվածում»։ Սմբատ Այվազյանի խոսքերով, ինքն այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում էր, սակայն հարկային տեսչության լծակների գործադրման ազդեցությունը չի զգացել։

-Պրն Այվազյան, «Իրավունք» թերթի վերջին համարներից մեկում մշակույթի փոխնախարար, ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն ասում է՝ 10 տարի հարկերից խուսափող ադամանդի գործարանի տնօրենին, որ գիտե հարկերից խուսափելու ձեւը, նշանակեցին հանրապետության հարկ հավաքող։ Խոսքն ակնհայտորեն Ձեզ է վերաբերում՝ մյուսներին չեք սովորեցնի՞, թե ինչպես է հնարավոր խուսափել հարկերից։

Սմբատ Այվազյանն ասաց, որ Արամ Մանուկյանի խոսքը միտումնավոր բնույթ ունի, որովհետեւ, տեղեկատվության առումով անգամ, խոցելի է։ Ինքը երբեք ադամանդի գործարանի տնօրեն չի եղել, ղեկավարել է հարեւանությամբ գտնվող «Սապֆիր» գործարանը. «Իմ աշխատած ժամանակաշրջանում, 1995-98 թթ., բյուջե է մուծվել 550 մլն դրամ։ Ես այստեղ՝ հարկային տեսչությունում, տեսա, որ արդյունաբերական որեւէ ձեռնարկություն այդքան մուտքեր չի արել բյուջե»։

Սմբատ Այվազյանն ասաց նաեւ՝ այնպիսի հիմքեր են դրվել իր գլխավորած գործարանում, որ այն 1999-ին կլինի հանրապետության լավագույն հարկատուներից։

-Ամենավերջին հարցը. պրն Այվազյան, իբրեւ խորհրդարանական լրագրող, տպավորություն ունեմ, թե «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահի դիրքից Ձեր հեռանալուց հետո, խումբը կարծես այլեւս միաբան չէ։

Սմբատ Այվազյանը չբաժանեց կարծիքը, թե «խումբը միակուռ չէ», սակայն իհարկե, նշեց, թե կան հարցեր, որոնց շուրջ հետեւողականորեն պետք է աշխատել, իրական տեղեկատվություն մատուցելով պատգամավորներին։

«Երկրապահի» միատարրության մասին իր դատողությունները պրն Այվազյանը եզրափակեց այսպես. «Քաղաքական կամքի արտահայտում պահանջող ցանկացած հարցում «Երկրապահ» պատգամավորական խումբը միատարր է»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728