Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՏԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ

Փետրվար 13,1999 00:00
molekulyar

Էն օրին ենք հասել, որ մեր գիտնականները եթե վիճում են, ապա իրարից տարածքներ, պաշտոններ, գրանտներ խլելու համար, եւ ոչ թե՝ գիտական թեմաներով։ Եթե գլուխ են կոտրում, ապա՝ բառացիորեն, ոչ թե գիտական հայտնագործությունների ու գյուտերի վրա։ Ու արժեքների նման վերաարժեվորման եւ մեր գիտական այրերի «վերադաստիարակման» գործում անուրանալի դեր ունեցող մեր անկախ պետությունը թե մի բան էլ անում է, ապա ոչ թե կորցրածն է փորձում վերականգնել, այլ է՛լ ավելի է վիճակը վատացնում՝ անտարբերությամբ եւ ղեկավարելու, ճիշտ ու արագ լուծումներ գտնելու անշնորհքությամբ։

Մտքներովս իսկի չէր անցնի, որ «Առավոտ» բերված հերթական բողոք-նամակը հրապարակելուց առաջ նաեւ հակառակ կողմին լսելու ցանկությունը նման տխուր խորհրդածությունների տեղիք կտա։ Բայց թե պատմեմ, վայ թե դուք էլ սկսեք այսպես փիլիսոփայել։ Պատմությունն այս ձգձգվում է մոտ տասը տարի (անկախ պետություն էինք կառուցում, գիտության համար ժամանակ չունեինք)։ Նման հարուստ կենսագրությամբ պատմությունը համարժեք «թղթային» ժառանգություն է կտակել. հիմնականում՝ փոխադարձ մեղադրանքներով նամակներ պետական տարբեր ատյաններին (մեկ- մեկ էլ դրանք մամուլ են «սպրդել»)։ Ընդ որում, այս գործում միջազգային մակարդակի ենք հասել, քանի որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այսինքն՝ նրա գրանտների, «մատն էլ է խառը»։ Բայց այս խճողված ոդիսականի մանրամասները ներկայացնելու հեռանկարով չենք վախեցնի՝ հանրամատչելի լեզվով ներկայացնելով աբսուրդի թատրոն հիշեցնող պատմության գլխավոր դրվագները։

Ընթերցողը կդիմանա՞, եթե նույնիսկ ՀՀ կառավարության վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը չի դիմացել հայ գիտնականներին ոչ հարիր վարվելակերպին, քանի որ քիչ է մնացել այդ հարցով իր մոտ հրավիրված խորհրդակցությունում ծեծկռտուք սարքեն, ու հուսահատության մի պահի նույնիսկ խնդրել է ՀՀ վարչապետին ազատել իր գլուխը այդ գործի հոգսից։ Բայց այս պատմության մեջ ծեծկռտուքի փաստ, այնուամենայնիվ, արձանագրվել է. մեր մի հերոսը՝ պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը մի քանի տարի առաջ հարվածել է մեր մյուս հերոսի՝ ակադեմիկոս Կոնստանդին Ղարագյոզյանի գլխին եւ միայն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) միջնորդության ու տուժողի ներողամտության շնորհիվ խուսափել քրեական պատասխանատվությունից։ Եվ ինչպես փաստվում է ՀՀ կառավարության վերահսկողական ծառայության արձանագրությունում, այս «ծեծկռտուքը խստագույնս դատապարտվել է ՀՀ ԳԱԱ 19.09.93 թվականի որոշմամբ»։

Գիտությունը փրկելու առաքելությամբ

Մինչ այս պատմության մյուս հետաքրքիր դրվագներին անդրադառնալը, ներկայացնենք հատվածներ Սիներիկ Հայրապետյանի՝ «Առավոտ» բերված նամակից, որն էլ այս հրապարակման առիթը դարձավ։ «Հայաստանի Հանրապետության մի շարք առաջատար պրոֆեսորներ իմ ղեկավարությամբ երեք տարի առաջ ձեռնամուխ են եղել Հայաստանում կազմակերպելու Բժշկակենսաբանության միջազգային բարձրագույն որակավորման դպրոց։ Չնայած այդ ծրագիրը արդեն ֆինանսական հովանավորություն է ստացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ միջազգային մի շարք գիտական կազմակերպությունների կողմից, այն մինչեւ օրս կյանք չի ստանում ԳԱԱ-ի ակադեմիկոս Կ. Ղարագյոզյանի կողմից վերադասներին ուղղված բազմաթիվ ապակողմնորոշիչ նամակների պատճառով։ Նրա պայքարն ավելի կատաղի բնույթ է ստացել, երբ հայտնի է դարձել, որ ԳԱԱ պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ֆեդերիկո Մայորին ուղղված նամակում խոստացել է այդ դպրոցին տրամադրել անհրաժեշտ տարածք եւ առաջարկել է Կ. Ղարագյոզյանին իր տրամադրության տակ գտնվող տարիներով պարապության մատնված ակադեմիական շենքի մի մասը հատկացնել դպրոցին։

Ուզում եմ նշել ԳԱԱ-ի ինստիտուտների բազայի վրա միջազգային գիտաուսումնական կենտրոններ կազմակերպելու անհրաժեշտության մասին, որն ունի ակնհայտ գործնական եւ քաղաքական նշանակություն մեր գիտական պոտենցիալի պահպանման եւ Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման գործում։ Այդ կենտրոնները հնարավորություն կտան ոչ միայն մեր գիտությունը սպառողականից դարձնել շահութաբեր, այլեւ նրանց օգնությամբ հնարավոր կդառնա հանրապետության եւ միջազգային գիտական եւ նյութական միջոցների ինտեգրացման ճանապարհով զարգացնել տվյալ ուղղությունները միջազգային մակարդակին համապատասխան։ Նման կենտրոնների կազմակերպման միջոցով միայն հնարավոր է փրկել մեր ակադեմիական գիտությունը ոչնչացումից։ Հետեւաբար, մեր կենտրոնի դեմ պայքարելը կարելի է որակել ոչ միայն որպես հակագիտական, այլեւ հակազգային գործունեւություն»։

Ոչ լեգիտիմ խաղեր

Սակայն պատմությունն այս սկսվել է շատ ավելի վաղ, 1989 թ., երբ ՀՀ ԳԱԱ-ի մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի կենսաթաղանթային լաբորատորիային ԳԱԱ-ի նախագահության որոշմամբ տրվել է ինքնուրույն բաժնի կարգավիճակ։ Դրա հիմքի վրա մեկ այլ որոշմամբ ստեղծվել է կենսաֆիզիկայի ինքնուրույն բաժինը, իսկ արդեն հաջորդող (1992 թ. հուլիսի 9-ի) որոշմամբ կենսաֆիզիկայի այդ բաժինը վերակազմավորվել է կենսաֆիզիկայի կենտրոնի, որտեղ պետք է միավորվեին նաեւ կենսաբանության եւ կենսաքիմիայի ինստիտուտների համապատասխան լաբորատորիաները։

Հենց էս գլխից պարզաբանենք, որ ՀՀ ԳԱԱ-ի նախագահության որոշումները օրինական ուժ չունեն, եթե հաստատված չեն կառավարության կողմից։ Արագ տրամաբանողները երեւի գլխի ընկան, որ կառավարության համապատասխան որոշումներ այս եւ հետագա որոշումների հաստատման մասին չեն եղել։ Ու չնայած դրան, եւ նաեւ այն իրողությանը, որ կենսաֆիզիկայի ինքնուրույն բաժնին (տնօրեն՝ Սիներիկ Հայրապետյան) միավորված մյուս երկու լաբորատորիաները հրաժարվել են միավորվել, անիմաստ դարձնելով այլեւս կենսաֆիզիկայի կենտրոնի գաղափարը, Սիներիկ Հայրապետյանը ոչ միայն իր միայնակ մնացած բաժինը բավարար է համարել կենտրոն հռչակելու համար, այլեւ հաջողացրել է կառավարության որոշմամբ չհաստատված, այսինքն, իրավաբանորեն գոյություն չունեցող կենտրոնը 1996 թ. գրանցել ՀՀ պետռեգիստրում որպես պետական բյուջետային հիմնարկ եւ ունենալ ՀՀ զինանշանով կլոր կնիք եւ հաշվի համար։ Ավելին՝ «ոչ լեգիտիմ» կենտրոնն անգամ պետական բյուջեից թեմատիկ ֆինանսավորում է ստացել. 1997 թ. տարեկան ֆինանսավորումը կազմել է 2 մլն 93 դրամ, իսկ 1998-ին՝ 2 մլն 925 դրամ։ Եվ միայն այս տարվա համար են գլխի ընկել, որ հաշվի առնելով կենտրոնի շուրջ տիրող անորոշությունը, ֆինանսավորումը մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի միջոցով իրականացնել։ Սակայն ինստիտուտի տնօրեն Կ. Ղարագյոզյանը վստահեցրեց, որ նման «պատվից» հրաժարվել է։

Մինչ դեպքերի հետագա ընթացքին անցնելը, թերեւս տեղին է պարզաբանել պրն Ղարագյոզյանի եւ իր նախկին ենթակայի՝ Ս. Հայրապետյանի թշնամության գլխավոր պատճառը։ Պարոն Ղարագյոզյանը, որը, ի դեպ, վստահեցրեց, թե սա առաջին անգամն է, երբ մամուլը նաեւ իրենց տեսակետը լսելու պատրաստակամություն է հայտնել, պնդում է, որ իրենք դեմ չեն Ս. Հայրապետյանի իրականացրած կամ ծրագրավորած ձեռնարկներին։ Պարզապես ուզում են, որպեսզի նա ազատի իրենց ինստիտուտի տարածքը, որ զավթել է անօրինականորեն։ Բանն այն է, որ թե՛ կենտրոնի ստեղծման, թե՛ մյուս որոշումներում ոչ մի անգամ չի ամրագրվել, որ այն պիտի հենց այս ինստիտուտի շենքում գործի։ Հնարավոր մեկ այլ տարբերակը՝ տարածքը վարձակալելը, եւս չի գործել, չկա նման պայմանագիր։ Փաստորեն, պարոն Հայրապետյանի «ոչ լեգիտիմ» կենտրոնը քանի տարի առանց որեւէ փոխհատուցման զբաղեցրել է «լեգիտիմ» ինստիտուտի շենքը։ Հիմնական տարաձայնություններն այս հողի վրա են, բայց սա, իհարկե, ամբողջը չէ։

«Ոչ լեգիտիմ» կենտրոնն անգամ հասցրել է մասնաճյուղ բացել ԼՂՀ-ի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում (?)։ Առավել մեծ ճարտարություն է ցուցաբերվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության դաշտում։ Իրավաբանորեն գոյություն չունեցող կենտրոնը 30 հազ. դոլար գրանտ է ստացել ՅՈՒՆԵՍԿՕ-ից ու վերջինիս հովանավորությամբ էլ հռչակել բժշկակենսաբանության միջազգային գիտաուսումնական կենտրոնի (ԲԿՄԳԿ) ստեղծումը, որին էլ հիմա ուզում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կարգավիճակ տրվի։ Սրա ողջ աբսուրդայնությունն այն է, որ Սիներիկ Հայրապետյանը ինքնագլուխ չի գործել, այս ամենը թաքուն-թաքուն չի արել։ ՀՀ ԳԱԱ նախագահությունը 1997 թ. որոշմամբ հավանություն է տվել կենտրոնի ներկայացրած ծրագրին՝ նման դպրոց ունենալու մասին եւ նույնիսկ արտոնագիր տալու միջնորդությամբ դիմել է կրթության եւ գիտության նախարարությանը։

Հետո միտքը փոխել է ու դիմել ՀՀ կառավարությանը՝ կենսաֆիզիկայի կենտրոնը ԲԿՄԳԿ-ի վերակազմավորելու եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի կարգավիճակ տալու միջնորդությամբ։ Հաշվի առնելով «ոչ լեգիտիմության» գործոնը (հազիվ մի տեղ հաշվի առան)՝ ԳԱԱ-ի այս նախագիծը կառավարությունը հետ է ուղարկել ԳԱԱ։ Բայց հերթական աբսուրդն այն է, որ նման դպրոց ստեղծելու մասին համաձայնագիրն արդեն ստորագրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ֆեդերիկո Մայորի եւ ԳԱԱ-ի նախագահի կողմից։ Բա՞։ Այս ամենի անօրինականության մասին մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի կոլեկտիվի սադրիչ նամակներին ի պատասխան՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեղեկացնում է, որ ինքն «իրավասու չէ լուծելու ՀՀ ԳԱԱ-ի ներքին խնդիրները» եւ հնարավոր լուծումը թողնում է մեզ։

Դավաճանությո՛ւն

Լուծումը մեկն է. պիտի կառավարության որոշմամբ «ոչ լեգիտիմ» դպրոց-ամբիոնը «լեգիտիմացվի», հո խայտառակ չե՞նք լինելու, ու ամենացավալին՝ հո չե՞նք զրկվելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փողերից։ Բայց ուր է, թե միայն սա լիներ։ Միայն հիմա է սկսել քննարկվել նման ամբիոն ունենալու նպատակահարմարությունն ընդհանրապես, քանի որ նմանատիպ մի կառույց՝ ՀՀ ԳԱԱ-ի գիտակրթական միջազգային կենտրոնը, արդեն ստեղծված է, ընդ որում՝ օրինական, ՀՀ կառավարության 09.11.97 թ. որոշմամբ հաստատված։ Բացի այդ, կենսաֆիզիկայի կենտրոններ կան ԵՊՀ-ում, ԵԲՀ-ում։ Այսինքն՝ Հայրապետյանի կենտրոնը օրինականացնելու փոխարեն կարելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը բացել օրինական կառույցների հիմքի վրա։ Սրան, բնականաբար, դեմ է Սիներիկ Հայրապետյանը։ Եվ դա բնական էլ է. մարդն այսքան տարի աշխատել է այս ուղղությամբ եւ մեղավո՞ր է, որ թե՛ ԳԱԱ-ի նախագահությունը, թե՛ կառավարությունը, որ այս քաոսի գլխավոր մեղավորներն են, զլացել են այս հարցին ժամանակին լուծում տալ։ Թո՛ղ կամ էն գլխից վճռական ասեին՝ պարոն Հայրապետյան, շատ ձեռուոտ մի ընկնի, քո կենտրոնը գոյություն չունի, կամ էլ թո՛ղ օրինականացնեին։ Իսկ հիմա մեծ աշխատանք է տարված, գրեթե կայացած կառույց է ստեղծված…

Նախկին իշխանությունների թողտվությամբ ստեղծված այս բարձիթողի վիճակը ներկայիս իշխանավորը՝ ՀՀ կառավարության վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը անգամ «դավաճանություն» որակեց։ Նաեւ վարկած առաջ քաշեց, որ համեմատաբար երիտասարդ գիտնական Հայրապետյանին տարեց գիտնականները, երեւի արդեն ավանդույթով, նեղել են։ Քիչ դեր չեն խաղացել նաեւ պարոն Հայրապետյանի մարդկային որակները (հատկապես բողոքներ գրելու խասիաթը), որի պատճառով նրան ԳԱԱ-ում, մեղմ ասած, այնքան էլ չեն սիրում։ Բայց հարցի օբյեկտիվ լուծման համար նման «արդարացումները» պիտի որ նշանակություն չունենան։ Ինչեւէ, այս քաոսից լուծումը դեռ նոր պիտի գտնվի ու քանի որ պարոն Գ. Պողոսյանը իբրեւ գլխավոր պատասխանատու կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին մատնանշեց, փորձեցինք նրանից էլ ճշտել՝ լուծումն արդեն գտնվա՞ծ է։ Ըստ նախարարի, «քանի որ սա ուսումնական կենտրոն է, ճիշտ կլինի, որ դա լինի մեր բուհերի (ԵՊՀ, ԵԲՀ) հետ համատեղ կազմակերպական միավոր»։

Չնայած հակառակ տարբերակն էլ չի բացառվում, բայց, պարոն Հայրապետյանի հետ պայմանավորվածության համաձայն, կենտրոնի հիմնադիրներ պիտի ճանաչվեն ԳԱԱ-ն եւ նախարարությունը՝ ապահովելով կենտրոնի համար կարգավիճակի որոշակիություն։ Բոլորին բավարարող տարբերակը դեռ նոր պիտի ներկայացվի կառավարությանը, իսկ վերջնական որոշում կայացնելու իրավունքը ՀՀ վարչապետինն է։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728