Մասնագիտությամբ ռեժիսոր Սամվել Սմբատյանը 27 տարի աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում։ 1998 թ. սեպտեմբերից գործազուրկ է։ Ս. Սմբատյանի՝ 6 հոգուց (ոչ մի տեղ չաշխատող կինը եւ 4 անչափահաս երեխաները) բաղկացած ընտանիքը մնում է երեխաների նպաստի հույսին։ Այս տարվա հունվարին ընտանեկան նպաստի ներմուծմամբ իսպառ վերանում է ավանդական այս օգնությունը եւս, որը եւ առիթ է դարձել նրա այս թղթակցության համար։
Պետությունը պետք է իր հովանու տակ առնի յուրաքանչյուր երեխայի, մինչեւ չափահաս դառնալը։ Այսինքն՝ երեխան պետք է ստանա դրամական օգնություն։ Սոցիալական այդ օժանդակության անունը դեռ երկու ամիս առաջ կոչվում էր երեխայի նպաստ, որը, ֆինանսական օգնությունից զատ, նաեւ բարոյականության դրսեւորում է երկրի ապագայի՝ մատաղ սերնդի նկատմամբ։
Իսկ ինչ է կատարվում այսօր։ Մոլի երեխասեր հայի ընտանիքում հայկական երրորդ հանրապետության առաջին նախագահը իր իշխանության օրոք, երկու տարեկանից բարձր երեխաների նպաստը վերացրեց։ 3 ամիս անց վերականգնվում է միայն 4 եւ ավելի անչափահաս երեխաներին տրվող օգնությունը։ Սոցապ նախարար Եգանյան Գագիկի ղեկավարած նախարարությունը վճռականորեն որոշում է անչափահասների սոցիալական պաշտպանվածության հումանիստական միջոցի՝ նպաստի հաշվին «համազգային» իրարանցումով իրականացնել «ընտանեկան նպաստ» խոշորածավալ միջոցառումը։
Այնինչ, պետք է հասկանալ հետեւյալը։
Կարդացեք նաև
Կազմակերպման տեսակետից ավելի կատարյալ եւ արդար օգնության ձեւ, քան մեզանում վերացած ավանդական նպաստն էր, չկա եւ չի կարող լինել։ Երեխան (թե՛ հարուստի եւ թե՛ աղքատի) պետք է իր ծնունդով պայմանավորված հասանելիք օգնությունը ստանա։ Մի՞թե ունեւորի (նույնիսկ միլիոնատերի) զավակը չպիտի թիկունքին զգա պետության շունչը, մի՞թե դրանից նա չպիտի ոգեպնդվի եւ շնորհապարտ լինի հայրենիքի հոգածության դիմաց։ Իսկ աղքատի երեխային այն պետք է, որ նա շատ աղքատ չզգա իրեն, բարդույթ չունենա, որով եւ արժանապատվորեն կրի ժամանակավոր դժվարությունների բեռը։
Տարածքային սոցիալական ծառայությունների դռների մոտ խռնված մարդկանց նայելիս, համոզվում ես, որ հանրապետության ծանր, բայց դեռ տանելի կյանքը քայքայում է ոչ այնքան քաղաքական մթնոլորտի սրությունը, որքան ընտանեկան նպաստի կիրառման ճչացող թերությունների ողջ համայնապատկերը։ Կարիքավորության աստիճանը որոշելու համար հորինված են մի շարք մեկը մյուսից անհեթեթ, ինչ-որ տեղ նաեւ ստորացուցիչ գործոններ, որոնք վիճարկել եւ վերահսկել գրեթե անհնարին է։ Տարածքային սոցիալական ծառայությունների եւ փոստային բաժանմունքների աշխատակիցներին ստիպում են դառնալ ստալինյան ժամանակների գործակալներ եւ խուզարկուներ։ Սա միջոցների եւ մարդկային ռեսուրսների ահռելի աշխատանքի վատնում չէ՞, արդյոք։ Իհարկե, քանզի երեխայի անհատական նպաստը ամենակատարյալն է եւ ամենաժողովրդականը՝ տարածում գտած օգնությունների բոլոր տարբերակներից։
«Մի նեղացրեք երեխաներին, քանզի նրանք իմն են»,- ասում է Աստված։ Այնպես որ, «ընտանեկան նպաստ» գլուխգործոցի ճարտարապետներ, մի նեղացրեք երեխաներին, մի տարանջատեք նրանց՝ ունեւորների ու չքավորների, նրանք մեր զավակներն են եւ քանի ուշ չէ կամ շատ ուշ չէ, քաջություն ունեցեք թողնել 37 թվին բնորոշ աղետաբեր այս խայտառակ կամպանիան։ Բոլոր երեխաների անունից հորդորում եմ ձեզ վերականգնել անչափահասների նպաստները։
Վերջիններիս պետք չէ խառնել բազմապիսի թոշակները, այլ կարգի օգնությունները կամ նոր ստեղծվելիք օժանդակությունները։ Պետք է հնարավորինս պարզեցնել այս խառնաշփոթը, որպեսզի չվրդովենք հանրապետության ազգաբնակչության անդորրը՝ առաջացնելով զանգվածային նյարդային իրավիճակ։ Արդյունքում, այդ «ընտանիքասիրությունից», իմ կարծիքով, կնվազի ծնելիությունը եւ կավելանա չարիք դարձած արտագաղթը։ Ֆինանսական եւ նաեւ բարոյական մեծ նշանակություն ու համարում ստացած ավանդական երեխաների նպաստները պատահական չէ, որ տրվում են աշխարհի գրեթե բոլոր զարգացած եւ բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում։
Եթե մեր ժամանակներում անչափահաս երեխաների աշխատանքը դեռ արգահատելի երեւույթ է համարվում, ուրեմն՝ չավելացնենք այդ երեխաների քանակը՝ զրկելով նպաստից։ Մի բան էլ. կոչ է արվում ապահովված ընտանիքներին հրաժարվել օգնությունից։ Զուր ջանքեր։ Ապահովվածությունը հարաբերական հասկացություն է, ոչ մեկը կամավոր չի հրաժարվի «նորընծա» օգնությունից, քանզի դարձյալ եւ դարձյալ գլուխ է բարձրանում անարդարության գործոնը, չէ՞ որ կարծեցյալ «ապահովվածի», կամ երեխաները, կամ թոռները ժամանակին նույնպես զրկվել են պարտադիր տրվող մանկան նպաստից։ Սոցիալական բարդ իրավիճակում հայտնված մեր ժողովրդին ինքնագիտակցության դրսեւորման նման կոչերը առնվազն միամտություն են։
Ս. ՍՄԲԱՏՅԱՆ