Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼԱԿՄՈՒՍԻ ԹՈՒՂԹ՝ ՏԵՍԱԿԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Փետրվար 13,1999 00:00
Gagik Eganyan

Երեկ ՀՀ սոցապ նախարար Գագիկ Եգանյանը լրագրողներին հրավիրել էր կլոր սեղանի՝ զրուցելու ընտանեկան նպաստների մասին։ Ներկա լրագրողների համար սեղանին դրված են թերթեր՝ ընտանեկան նպաստի մասին «տիպային հարցազրույցով»։

Նախարարությունում փորձել էին կանխագուշակել լրագրողների հարցերը կամ, ինչպես այդ «հարցազրույցի» նախաբանում էր նշված, լրագրային հրապարակումներից եզրակացրել են, որ դրանց հեղինակ լրագրողներն «ամբողջությամբ չեն պատկերացնում սկզբունքային մի քանի հարցեր» եւ նպատակահարմար են գտել նշել դրանք ու պատասխանել դրանց։ Նախարար Գագիկ Եգանյանը քիչ համարեց դա եւ իր պարտքը համարեց այդ ամբողջ գրավորը մեկ անգամ եւս, այս անգամ, իհարկե, բանավոր, ներկայացնել մեզ՝ պատճառաբանելով, թե «դա կոչվում է խաղի կանոնները մի անգամ էլ բացատրել»

։ Ճիշտ է, «Առավոտն» իրեն խաղի մեջ չի զգում (գործն՝ ուրիշ բան), բայց մի բան հաստատ գիտի. եթե գրածը լրագրողները չհասկանան, հարյուր անգամ էլ ասեն-բացատրեն, էլի անհույս գործ է։ Նախարարը տարակուսանք հայտնեց, որ շատ քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ որակումներ են տալիս այս նոր համակարգին։ Նրան հատկապես վրդովել էր «անհեթեթ» որակումը։ Կոչ արեց ծանոթանալ համակարգին, նոր միայն որակումներ տալ։ Իսկ նպաստի մասին գրելու կարիք ըստ պրն Եգանյանի, «անընդհատ» կա։ Այնպես որ, իզուր ենք մեր հոդվածները «Նորից, կրկին, դարձյալ նպաստի մասին» վերնագրում։

Հա, ուրեմն դարձյալ նպաստի մասին։ Պրն Եգանյանն այն մեկ անգամ եւս «երկարատեւ մարաթոն» անվանեց։ Նա համաձայն չէ, որ համակարգը վատն է, պարզապես հարուստ եւ աղքատ որոշելը ճշգրիտ գիտություն չէ, մանավանդ, որ «բացարձակ հարուստի» սահմանումն էլ չկա։

Նախարարը կոչ արեց լրագրողներին միայն սոցծառայություններում հավաքվածներից կարծիք չհարցնել։ «Դա նույնն է,- ասաց Գագիկ Եգանյանը,- թե քննությունից կտրված դիմորդից հարցնես նրա կարծիքը քննությունների մասին»։

Սոցծառայություններում գոնե «Առավոտը» նպաստից զրկվածներից նպաստի մասին կարծիք չի հարցնում, այլ թե քանի կվ/ժ էներգիա է ծախսում, կարիքավորության աստիճանն ինչքան է եւ նման բաներ։

Գագիկ Եգանյանը հիշեց «Առավոտում» տպագրված՝ պատերազմի վետերանի նամակը, որի հեղինակին վրդովել էր վետերանի բարձր թոշակը որպես նպաստից զրկելու հիմք ընդունելու փաստը։ Նախարարին իր հերթին վրդովել էր ոչ թե նամակի բովանդակությունը, այլ «Առավոտի» այն մեկնաբանությունը, որ դրանով ապացուցվում է համակարգի անկատարությունը։ Եվ սկսեց պատմել համակարգի ներդրման նախապատմությունը, ընտրված չափանիշների տրամաբանությունը։ Սոցիալական խմբերին տրվող նպաստների նախկին համակարգը, պարզվում է, այնքան էլ չէր մեղմում աղքատությունը։ Իսկ ընտանեկան նպաստի դեպքում աղքատությունը պիտի որ պակաս «խստաշունչ» լինի։ Բերվեցին նաեւ թվեր։ Ճիշտ է, նախարարը խոստովանեց, որ «սա, իհարկե, տեսական բացատրություն է»։

Այն հանգամանքը, որ սոցծառայությունները սոցապ նախարարության ենթակայության տակ չեն, ընտանեկան նպաստի համակարգի ներդրման աշխատանքները պակաս արդյունավետ են դարձնում։ Թեեւ այս ձեւակերպումը համառորեն Գագիկ Եգանյանի սրտով չէր, նա նախընտրում էր «եթե ենթարկվեն մեզ, ավելի արդյունավետ կլինի» ձեւակերպումը։

Սոցապ նախարար Գագիկ Եգանյանը որոշեց մեր աշխատանքն էլ արդյունավետ դարձնել՝ առաջարկելով մեզ, իր բնորոշմամբ, «լակմուսի թուղթ»։ Սա նշանակում է՝ վերցնել 10 նպաստառուի հասցե, գնալ եւ անձամբ ստուգել՝ նրան հասնո՞ւմ է այդ նպաստը, թե՞ ոչ։ Դարձյալ գոնե «Առավոտի» կողմից հավաստիացնենք, որ լրագրողները նախընտրում են գնալ եւ ստուգել նպաստառուների ցուցակից դուրս մնացածներին։ «Առավոտը» առաջիկա շաբաթում նման այցելություններ է ծրագրավորել եւ անհրաժեշտության դեպքում հասցեներ կտրամադրի սոցապ նախարարությանը։

«Առավոտը» մի խոստում էլ է տալիս եւ իր ընթերցողներին, եւ նախարարությանը։ Նոր համակարգի ներդրման եւ ներդրման ժամկետների նպատակահարմարության մասին զրույցները սոցապ նախարարի եւ նախարարության ու սոցիալական ծառայությունների աշխատակիցների հետ գրեթե միշտ անարդյունավետ են լինում։ Մեր եկող շաբաթվա հրապարակումներից մեկում կփորձենք բացահայտել դրա պատճառները։ Կամ անուղղակիորեն «բացահայտել տալ» մեր զրուցակցին։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Այսօր նախարարության կոլեգիայի նիստում կքննարկվի «Պետական նպաստների մասին» օրենքի նախագիծը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728