Լրահոս
Օրվա լրահոսը

«Երազը»՝ որպես դիվանագիտական հարաբերությունների առաջամարտիկ

Փետրվար 13,1999 00:00
eraz

Երեք տարի առաջ, երբ «Մոլորակ» օրաթերթի թղթակից Նիկոլ Փաշինյանը սոցիոլոգիական հարցում էր անցկացրել «Երազի» վարորդների շրջանում, նրանց մեծ մասը իրենց մեքենայի հիմնական հատկանիշը համարել էին «էշի պես ավտո» լինելը։

Հայ մեքենաշինական- կոնստրուկտորական միտքը, թերեւս, ոչ մի այլ բնագավառում այնպիսի ծաղկման եւ բարձունքների չի հասել, ինչպես «Երազ» ավտոմեքենայի կառուցման մեջ։ Ճիշտ է, ոմանք կպնդեն, որ Միկոյանի նախագծած ինքնաթիռները մի քիչ ավելի լավն են, բայց չմոռանանք, որ Միկոյանը Խորհրդային մեծություն է, իսկ «Երազի» կոնստրուկտորները՝ զուտ հայկական։

Վերջին տարիներին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, «Երազ» ավտոգործարանը «էշի պես ավտոներ» արտադրելուց բացի, սկսել է կատարել հստակ արտահայտված դիվանագիտական ֆունկցիա եւս։ Դրա վառ օրինակին ականատես եղանք երկու օր առաջ, երբ Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովի այցելության ժամանակ վերստին պայմանավորվածություն ձեռք բերվեց «Երազ» ավտոգործարանում «Մոսկվիչներ» արտադրելու մասին։ Նախ նշենք, որ վերոնշյալ պայմանագիրը կնքվել է դեռեւս նախորդ տարվա մարտ ամսին՝ «Երազ» եւ «Մոսկվիչ» ավտոգործարանների տնօրենների միջեւ՝ «Ռուս-հայկական առեւտրական տուն» ստեղծելու շրջանակներում, որի երաշխավորը այն ժամանակ Մոսկվայում հանդիսացավ Ռուսաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արկադի Վոլսկին։ Հիշեցնենք նաեւ, որ այն օրերին Մոսկվայում էր գտնվում նաեւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության մի ստվար պատվիրակություն՝ միության նախագահ Արամ Վարդանյանի գլխավորությամբ։ Ըստ այն ժամանակվա պայմանավորվածության, «Մոսկվիչից» առաջին քսան ավտոմեքենաների կոմպլեկտացիաները պետք է Հայաստանում լինեին արդեն ապրիլի սկզբին եւ առաջին քսան ավտոմեքենաները պետք է արտադրված լինեին դեռեւս անցյալ տարվա ապրիլ ամսվա ընթացքում։

Ըստ ՌԱԳՄ տվյալների, կոմպլեկտացիաները ժամանակին հասել են Հայաստան, այսինքն՝ «Մոսկվիչը» կատարել է իր պարտավորությունները, իսկ Հայաստանում առաջին քսան «Մոսկվիչները» դեռեւս չհավաքված վիճակում են, այսինքն՝ հայկական կողմը չի կատարել իր պարտավորությունները։ Իհարկե, դրա համար ոչ Հայաստանի կառավարությանը, ոչ էլ «Երազ» ավտոգործարանի տնօրինությանը «Մոսկվիչի» տնօրինությունը չի «խեղդի» թեկուզեւ այն պատճառով, որ «Մոսկվիչի» գլխավոր տնօրենը ազգությամբ հայ է եւ ամեն կերպ կխուսափի իր հայրենակիցներին նեղություն պատճառելուց, առավել եւս՝ «Մոսկվիչի» համար՝ մի քսան մեքենա այս կողմ-այն կողմ՝ առանձնապես էական չէ։ Դրանից բացի, ցանկացած պահի Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը կարող է դիմել Արկադի Վոլսկու միջնորդությանը, որի կարծիքը «Մոսկվիչում» խիստ հարգի է։ Ինչեւէ, նման պատմություններ երեւի թե իրենց վերջին տարիների կենսագրության մեջ ունեն հայկական գրեթե բոլոր գործարանները, այսինքն՝ կիսակնքված պայմանագրեր, չկատարած պարտավորություններ եւ, իհարկե, շրջափակման հետ կապված տխուր պատճառաբանություններ։

Փաստորեն, երկու օր առաջ Յուրի Լուժկովը պարզապես եւս մեկ անգամ գրանցեց այն փաստը, որ «Երազում» «Մոսկվիչներ» են հավաքվելու։ «Երազ»-ը չլինելով ավտոգործարան, ընդամենը կարող է հավաքման արտադրամասի գործառույթ կատարել՝ ոչ ավելին։ Այդ պատճառով էլ այս գործարանը հանգիստ կարող է հավաքել ինչպես «Մոսկվիչներ», այնպես էլ «ՌԱՖ» ավտոմեքենաներ (ի դեպ, «ՌԱՖ»-ի հետ, ըստ մեր տեղեկությունների, նույնպես նման ինչ-որ պայմանագիր կա տնօրենների պահարաններում պահված), «ԲՄՎ»-ներ, «Մերսեդեսներ» եւ այլն։

Այսինքն՝ գործարանը կարող է պայմանագրեր կնքել ում հետ ուզենա, իսկ տվյալ երկրի նախագահի կամ որեւէ քաղաքագլխի այցելության ժամանակ պատվիրակությունը կայցելի գործարան եւ կուրախանա, որ իրենց մեքենան ուր որ է՝ արտադրվելու է հայկական ավտոգործարանում։ Օրինակ, որքան լավ կլինի, եթե իր նախընտրական արշավի ընթացքում Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը Հայաստան այցելելով, մտնի «Երազ» ավտոգործարան եւ տեսնի, որ չորրորդ արտադրամասում «Մերսեդես-600»-ի պահեստամասերը ուր որ է իրար են կցվելու եւ արտադրվելու է առաջին հայ-գերմանական մեքենան։ Նույնը կարելի է անել «Ջեներալ-Մոտորսի» հետ, քանզի մի գեղեցիկ օր, հաշվի առնելով մեր ստրատեգիական դիրքը, ԱՄՆ նախագահն էլ կարող է իր նախընտրական արշավը սկսել Երեւանից։ Այնպես որ, դիվանագիտական հարաբերությունների զարգացման ասպարեզում մենք տեխնոլոգիական այնպիսի նորույթ ենք մտցնում, որին նույնիսկ Ուինսթոն Չերչիլը կնախանձեր։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728