Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՄՏԱԾԵԼ ՈՒ ԿԱՍԿԱԾԵԼ

Փետրվար 13,1999 00:00
Armentel

Վերջին ամիսներին «ԱրմենՏելի» թեման ամենահրապուրիչն էր մամուլի համար։ Վերջին օրերին այն հրապուրիչ դարձավ նաեւ իշխանության տարբեր թեւերի համար։ Նրանք իրար պարզապես հերթ չեն տալիս: Ավելին, պատվեր (կամ գործ) են տալիս:

Այս ոլորտում պաշտոնապես կատարվող քայլերը որչափ անսպասելի, նույնչափ էլ ակնկալելի էին։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «1994թ. հունվարի 14-ից ՀՀ վարչապետ Ա. Դարբինյանի առաջարկությամբ, ինչպես նաեւ մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա ՀՀ դատախազության կողմից ստուգվում են 1991-98 թթ. ընթացքում հանրապետության բնակավայրերում կապի համակարգի զգալի մասի կազմալուծման պատճառները»։

Ամեն ինչ հրաշալի է՝ մամուլը գրում էր հեռախոսային կապի հանրապետական ցանցի սեփականաշնորհման ընթացքում եղած հնարավոր անօրինականությունների մասին, բայց դատախազությունը բոլորովին այլ գործ է սկսել քննել։ Առաջին հայացքից՝ այդ բոլորովին այլ գործը, թվում է, թե ավելի լայն ընդգրկում ունի։ Դատախազությունը փորձելու է պարզել 91-ից համակարգի կազմալուծման պատճառները։ Փորձելու է եւ հավանաբար կպարզի, որ համակարգը կազմալուծվել է էներգետիկ ճգնաժամի, բլոկադայի եւ համանման այլ պատճառներով։ Դրանք էլ, ինչպես հայտնի է, դիտարկվում են բնական աղետների չափ հիմնավոր պատճառ։ Հանդգնում ենք ենթադրել՝ ուշադրության կենտրոնից դուրս կմնան սեփականաշնորհման, «ԱրմենՏելի» գործունեության ֆինանսական փաստաթղթերի, պայմանագրերի վերլուծությունը։

Հնարավոր է, որ սա էլ իր օբյեկտիվ պատճառներն ունի։ Կկարողանա՞ դատախազությունը մասնագիտական պատշաճ վերլուծության ենթարկել, ասենք, «Սիմենսի» հետ կնքված պայմանագրերը, միանշանակ որոշելով՝ սարքավորումները շուկայական գնից թա՞նկ են գնված, թե՞ ոչ։ Կհաջողվի՞ նրանց այս դեպքում գտնել պայմանագիրը կնքող որեւէ պաշտոնատարի անձնական շահը։ Որքան հաճելի կլինի իմանալ, որ դատախազության համակարգում դեռեւս աշխատում են նման ինտելեկտուալներ, որ նրանք չեն անցել երկրի տնտեսության կառավարողների շարքերը (կամ մասնավոր բանկային համակարգ)։ Ամենեւին նպատակ չունենալով վիրավորել ՀՀ դատախազության աշխատակից քննիչներին, կարելի է ենթադրել, որ նրանցից որեւէ մեկն օտարերկրյա կազմակերպությունների մասնակցությամբ ֆինանսական գործ չի քննել։ «Սիմենսը», մի հայտարարության համաձայն, 70 մլն դոլարի արժողության սարքավորումներ է տրամադրել։ Մեկ այլ պաշտոնատար՝ ուրիշ թիվ է նշում։

Խնդիրը տարբերությունն արձանագրելը չէ, այլ պարզելը դրանց գործարքային (իրական) արժեքը։ Համենայնդեպս, մեր քննչական համակարգով, օրինակ, չեն անցել արտասահմանյան ապահովագրական գործակալությունների փաստաթղթեր։ «Սիմենսի» նման ֆիրման սարքավորումները Հայաստան չէր առաքի առանց ապահովագրության։ Բայց խնդիրը կարող է բարդանալ այն պատճառով, որ ապահովագրությունն իր վրա կարող էր վերցնել հայկական կողմը։ Հետո որոշակի բացատրություն հորինել, թե ինչու է թանկ բեռն էժան ապահովագրել։ Աղքատին խնայողության մեջ մեղադրելը լուրջ չէ։

Բոլոր դեպքերում քրեական գործի մասին ձեւակերպման մեջ կա թույլ դիմադրության ճանապարհով գնալու հնարավորությունը։ Դատախազությանը ծայրահեղ դեպքում կհաջողվի մի քանի տասնյակ քրեական գործեր հարուցել կտրված հեռագրասյուների, գողացված լարերի եւ կաբելների համար։ Այսինքն, արդեն կա «ԱրմենՏելի» գործը «ստոլբեքի» գործ դարձնելու հեռանկարը։

Նույն պաշտոնական հաղորդագրությունը էքստազի հասցնելու աստիճան զմայլելի շարունակություն ունի։ «1999 թ. փետրվարի 5-ին նախապատրաստած նյութերի հիման վրա ՀՀ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը կամ պաշտոնական դիրքն ի չարը գործադրելը) հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ դատախազության քննչական վարչությանը»։ Դատելով հաղորդագրությունից, կարելի է ենթադրել, որ «Իշխանությունը կամ պաշտոնական դիրքը ի չարը օգտագործելը» անունը կրող քրեական գործն անհասցե է հարուցված։ Կամ հարուցված է ոչ մեկի դեմ։

Պետական շահերի պաշտպանության վարչությունը պետության (ու նրա շահերի) նկատմամբ կատարել (ու ավարտել է) իր պարտքը։ Նա գտել է, որ իշխանությունը կամ պաշտոնական դիրքն արդեն ի չարն է գործադրված։ Հերթը հիմա դատախազության քննչական վարչությանն է։ Նրա առջեւ համարյա անլուծելի խնդիր է դրված։ Դժվար, շատ դժվար, համարյա անհնար է լինելու գտնել իշխանությունը կամ իր աթոռի դիրքը ի չարը գործադրողին։ Մի՞թե ՀՀ դատախազությունում կարծում են, որ նմանները կան մեր իշխանավորաց ազնիվ ցեղում։ Մեզ համար դժվար է անգամ ենթադրելը, թե դատախազությունում այդպիսի կարծիք ունեցողներ կան։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728