ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Կարապետյանի եւ նախկին փոխատենապետ Համլետ Դալլաքյանի մամուլի ասուլիսը սկսվեց ուղիղ կես ժամ ուշացումով։ Պատճառը, հավանաբար, այն էր, որ կես ժամ կողքի շենքում գտնվող պարոն Հարությունյանին խնդրում էին մասնակցել ասուլիսին, սակայն նա այդպես էլ չեկավ։ Թերեւս նա համակերպվել է իր պարտությանը, եւ կշարունակի պաշտոնավարել տեղեկատվության եւ գրահրատարակչության պետի պաշտոնում։
Պարոն Դալլաքյանն էլ ասելիք չուներ, նա ընդամենը խնդրեց, որ լրագրողները չխանգարեն իրենց՝ հաշտության եզրեր գտնել Հանրապետական վարչության հետ։ Այսօր տեղի է ունենալու Հանրապետական վարչության կողմից ՀՌԱԿ կանոնակարգի 72 հոդվածի պահանջներին համապատասխան հրավիրված ընդհանուր պատգամավորական ժողով։ Պատգամավորական ժողով է կազմակերպելու նաեւ կուսակցության շարքային անդամների 2/3 ստորագրությամբ, որի կարգը նախատեսում է կուսակցության կանոնակարգի 73 հոդվածի Բ կետը։ Իրականությունն այն է, որ ՀՌԱԿ-ը հերթական անգամ պառակտվում է։ Հերթական անգամ հաղթելու է Հակոբ Ավետիքյանի գլխավորած թեւը, այսինքն՝ նա, ով տիրապետում է ֆինանսական աղբյուրներին։
Հակոբ Ավետիքյանի թիկունքում են կանգնած Երվանդ Ազատյանը եւ Հայկաշեն Ուզունյանը։ Հարություն Կարապետյանն ընդամենը նախագահի խորհրդական է եւ գրահրատարակչության վարչության պետ, որոնք նրան տրվել են որպես ՀՌԱԿ-ին հասանելիք քվոտա։ Տրամաբանական է, որ ատենապետի պաշտոնը կորցնելու եւ ՀՌԱԿ-ում պարտություն կրելուց հետո պահանջ կդրվի քվոտան վերաձեւակերպելու համար։
Ա. Բ.