Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյան «Այսպես գնում են դեպի ոչինչ»

Փետրվար 13,1999 00:00
lili martoyan

Սահմանադրական լեզվով այդ ոչինչը կոչվում է սոցիալական, իրավական, ժողովրդավարական պետություն, որի ճանապարհով գնում ենք արդեն ութ տարի եւ հիմա հասել ենք մի տեղ, ուր ուզենք-չուզենք պիտի կանգ առնենք։ Առջեւում ճահիճ է։ Ով խրվելու մտադրություն չունի, շրջանցելուց առաջ կանգ կառնի մի պահ ու կնայի ետ։

Որտեղի՞ց սկսեցինք։

Ո՞ւր հասանք։

Ի՞նչ կա առջեւում։

Սկսեցինք Շարժումից, հասանք Խեղվածության, գնում ենք դեպի Մեծ ոչինչը։

Երեկ՝ ՀՀՇ-ի հետ, այսօր՝ «Երկրապահի», վաղը՝ ՀՅԴ-ի, եւ որովհետեւ պատմությունը կրկնություն է սիրում, հետո էլ նորից ՀԿԿ-ի հերթը կգա։ Ու բոլորն էլ՝ ազգաշահ ծրագրերով, վեհ նպատակներով, ղարաբաղյան հարցի սեփական լուծումով։ Իրականում Ղարաբաղը վաղուց արդեն դարձել է «ղառի տուզ», որով դրսի ուժերը ներսի ուժերին են «խփում», ներսի ուժերը «խփում» են իրար, ու քաղաքական դաշտը համալրվում է խաղից դուրս նետված «վեցնոցներով»։

90-ին այդ խաղը կոչվեց թավշե հեղափոխություն, 98-ին՝ սահմանադրական հեղաշրջում. վա՞ղն ինչպես է կոչվելու։ «Ուրացողության մեխանի՞զմ», թե՞ «հաշվեհարդարի մեխանիկա»։ Երկուսն էլ իներցիայով գործող մեխանիկական հրեշներ են, որոնց լարովի պտուտակները մի իշխանությունից ժառանգաբար անցնում են մյուսին, ընթացքի մեջ է դրվում քաղաքական կամայականությունների մեքենան, եւ անպատժելիության գործոնը սկսում է անխափան աշխատել։ «Պերպետում մոբիլե»-ի քաղաքական տարբերակն է սա, բոլոր ժամանակների իր երկու անբաժան ուղեկիցներով. Ուրացում եւ Հաշվեհարդար։ Եվ որքան էլ թավշե լինեն հեղափոխություններն ու հեղաշրջումները՝ սահմանադրական, պատմության մշուշից հառնում է դահիճի ու կառափնարանի տեսիլը։ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»։ Ինքնազոհաբերումի այս խելագար պատրաստակամությունը հանճարեղ խենթերի մենաշնորհն է, որ գիտակցաբար գնում են խաչվելու՝ մյուսներին թողնելով մաքրվելու հորթային դատապարտվածությունը։

Բոլոր ժամանակներում կրկնվող իրողություններ կան, որ երբ ուրիշ ազգերի հետ են կատարվում, անվանում ենք օրինաչափություն, երբ նույն փորձության մեջ ինքներս ենք՝ դառը ճշմարտություն ենք դնում անունը։ Դրանցից մեկն էլ պատերազմներից, մեծ աղետներից, հեղաշրջումներից հետո մարդկային բնույթի խեղաթյուրումն է։ Դատապարտված է այն հասարակությունը, որի պոչը գլխից է հոտած, եւ որ կողմից էլ փորձում են մաքրել՝ նեխահոտը փսխուք է դառնում։

Ցավոք, պատմությունը կրկնվում է ոչ միայն դասագրքերում, թեեւ դրանից դասեր քաղելու «տառապանքը» մեր իշխանավոր հայրերը անխոհեմաբար զիջում են իրենց դպրոցահասակ երեխաներին։ Եվ եթե խելոք ազգերը սովորում են ուրիշի «պատմության դասագրքերով», մենք այսօր էլ շարունակում ենք մնալ այն հայտնի «խելոքը», որն իր սխալների վրա էլ չի սովորում։

Ղարաբաղյան կռվով իշխանության եկած տղերքն այսօր կռիվ-կռիվ են խաղում իրար հետ, «մոռանալով» երեխա ժամանակ տատերից լսած պարզ զգուշացումը՝ չար խաղի մեջ արյուն կա։ «Հաշիվ մաքրելու» տղայական ցուցամոլությունը 98-ի փետրվարից այս կողմ քաղաքական ֆարս չէ այլեսւ, այլ քաղաքական հաշվեհարդար, որի նետած «քարն» այս անգամ արնոտելու է ոչ միայն «երկու հանճարեղ գլուխ»։

«Ղարաբաղ» կոմիտեն ու նրա փոքր եղբայր «Կռունկը» ե՞րբ դարձան «սահմանափակ պատասխանատվությամբ փակ բաժնետիրական ընկերություններ»՝ միմյանց մեջ բաժանելով ողջ քաղաքական իշխանությունը՝ իրավատնտեսական բոլոր լծակներով։ Եվ ի՞նչը չկարողացան բաժանել, որ հիմա բաժան-բաժան կանգնել են իրար դեմ, ու խաչաձեւվող կրքերի բախումը հայի-թուրքի կռիվ է հիշեցնում։ Քավության նոխազնե՞ր են պետք՝ քաղաքական ապականումի այս ողջ բեռն իրենց ուսերին վերցնելու եւ մյուսներին խաղից չոր դուրս բերելու համար։

Այդպես չի լինում։ Նույնիսկ պատմության դասագրքերում այդպես չի լինում, ուր մնաց՝ կենդանի պատմության մեջ, որի ականատես-ընթերցողն ու ունկնդիր-գրողն ենք բոլորս։ Եվ ամեն մեկն իր գրածի չափով է պատասխանատու պատմության առաջ։

Մանավանդ՝ հիմա, երբ եկել-հասել ենք մի տեղ, որտեղից ոչ հետ դառնալ կարող ենք, ոչ առաջ գնալ։ Շրջանցել է պետք։ Հիմա կանգնած ենք։

Հիմա ժամանակ կա մտածելու։

Դեռ կա։

ԼԻԼԻ ՄԱՐՏՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728