Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԿԱԾՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Փետրվար 13,1999 00:00
Aghvan Hovsepyan

Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ երեկ հանդիպեց դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստից անմիջապես հետո։ Բնականաբար, հարցերի հարցը Արծրուն Մարգարյանի հետ կապված առկա 2, մի դեպքում դատախազության նախնական՝ ինքնասպանության եւ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված սպանության վարկածներն էին։

Այդ կապակցությամբ գլխավոր դատախազն ասաց. «Ա. Մարգարյանը անբասիր աշխատանքով ապրող անձնավորություն էր, չուներ մասնակցություն որեւէ տնտեսական, մասնավոր ձեռնարկատիրական գործունեության մեջ։ Իր աշխատանքով ապրող անձնավորություն էր», դրանով իսկ ժխտելով տնտեսական գործոնի առկայությունը։ Նա հայտնեց, որ սպանության բացահայտման մեջ ներգրավել են քննչական վարչության 18 քննիչ եւ որ կարճ ժամանակահատվածն էլ գրեթե հնարավորություն է ընձեռնել «ֆիկսելու հանցագործության հետ կապված հետքերը, նշանակելու առանձին փորձաքննություններ»։

Ինչ վերաբերում է «տարաձայնությանը»՝ նախաքննության մարմնի եւ ՆԳ նախարարության միջեւ վարկածների առումով, Ա. Հովսեփյանը ժխտեց, որ տարաձայնություն կա «եւ որ ձեռք բերված տվյալները, քիչ լինելու պատճառով, կարող էին առաջ քաշել մի շարք վարկածներ։ Երեկ, այսօր աշխատանքներ են կատարվում Ա. Մարգարյանին դիտավորյալ սպանության վարկածը ստուգելու ուղղությամբ»։ Թիկնապահների համար էլ տեղեկացրեց, որ նրանք շարունակում են ձերբակալված մնալ (ըստ քննչական վարչության պետի հեռուստաելույթի՝ թիկնապահները տվել էին հակասական ցուցմունքներ, որն էլ հիմք էր տվել նրանց ձերբակալելու), եւ նրանց հետ էլ կատարվում են քննչական գործողություններ։

Այն հարցին, թե գլխավոր դատախազն ուղղակի կապ տեսնո՞ւմ է մեկ տարի առաջ Ա. Մարգարյանի դեմ կազմակերպված մահափորձի եւ վերջին դեպքի միջեւ, Ա. Հովսեփյանը պատասխանեց. «Ես չէի ասի, թե դա սպանության փորձ էր։ Ուղղակի մարմնական վնասվածք էին պատճառել Ա. Մարգարյանին, կրակել էին ոտքին»։ Իմիջիայլոց, այդ գործն առ այսօր բացահայտված չի եղել, չնայած, որ գործը գտնվել է հատկապես կարեւոր գործերի քննիչի վարույթում։ Եվ, ըստ դատախազի էլ. «Բոլոր հնարավոր քննչական, օպերատիվ, որոնողական միջոցառումները կատարվել են»։ Ցավ հայտնելով, որ գործը մնացել է չբացահայտված, նա շարունակեց. «Առայժմ այս կապը հաստատող որեւէ տվյալ ձեռք չենք բերել»։

Կոոպերատիվ դատախազությո՞ւն

Ինչպես է վերաբերվում Վանո Սիրադեղյանի՝ ՆԳ նախարար, քաղաքապետ աշխատած ժամանակաշրջանի գործունեությունն ուսումնասիրող նորահայտ հանձնախմբին, տեղյա՞կ է արդյոք այդ մասին, «Առավոտի» հարցին գլխավոր դատախազը պատասխանեց.

«Կարդացի թերթում, տեղեկացա այդ մասին, որ կա իրոք նման կառույց։ Առ այսօր, պետք է ասեմ, որ որեւէ քաղաքացուց դեռ դիմում չենք ստացել։ Քաղաքացին իրավունք ունի դիմելու բոլոր կառույցներին։ Ուրիշ խոսք, երբ այդ կառույցները, ստանալով քաղաքացու դիմումները եւ կարդալով բովանդակությունը՝ պարտավոր են դիմումներն ուղարկել այն մարմիններին, որոնք ի պաշտոնե պարտավոր են զբաղվել վերը նշված փաստերով։ Եթե կա հանցագործության մասին հաղորդում, ուղարկել նախաքննության»։ Դրան հետեւեց դատախազության լրատվության հարցերի պատասխանատու Գ. Ամբարյանի ռեպլիկը՝ «եթե իհարկե կոոպերատիվ դատախազություն չստեղծեն»։ Ա. Հովսեփյանն իր հերթին լուրջ-լուրջ հավաստիացրեց. «Չէ, իրավունք չունեն»։

Բուդոյախառն

Լուրերն այն մասին, թե Ռոմեն Ղազարյանը Մոսկվայում հայտնաբերվել է եւ բերվել Հայաստան, պրն դատախազն ասաց, թե այդ առումով ինքը որեւէ տվյալ չունի։

ՆԳ ծառայության գնահատականի մասին

Ա. Հովսեփյանը դրական գնահատեց ՆԳ եւ ԱԱ ծառայությունների աշխատանքը հանցագործությունների բացահայտման ուղղությամբ. «Այն, որ մենք հայտարարում ենք, որ բացահայտվել են նախորդ տարիների բազում հանցագործություններ, դա արվել է ՆԳ, հատուկ ծառայությունների հետ համատեղ»։ Տեղեկացրեց նաեւ, որ գալիք շաբաթ դատարան է ուղարկվելու Գարսեւան Թադեւոսյանի քրեական գործը, որի քննության ընթացքում բացահայտվել է 4 դիտավորյալ սպանություններ՝ Աշտարակի շրջանում կատարված։

Նախնադար

Հայաստանը գտնվում է, իրոք, նախնադարյան համայնական կարգերի մակարդակին, հանցագործությունների բացահայտման ընթացքում, գիտատեխնիկական միջոցների կիրառման առումով։ Աղվան Հովսեփյանը հայտնեց նաեւ, որ մեր քննիչները «գրիչից ու թղթից բացի՝ ուրիշ ոչինչ չունեն»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728